Մասնակից:Մենուհի Եգանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեզուն կտրած ծիտիկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզուն կտրած ծիտիկը, ճապոնական հեքիաթ՝ թարգմանված Հովհաննես Թումանյանի կողմից:

Թումանյանը հեքիաթագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի արձակ գործերի շարքում իրենց կարևոր տեղն ունեն հեքիաթները: Թումանյանը իբրև հեքիաթագիր նույնպես մեծ նորություններ է բերում: Նա, առավելապես հետևելով Պուշկինի օրինակին ու նրա ստեղծած տրադիցիաներին, պահպանում է ռեալիզմը նաև հեքիաթագրության մեջ: Նա գերազանցապես գրում է իրապատում հեքիաթներ և կարելի է ասել, որ այդ տեսակի հիմնադիրն է հայ գրականության մեջ:

Թումանյանը, ժողովրդական հեքիաթի բազմաթիվ տարբերակներ համեմատելով, ամեն կերպ ձգտում էր բացահայտել նրա բուն էությունը և զտել խորթ ու անհարիր մոտիվներից:

Թումանյանը, եթե նկատի չունենանք 1894 թ. տպագրված «Անխելք մարդը», իր մյուս բոլոր հեքիաթները գրել է 1907-1914 թթ., այսինքն ստեղծագործական կատարելության տարիներին: Թեպետ դրանցից մեծ մասը գրված են դպրոցական տարիքի ընթերցողների և դասագրքերի համար, բայց միևնույն է, իրենց բարոյական խորհրդով ու կյանքի ճանաչողության իմաստով մեծերին էլ կարող են գեղագիտական մեծ հաճույք պատճառել:

Թումանյանի բոլոր հեքիաթները հարուստ են գործողությամբ և սյուժեի վերին աստիճանի աշխույժ ու համակող զարգացման ընթացք ունեն: Նաև գործողության ձևի դրամատիկականացումը, դիալոգնեի առատությունը պետք է որ դպրոցական տարիքի երեխաների համար արտակարգ հետաքրքրական ու սիրելի դարձնեն գործը:[1]

Մենուհի Եգանյան/Ավազարկղ
Բնագիր լեզուՀայերեն


Արևելքը Հովհաննես Թումանյանի ստեղծագործական աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի ստեղծագործության արևելյան մոտիվների մասին շատ է խոսվել հայ գրականագիտության մեջ ինչպես անցյալում, այնպես էլ մեր օրերում: Հարցը սովորաբար թեքվում է այն կողմը, թե բանաստեղծը, դժգոհ լինելով արևմտյան հաշվենկատ բարքերից, «անարատ» մարդու և մաքուր բարոյականի իդեալը որոնում է Արևելքի նախնական կացութաձևում: Այդ պահը, իհարկե, կա, և դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները:

Արևելքի գրականությունը Թումանյանն, իհարկե, ռուսական աղբյուրների միջոցով ծոնոթ էր դեռևս երիտասարդության տարիներից: Բայց ծրագրավորված ստեղծագործական հետաքրքրությունը արևելյան քաղաքակրթության ու մշակույթի հանդեպ սկսվել է համեմատաբար ուշ: Արևելյան մշակութային աշխարհի հետ Թումանյանի ստեղծագործական շփումները սրսևորվել են գլխավորապես թարգմանությունների ու փոխադրությունների ձևով, որոնց բնօրինակների մեջ հայ բանաստեղծը ոչ միայն գտել է իրեն հոգեհարազատ իմացական ու բարոյական արժեքներ, այլև տեսել ու ճանաչել ինքն իրեն:

Արևելյան հեքիաթային մշակույթի հետ նա կապվում է հատկապես արաբական, ճապոնական, հնդկական բանահյուսական ավանդույթների միջոցով:[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնականից փոխադրել է «Լեզուն կտրած ծիտիկը»՝ ձեռքի տակ ունենալով ռուսերեն տարբեր թարգմանություններ և ճապոներեն բնօրինակի ճոխ նկարազարդումները, որոնք օգտագրոծվել են հայերեն հրատարակության մեջ: Հետաքրքիր է, որ հրատարակության հովանավոր իշխանուհի Մարիամ Թումանյանը հեքիաթը այնքան էլ հարմար չի համարում մանուկ ընթերցողների համար՝ ասելով, թե չար պառավի կողմից ծտի լեզուն կտրելը նրանց վրա ճնշող տպավորություն կարող է թողնել: Մինչդեռ Թումանյանը հեքիաթի հրատարակչին գրում է.

«Դա մանկական ամենալավ հեքիաթներից մինն է, իսկ նկարները կարծեմ իրենց նմանը դեռ չեն ունեցել հայոց մանկական գրականության մեջ»։
- Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 5-րդ,էջ 343

Եվ իրոք, չարի և ագահության պատժվելը, դրան հակառակ՝ բարու և անշահասիրության հատուցումը արժանի շնորհակալությամբ, որ մշտապես հոլովվում է Թումանյանի դավանած բարոյական արժեքների շարում, շատ ավելի դրական հույզեր կարող են առաջ բերել մանկական ներաշխարհում, քան պառավական չարությունը՝ ճնշող տպավորություն:[2]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի չար պառավ սպիտակեղենը օսլայում է: Հարևանի ծիտը գնում է, օսլան կտցահարում: Պառավը ծտի լեզուն կտրում է: Հարևանուհին իմանում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են, իր մարդու հետ գնում է ծտին փնտրելու: Շատ փնտրելուց հետո գտնում են լեզուն կտրած ծիտիկին, ծիտիկը տեսնում է,որ իրեն տեսնելու են եկել տերն ու տիրուհին, շատ է ուրախանում և նրանց համար սեղան է գցում: Երբ պառավները  ցանկանում են գնալ, ծիտիկը երկու զամբյուղ է նրանց տալիս, մեկը՝ ծանր, մյուսը՝ թեթև: Նրանք թեթև զամբյուղն են վերցնում, տանը բացում են, տեսնում մեջը լիքը արծաթ, ոսկի, անգին քարեր, թոփերով մետաքսեղեն: Այս մասին իմանում է ծիտիկի լեզուն կտրած չար պառավը և գնում է ծիտիկի մոտ: Ծիտիկը նրան էլ է երկու զամբյուղ առաջարկում, բայց պառավը ծանրն է վերցնում: Տանում է տուն, բացում թե չէ, դուրս են թափում անճոռնի չար ոգիները, տեղնուտեղը խեղդում չար պառավին:[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես թումանյանի ստեղծագործությունը. Երևան: Սովետական գրող հր.
  2. 2,0 2,1 Գևորգյան, Լիլիթ (2019). Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը. Երևան: Հյուսիսային համալսարանի հր. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  3. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ«Գիտություն» հր. էջեր 267–268.