Jump to content

Կարապետ Մելիք-Օհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Մելիք-Օհանջանյան
Ծնվել էմարտի 4, 1893(1893-03-04)[1]
Կալեր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 22, 1970(1970-02-22)[1] (76 տարեկան) կամ 1976[2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Երևան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր, հայագետ, արևելագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Գործունեության ոլորտբանասիրություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԼազարյան ճեմարան (1914)[1] և HU Berlin (1917)[1]
Կոչումպրոֆեսոր[1] և ակադեմիկոս[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյան (մարտի 4, 1893(1893-03-04)[1], Կալեր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 22, 1970(1970-02-22)[1] կամ 1976[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային բանասեր, հայագետ-արևելագետ, թարգմանիչ։ Պրոֆեսոր (1935), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1893 թվականի մարտի 4-ին Մեղրու շրջանի Կալեր մելիքանիստ գյուղում, Աղաբեկ Մելիք-Օհանջանյանի տոհմիկ բազմանդամ իշխանական տոհմում։ Նախնիները գաղթել են Ղարադաղից և հաստատվել Կալերում[4]։

Նախնական կրթությունն ստացել է Գանձակում, ընդունվել Տղայոց գիմնազիա, այնուհետև 1903 թվականին տեղափոխվել է Մոսկվա և սովորել է Լազարյան ճեմարանում։ 1911 թվականին, ավարտելով ճեմարանի դասարանական բաժինը, նա 1912 թվականին ընդունվել է մասնագիտական լսարանների արևելագիտական բաժինը։ 1913 թվականի հունվարին հայ գրերի գյուտի 1500-ամյա և տպագրության 400-ամյա հոբելյանի առթիվ ճեմարանում կազմակերպված գիտական նստաշրջանում Կարապետ Մելիք-Օհանջանյանը հանդես է եկել ընդարձակ զեկուցումով՝ նվիրված հայ տպագրության պատմությանը։ Իսկ 1914 թվականին, պրոֆեսոր Կ. Կոստանյանի հանձնարարությամբ, նա գրել է «Մամիկոնյանների նախարարական տոհմը ըստ Փավստոս Բուզանդի Հայոց պատմության» անդրանիկ գիտական հետազոտությունը։ Լազարյան ճեմարանի պրոֆեսորական խորհրդի որոշմամբ 1914 թվականին գործուղվել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ հմտանալու և սանսկրիտ սովորելու։ 1915-1917 թվականներին եղել է ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանում։ 1920 թվականին վերադարձել է Երևան, աշխատել արական գիմնազիայում, ապա՝ Հայկական կարմիր բանակի քաղլուսվարչությունում՝ որպես կուլտուրկրթական բաժնի վարիչ և «Կարմիր բանակ» թերթի խմբագիր։ Միաժամանակ Հայաստանի ժողովրդական համալսարանում դասավանդել է հայ գրականություն և գերմաներեն։ 1921 թվականին գլխավորել է Հայաստանի գիտական ինստիտուտը Էջմիածնում, 1922-1925 թվականներին դասախոսել Երևանի պետական համալսարանում։ 1930-1937 թվականներին եղել է Հայաստանի գիտությունների ինստիտուտի, այնուհետև՝ նյութական կուլտուրայի պատմության, կուլտուրայի պատմության, պատմության և գրականության ինստիտուտների գիտական քարտուղարը, հայ հին գրականության ու ժողովրդական բանահյուսության բաժինների վարիչ[5]։

Կարապետ Մելիք-Օհանջանյանին նվիրված հուշատախտակ Երևանի Կիևյան փողոցում[6]

1937 թվականի հուլիսի 25-ին Կարապետ Մելիք-Օհանջանյանին ձերբակալում են իբրև դաշնակցական ընդհատակյա կազմակերպության կենտկոմի անդամ, որն ակտիվ աշխատանք է կատարում խորհրդային կարգերի դեմ զինված ապստամբություն բարձրացնելու, խորհրդային իշխանությունը տապալելու և դաշնակցական ազգային-բուրժուական կառավարությունը վերականգնելու նպատակով։ 1941 թվականին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և աքսորով։ 1944 թվականի վերջերից, Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Հովսեփ Օրբելու միջնորդությամբ, Կ. Մելիք-Օհանջանյանը բնակություն է հաստատել Երևանում։ 1946 թվականին Մելիք-Օհանջանյանը դարձյալ արտաքսվել է Երևանից և միայն Արտեմ Միկոյանին հղած դիմումից հետո և վերջինիս պաշտոնական կարգադրությամբ է, որ նրան իրավունք է տրվել վերջնականապես հաստատվելու Երևանում։

1946 թվականին Կ. Մելիք-Օհանջանյանն աշխատանքի է ընդունվել ԳԱ գրականության ինստիտուտում ավագ գիտաշխատողի պաշտոնով, միաժամանակ, համատեղության կարգով դասախոսություններ է կարդացել Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտում։

Կարապետ Մելիք-Օհանջանյանը վախճանվել է Երևանում[7], 1970 թվականի փետրվարի 22-ին, 77 տարեկան հասակում[8]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք-Օհանջանյանը զբաղվել է բանագիտությամբ, հայ հին գրականությամբ և հայ ժողովրդի պատմությամբ, արևելագիտությամբ, համեմատական տեքստաբանությամբ, գրական, գիտական և բանահյուսական հուշարձանների թարգմանությամբ։ Նրա գրչին են պատկանում «Տիրան-Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուզանդի» (1947), «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը» (1964), «Միթրա-Միհրը «Սասնա ծռերի» մեջ» (1946), «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» աշխատությունները։ Մանուկ Աբեղյանի հետ ձեռնարկել և իրականացրել է «Սասնա ծռերի» գիտական հրատարակությունը։ Գրի է առել «Սասնա ծռերի» ութ նոր պատում, ռուսերեն է թարգմանել «Սասնա ծռերի» 10 ընտիր պատում՝ ընդարձակ ուսումնասիրությամբ և հարուստ ծանոթագրություններով։ Մեծ է Մելիք-Օհանջանյանի վաստակը հայ հին գրականության հետազոտման և գրապատմական հուշարձանների գիտական հրատարակության բնագավառում («Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (1957), «Կորյունը և նրա «Վարք Մաշտոցին» (ռուսերենով, 1962), «Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն Հայոց» (1961), «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (1966)։ Արևելագիտական-հայագիտական արժեքավոր ուսումնասիրություն է նրա «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» և հայ մատենագրության մեջ»։ Ռուսերեն է թարգմանել Մանուկ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» (1948) 1-ին հատորը։

1935 թվականին Հայաստանի լուսժողկոմատին առընթեր պետական գիտխորհուրդը Կարապետ Մելիք-Օհանջանյանին շնորհել է գիտահետազոտական ինստիտուտների իսկական անդամի և պրոֆեսորի կոչում։

1962 թվականին Կարապետ Մելիք-Օհանջանյանին շնորհվել է Հայաստանի Խորհրդային Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 1963 թվականին նա պարգևատրվել է Հայկական ԽԱՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, իսկ 1965 թվականին, մի խումբ հայ մտավորականների ջանքերով, նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

  • Միթրա-Միհրը "Սասնա ծռերի" մեջ, Երևան, 1946, [30] էջ
  • Տիրան-Տրդատի վեպն ըստ Փավստոս Բուզանդի, Երևան, 1947, [16] էջ[9]
  • Հոդվածների մատենագիտություն[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 394—395.
  2. 2,0 2,1 2,2 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
  3. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  4. Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ) բանասիրական գիտությունների դոկտոր Ս. Բ. Հարությունյան
  5. «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  6. «Երևանում կտեղադրվի Կարապետ Մելիք-Օհանջանյանի հուշատախտակը». yerevan.today. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  7. «Zarkfoundation - Կարապետ Մելիք-Օհանջանյան». zarkfoundation.com.
  8. «Կարապետ Մելիք-Օհանջանյան». Կարեն Հովհաննիսյան (ռուսերեն). 2014 թ․ մարտի 3. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Կարապետ Մելիք-Օհանջանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  10. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ղանալանյան Ա., Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյան, Երևան, 1978 (Նյութեր Հայկական ԽՍՀ գիտնականների կենսամատենագիտության, համար 23)։
  • Բանասիրական գիտությունների դոկտոր Ս. Բ. Հարությունյան «Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյան» (Ծննդյան 100-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1994, էջ 100-114
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Մելիք-Օհանջանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 394