Մանուկ Թորոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանուկ Թորոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 4, 1864 |
Ծննդավայր | Խաստուր |
Մահացել է | օգոստոսի 4, 1958 (94 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Մանուկ Հարությունի Թորոյան (Թորոյենց Մանուկ, մայիսի 4, 1864, Խաստուր - օգոստոսի 4, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ վիպասաց, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Խաստուր գյուղում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Մանուկը, համագյուղացիների հետ, թողել է իր ծննդավայրը և գաղթել Արևելյան Հայաստան։ Սկզբում խաստուրցիները բնակություն են հաստատում Կոտայքի շրջանի Զառ գյուղում, ապա Սարդարապատի շրջանի Ուզունօբա գյուղում։ Այստեղից Մանուկը իր եղբայրների հետ փոխադրվում է Երևան։
1922 թվականին Հայաստանի Պարժողկոմատի գումակում աշխատել է որպես սայլապան, 1923-1931 թվականներին՝ բեռնակիր Երևանի կայարանում։ 1931 թվականից անցել է կենսաթոշակի։ Մանուկն անտառաճանաչ էր։ Ճիշտ է, 1931 թվականին անգրագիտության վերացման խմբակում նա տառաճանաչ էր դարձել, բայց շուտով մոռացել էր սովորածը։ Դրա փոխարեն ունեցել է բացառիկ հիշողություն։
«Սասնա ծռեր» հայ էպոսի տասը լավագույն պատումներից մեկի հեղինակը Մանուկ Թորոյանն է (գրի է առել մեծագույն հայագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը, 1932 թվականին)։ Մանուկը «Դավթի պատմությունը» լսել է հայրենի Խաստուր գյուղում, հեքիաթասացներ Ռես Գսպոյից և Վարդանե Քոչեից։ Վեպը նա համարել է ոչ թե հեքիաթ, այլ իրական պատմություն, եղելություն։
Հաշվի առնելով Մանուկ Թորոյանի վիպասանական արտակարգ ձիրքը, Կարապետ Մելիք-Օհանջանյանի նրան ընդունում են ԽՍՀՄ գրողների միության շարքերը։ Մանուկ Թորոյանի՝ «Սասնա ծռեր»-ի պատումը տպագրվել է «Սասնա ծռեր» գրքի Բ հատորի Ա մասում (Երևան, 1944) և «Սասնա ծռեր» գրքում (Երևան, 1977)[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Մանուկ Թորոյան». zarkfoundation.com.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 155-156.