Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակուա (վամակուա, մակվա, մակոանե, նգուրու), Աֆրիկայի հարավային մասում բնակվող ազգ։ Ապրում են Մոզամբիկում, Մալավիում, Տանզանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Զիմբաբվեում[1][2]։

Բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուա ազգի աշխարհագրական տեղաբաշխումը

Մակուան բանտու խմբի ազգ է Մոզամբիկի կենտրոնական շրջաններում (Լուժենդա գետից հարավ՝ մինչև Զամբեզի գետի ստորին հոսանքը) և Մալավիի ու Տանզանիայի հարևան շրջաններում։ Մակուաները մոտ են լոմուեներին (արևմտյան մակուա), նգուլուներին (արևելյան մակուա), չուաբոներին։ Նրանց էթնոնիմն է՝ մակուա, վամակուա, մակվա, մակոանե, նգուրու[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզամբիկում բնակվում է մակուա ազգի 6,9 միլիոն, Մալավիում՝ 1,3 միլիոն, Տանզանիայում՝ 300 հազար ներկայացուցիչ։ Ոչ մեծ խմբեր ապրում են նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում (15 հազար մարդ) և Զիմբաբվեում (25 հազար մարդ)։ Բնակչության ամբողջ թիվը կազմում է 8 550 000 մարդ[4]։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց լեզուն իմակուան է (մակուա), բարբառները՝ մեդո, լոմվե[5]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուա, Մոզամբիկ

Մակուաները պահպանում են ավանդական հավատքը, կան մահմեդական սուննիներ և քրիստոնյաներ, մեծամասամբ կաթոլիկներ են։ Մոզամբիկի ներքին շրջաններում պահպանվել է բնության ոգիների պաշտամունքը (անձրև գալու արարողություն), կախարդանքը[4][6]։

Ավանդական կենցաղավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուաները զբաղվում են անտառահատման-կրակային ձեռքի երկրագործությամբ, (մանիոկ, սորգո, բրինձ, լոբազգիներ, բանան), մանր եղջերավոր անասունների և թռչունների բուծմամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ։ Մեծ դեր է խաղում արտագնացությունը դեպի տնկադաշտեր, հանքեր և քաղաքներ։ Արհեստներից զարգացած է փայտամշակումը, ռաֆիայի (արմավենի) թելիկներից կարմիր և սև գույնի երկրաչափական նախշերով գործվածքների պատրաստումը։

Ավանդական սոցիալական կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուաները բաժանվում են ցեղախմբերի՝ ըստ մայրական ծագման։ Ընտանիքը մեծ է։ Ամուսնությունը մայրական տեղայնացում ունի (ապրում են մայրական ծնողների հետ)։ Հիմնական բաղկացուցիչ մասը կազմում են գյուղական համայնքները[4]։

Ավանդական կացարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուաների մեծամասնությունն ապրում է շրջանաձև հատակագծով ոչ մեծ գյուղերում։ Տները կլոր են՝ ծղոտից և արմավենու տերևներից պատրաստված բարձր կոնաձև տանիքներով, տնտեսական կառույցները հյուսված են ճյուղերով և կավածեփ։ Ծովափնյա շրջաններում հիմնականում տարածված են երկթեք կտուրներով ուղղանկյունաձև տները: Տնկարանները շրջապատված են խուլ ցանկապատներով։ Մակուաների մի մասն ապրում է քաղաքներում, զբաղվում արհեստներով և առևտրով։

Ավանդական հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխառվել է սվահիլիից․ տղամարդիկ կրում են հալաբեա, վարտիք, սանդալներ և դեկորատիվ բամբակյա գլխարկ, իսկ կանայք՝ վառ գույնի թիկնոց և երկար զգեստ[4]։ Գյուղական համայնքներում տղամարդիկ կրում են միագույն կտորից պատրաստված հագուստ, որը ծածկում է մարմինը գոտկատեղից մինչև ծնկները, իսկ կանայք՝ երկու կտորից բաղկացած (գոտկային և կրծքային) հագուստ։

Ավանդական սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուաները հիմնականում օգտագործում են բուսական սնունդ (շիլա` մանրացված հատիկներով և բանջարեղենային ամոքանքով), ձուկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anthony Appiah; Henry Louis Gates (2010). Encyclopedia of Africa: Kimbangu, Simon - Zulu, Volume 2. Oxford University Press. էջ 116. ISBN 978-0-19-533770-9.
  2. Godfrey Mwakikagile (2013). Africa at the End of the Twentieth Century: What Lies Ahead. New Africa Press. էջեր 136–137. ISBN 978-9987-16-030-3.
  3. Hilary C. Palmer; Malyn D.D. Newitt (2016). Northern Mozambique in the Nineteenth Century: The Travels and Explorations of H.E. O’Neill. BRILL Academic. էջ 223 with footnote 17. ISBN 978-90-04-29368-7.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Лукин 1998: 35
  5. Lomwe, MAKHUWA-MACA, MAKHUWA-MAKHUWANA, MAKHUWA-METTO, MAKHUWA-SHIRIMA, Ethnologue
  6. An official census is unavailable. Various sources estimate it as follows: (a) 66% The Makua of Mozambique, (b) 71% Makua, (c) 67% Makua, Makhuwa-Meetto in Mozambique

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лукин М. Макуа // Народы и религии мира / Глав. ред. В. А. Тишков. М.: Большая Российская Энциклопедия, 1998. С. 35 - 36.
  • Макуа // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.