Մասկուլինիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասկուլինիզացիա (լատին․՝ masculinսm - արական), արականացում, էգ կենդանիների կամ կանանց օրգանիզմում արական սեռին հատուկ հատկանիշների առաջացում։ Կանանց մասկուլինիզացիայի բնորոշ ձևերը պայմանավորված են պտղի մակերիկամների կեղևի անդրոգենային բնածին գերֆունկցիայով և գլյուկոկորտիկոստերոիդ հորմոնների (հատկապես կորտիզոլի) անբավարարությամբ (այսպես կոչված, ադրենո-գենիտալ սինդրոմ)։ Անդրոգեն հորմոնների ազդեցության ներքո պտղի արտաքին սեռական օրգանները զարգանում են արական տիպի, ներքին սեռական օրգանները (արգանդ, ձվարան) ետաճում են (կեղծ հերմաֆրոդիտիզմ)։

Երբեմն այս ձևը կարող է դրսևորվել ավելի ուշ՝ պատանեկան, երիտասարդական շրջանում, դեմքը մազակալում է՝ ձայնը կոպտանում, դաշտանային ցիկլը խանգարվում։ Մասկուլինիզացիան կարող է զարգանալ նաև ձվարանների կամ մակերիկամների անդրոգեն հորմոններ արտադրող ուռուցքների դեպքում, ինչպես նաև կանանց սեռական օրգանների (հատկապես արգանդի) և կրծքագեղձի ուռուցքների ու նրանց մետաստազների տարածումը կանխելու նպատակով արական հորմոնների (տեստոստերոն) տևական օգտագործումից։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասկուլինիզացիա» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 270