Մասնակից:Գրիգորի 2004/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արձանագրագիտություն, օժանդակ պատմական դիսցիպլին, որի նպատակն է հավաքել և ուսումնասիրել ժայռերի, ճարտարապետական հուշարձանների, մետաղե և կավե իրերի վրա եղած արձանագրությունները։ Հին ու միջնադարյան ժողովուրդների գրերով և լեզվով պահպանված արձանագրությունները առատ նյութ են տալիս անցյալի քաղաքական, սոցիալ–տնտեսական և գաղափարական կյանքի վերաբերյալ։ Արձանագրագիտությունը սկիզբ է առել Վերածնության դարաշրջանում։ Հիմնադիրն է իտալացի Կիրիակո Անկոնացին (1391-1452 թվականներին)։ Արձանագրագիտություն իսկական զարգացում է ապրել 19-րդ դարի կեսին, երբ հավաքված նյութերի մեծ ծավալը, բազմալեզու և բազմագիր բնույթն այն ճյուղավորեց ըստ մի քանի մասնավոր բնագավառների՝ գրերի սիստեմների և լեզուների։ Արձանագրագիտությունը հիմնականում զբաղվում է.

Առաջին խնդրի լուծմանը մեծապես նպաստեցին երկլեզվյան և եռալեզվյան արձանագրությունների հայտնաբերումը, ինչպես՝ Դարեհ I-ի Բեհիսթունի արձանագրությունը և Ռոզեթյան քարի արձանագրությունը։ Սրանցում եղած լեզուներից մեկի ծանոթ լինելը և նրանում հատուկ անունների առկայությունը բանալի տվեցին անհայտ լեզվի վերծանման համար։ Երկրորդ խնդիրը լուծվում է մեռած լեզվի հիման վրա առաջացած կենդանի լեզվի աստիճանական զարգացման ուսումնասիրությամբ։ Եգիպտական հիերոգլիֆ (վերծանել է ֆրանս․ լեզվաբան Ֆրանսուա Շամպոլիոնը), սեպագիր, սեմական, հնդկական և այլ արձանագրությունները սկսեցին հրատարակվել 19-րդ դարերում, իսկ հունարենը և լատիներենը ավելի վաղ՝ 17-րդ դարում։ ՀՀ–ում ուսումնասիրվում են հին (ուրարտերեն, հունարեն, լատիներեն ևն) և միջնադարյան արձանագրությունները։ Հայ արձանագրագիտություն սկզբնավորվում է 19-րդ դարում։ Հայաստանում արձանագրությունների հավաքման և ուսումնասիրման գործին առաջին անգամ ձեռնամուխ է եղել Ներսես Աշտարակեցին։ Մինչև 19-րդ դարի կեսը լույս են տեսել Մ․ Բժշկյանի, Հ․ Շահխաթունյանցի, Ս․ Ջալալյանցի արձանագրագիտական աշխատությունները, որոնց հետագայում հետևեցին ավելի ընդարձակ ուսումնասիրություններ։