Մասնակից:Հռիփսիմե Կոստանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաղափարագրությունը գրականության մեջ, ամբողջական բառ կամ բառի մեծ մասի նշանագրումը գրականության մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է նշել այն ժամանակաշրջանը, թե երբ են տիեզերագիտական ու տոմարագիտական այս գաղափարանշանները մուտք գործել հայ մատենագրություն: Դժբախտաբար, առկա մատենագիտական տվյալները հնարավորություն չեն տալիս պատասխանելու այդ հարցին: Կարող ենք ենթադրել, որ դրանց գործածությունը հայ իրականության մեջ վաղ ժամանակներից է սկսվում, հավանաբար՝ հեթանոսական ժամանակաշրջանից, իսկ հետագայում ավանդաբար անցել ու մուտք է գործել մաշտոցյան մատենագրություն:

Ենթադրություններ են եղել, որ Հայաստանում հեթանոսական շրջանում քրմերի համար օրացույց են ծառայել բրոնզե գոտիները: Հողային աշխատանքների ժամանակ նման մի գոտի է գտնվել 1946 թ. Սանահինում: Գոտու վրա փորագրվածշ են արևի, լուսնի, ձիու և թռչունների պատկերներ, եռանկյունիներ և այլ գծանկարներ: Աստղագետ Բ. Թումանյանը և հնագետ Հ. Մնացականյանը հանդես են եկել հատուկ հաղորդումով և անվերապահ ընդունել այս գոտու օրացույց հանդիսանալը:

Հայաստանում աստղագիտական նշանագրության՝ վաղ շրջանում գործածության մասին դրական կարծիք են հայտնել աստղագետ մի շարք մասնագետներ (ֆրանսիացի հայտնի աստղագետ Կ. Ֆլամիրոնը, անգլիացի տոմարագետ Ա. Բերրին, ռուս աստղագետ Վ. Ռոսովսկայան և ուրիշներ): Նրանցից ոմանք նույնիսկ ենթադրում են, որ աստղագիտական գաղափարանշանների, մասնավորապես համաստեղության գաղափարանշանների, նախնական հայրենիքը պետք է փնտրել պատմական Հայաստանում:

Աստղագիտության լավագիտակ մասնագետ Վ. Տ. Օլկոտտը, խոսելով համաստեղության նշանագրերի գործածության մասին վաղ շրջանում, գրում է.

Աստղաբաշխության տվյալները համապատասխանում են պատմական ու հնագիտական ուսումնասիրություններին այն բանում, որ համաստեղությունների հնագույն ձևերը հորինող մարդիկ, հավանաբար, ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաև՝ Արարատ լեռան մոտիկ շրջաններում:

Այնուհետև քննության առնելով համաստեղության նշաններն առանձին-առանձին, նա եկել է հետևյալ եզրակացության.

Նկատելի է, որ համաստեղությունները պատկերող ձևերի թվում բացակայում են հետևյալ կենդանիները՝ փղերը, ուղտերը, գետաձին, կոկորդիլոսը և վագրը. դրա համար էլ մենք կարող ենք հաստատել, որ ոչ Հնդկաստանը, ոչ Արաբիան և ոչ էլ Եգիպտոսը չեն կարող լինել այն վայրը, ուր ծնվել է երկնային սֆերայի գաղափարը: Հունաստանը, Իտալիան և Իսպանիան մենք կարող ենք դուրս հանել այդ ցանկից այն պատճառաբանությամբ, որ համաստեղությունների թվում գոյություն ունի առյուծի պատկերը: Այսպիսով, հարցին զուտ տրամաբանորեն մոտենալով, մենք կարող ենք հաստատել, որ աստղային պատկերների հայրենիքը կարող են լինել Փոքր Ասիան և Հայաստանը, այսինքն այն վայրը, որը սահմանափակված է Սև, Միջերկրական, Կասպից և Եգեյան ծովերով:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմարական և տիեզերական գաղափարանշանները մեզանում միատեսակ չեն. ժամանակի ընթացքում ենթարկվել են զգալի փոփոխությունների, թեև դրանց հիմնական կմախքը մնացել է անփոփոխ և քիչ է տարբերվում մյուս ժողովուրդների մատենագրության մեջ գործածված նույն գաղափարանիշերից: Հայկական այդ գաղափարանիշերի նմանությունն առանձնապես մեծ է հունական նշանագրության հետ:

Հայ մատենագրության մեջ պահպանված տոմարական և տիեզերագիտական նշանագրությունը բազմիցս հրատարակված է և հայտնի մասնագետներին: Դրանց փոքրիկ մի ցանկ հրատարակեց աստղագիտության պատմաբան Բ. Թումանյանը: «Նշանագիրք իմաստնոցների» մեջ ավանդված գաղափարագրերի մեծ մասը հրատարակվել է Հ. Աճառյանի և այլ հեղինակների կողմից:

Այս գաղափարանշանների գործածության հիմնական նպատակը գաղտնագրությունն է: Հաճախ պատահում է, որ արհեստագործական որոշ բնագրեր գրի են առնվում նույնիսկ ծածկագիր նշաններով: Մասնագետ վարպետը չի ցանկանում, որ իր արհեստի գաղտնիքները հայտնի դառնան բոլորին: Ալքիմիական մի ձեռագրում գրիչը արվեստի գաղտնապահության մասին թողել է հետևյալ դիտողությունը. «Վարդապետք և երգողք արուեստիս այս մթին և տարակուսանօք խօսեալ են, զի եթէ յայտնի և պարզ խօսեալ էին՝ ամենեքեան իմանային և ուսանէին, և արուեստս այս անարժան լինէր: Եւ կամ պատճառ մի այլ կա. զի մի ոք զկնի իմաստնասիրացն ընթեռնոյր և իմանայր և ուսանէր, և վասն նախանձու այրէր կամ կորուսանէր և զինքն իմաստուն ցուցանէր»:

Ալքիմիական որոշ բնագրերում արհեստագործական նշված յոթը նյութերը գործածված են ո՛չ թե գաղափարանշաններով, այլ՝ Արեգակի, Լուսնի և յոթը մոլորակների փոխադարձված անուններով՝ հայերեն կամ արաբերեն: Դրանք ունեն իրենց հոմանիշները.

Ոսկի Արև Շամս
Արծաթ Լուսին Ղամեր
Երկաթ Հրատ Մառեխ
Սնդիկ Փայլածու Օտարիտ
Պղինձ Արուսեակ Մուշտարի
Անագ Լուսնթագ Զոհրե
Արճիճ Երևակ Զոհալ

Գաղափարանշանների չորրորդ խումբը հանդիպում է ախտարական բնագրերում, մասնավորապես հմայիլների մեջ: Այստեղ դրանք հանդես չեն գալիս միայն առանձին նշանագրերով, այլ՝ ամբողջական բնագրերով, որոնց իմաստը դեռ բացահայտված չի:

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռագրերում և հնատիպ գրականության մեջ մեկ-մեկ հանդիպում են նաև գաղափարանշաններ (հիերոգլիֆ նշաններ): Դրանք մեծամասամբ գործածվում են տոմարական, տիեզերագիտական, ալքիմիական և ախտարական գրականության մեջ: Այդ գաղափարանշանների մի մասի նշանակությունը պարզված է, հայտնի են նրանց վերծանությունները, իսկ մյուս մասի՝ գլխավորապես ախտարական գրականության մեջ գործածված նշանագրերի իմաստը դեռ մնում է չբացահայտված:

Տոմարական և տիեզերական բովանդակություն ունեցող հայկական բնագրերում գրեթե միշտ նշանագրերով են գրվում «արեգակի», «լուսնի», «աշխարհի», «երկրի», «երկնքի», «աստղի», հինգ մոլորակների (Հրատ, Փայլածու, Լուսաբեր, Լուսնթագ, Երևակ) և տասներկու համաստեղության անունները (Խոյ, Ցուլ, Երկվորյակ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս և Ձուկ): Քիչ կարելի է հանդիպել տիեզերագիտական և տոմարական ձեռագրերի կամ հնատիպ բնագրերի, որոնց մեջ նշված անունները գրված չլինեն գաղափարանշաններով: Տարվա չորս ժամանակները ցույց տվող գաղափարագրերը (գարուն, ամառ, աշուն, ձմեռ), աշխարհագրական չորս կողմերի գաղափարագրերը (արևելք, արևմուտք, հարավ, հյուսիս) և նմանատիպ այլ գաղափարագրեր բնագրերում համեմատաբար քիչ են գործածված:

Ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ վաղ քրիստոնեական մի շարք գործիչներ քիչ ջանք ու եռանդ չեն գործադրել հեթանոսական վերապրուկները արմատախիլ անելու ուղղությամբ, այդ թվում նաև արգելելու հմայագրությունը: Հայ եկեղեցու մի քանի աչքի ընկնող գործիչներ հատուկ աշխատություններ են գրել ընդդեմ բախտագուշակների, կախարդությամբ ու մոգական բժշկությամբ զբաղվողների և հմայագրությամբ պարապող գրբացների:

Մատենադարանի «Հմայիլ»-ները, դժբախտաբար, շատ հին չեն. հնագույնը՝ 1499 թվականից է, մյուսները՝ 17-18-րդ դարերից, ուստի եթե անգամ անվերապահ ընդունելու լինենք, որ նրանք նախամեսրոպյան գրության նմուշներից են, դարձյալ դժվար կլինի նրանց մասին ճիշտ պատկերացում կազմել, քանի որ այդ նույն «Հմայիլ» գրող անձինք ևս չեն հասկացել նշանագրերի նշանակությունը և դարերի ընթացքում ձեռքից ձեռք արտագրելու ժամանակ զգալի փոփոխությունների են ենթարկվել: Հմայագրության մեջ ուշ դարերում մուծվել են հայկական տառանիշեր:

Հմայիլների նշանագրությամբ զբաղվող Լ. Խաչիկյանը չի փորձել հմայագրերը համեմատության մեջ դնել «Նշանագիրք իմաստնոցի» գաղափարագրերի հետ, որը կարևոր է նրանց ազգակցությունը և փոխազդեցությունը պարզաբանելու տեսանկյունից: Ուսումնասիրությունից պարզվեց, որ հմայագրերի մեջ կան 33 նշանագրեր, որոնք իրենց նմանաձև երկվորյակներն ունեն «Նշանագիրք իմաստնոցներում»: Այդ նմանությունների հիման վրա չի կարելի հապճեպ ու անվերապահ եզրակացություններ անել նրանց նույնության մասին, քանի որ որոշ նշանագրերի նմանությունը կարող թ պատահական և խաբուսիկ լինել: Տարբեր կարող է լինել նաև նրանց իմաստը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Աբրահամյան Ա. Գ., Հայոց գիր և գրչություն, Երևան, ԵՊՀ հրատ., 1973, 374 էջ:
  2. Լուկոտկա Չ., Գրի զարգացումը, Երևան, Հայպետ. հրատ., 1955, 360 էջ:
  3. Հայկական սովետական հանրագիտարան, հտ. 2, Երևան, 1976: