Մամխիում երգող թռչունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամխիում երգող թռչունները
անգլ.՝ The Thorn Birds
ՀեղինակՔոլին Մաքքալոու
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր Ավստրալիա
Հրատարակման տարեթիվապրիլ 1977

«Մամխիում երգող թռչունները» (անգլ.՝ The Thorn Birds, բառացիորեն՝ «մամխիի թռչունները»), ավստրալիացի գրող Քոլին Մաքքալոուի ընտանեկան սագան, որը հրատարակվել է 1977 թվականին։

Վեպը դարձել է բեսթսելլեր։ Լոնդոնի համալսարաններից մեկում անցկացված հետազոտությունների համաձայն՝ աշխարհում ամեն րոպե վաճառվում է այդ վեպի երկու նմուշ[1]։ Առասպելը, ամենայն հավանականությամբ, Օսկար Ուայլդի «Սոխակն ու վարդը» հեքիաթի փոփոխված տարբերակն է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնի մասին մի լեգենդ կա, ըստ որի՝ թռչունն ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ անգամ է երգում, բայց բոլորից լավ։ Մի անգամ նա թողնում է իր բույնն ու թռչում մամխի թուփ փնտրելու և չի հանգստանում, մինչև չի գտնում։ Ծակծկող ճյուղերի մեջ նա երգ է երգում ու կրծքով նետվում դեպի ամենասուր ու երկար փուշը։ Ու վեր խոյանալով անասելի տանջանքների միջից՝ այնպես է մեռնելով երգում, որ այդ երգին կնախանձեր ինչպես արտույտը, այնպես էլ սոխակը։ Դա կյանքի գին ունեցող երգ էր։ Ամբողջ աշխարհը, ականջ դնելով երգին, քարանում է, և Աստվածն ինքն էլ ժպտում է երկնքում։ Քանի որ ամեն լավագույն բան ձեռք է բերվում միայն մեծ տանջանքների գնով... Համենայն դեպս այդպես ասում է լեգենդը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունն սկսվում է 1915 թվականին ու ընդգրկում կես դար։ Գիրքը բաժանված է յոթ մասի, ամեն մեկում բացահայտվում է գլխավոր հերոսներից մեկի բնավորությունը։ Պատմության կենտրոնում Կլիրիի ընտանիքի կյանքն է, որն անցել էր դժվար ճանապարհ՝ նորզելանդական աղքատից մինչև Դրոեդայի ավստրալիական խոշոր կալվածքի կառավարիչ։

Մաս 1. 1915-1917 թվականներ, Մեգգի

Գիրքն սկսվում է կրտսեր դստեր՝ Մեգիի ծննդյան օրվանից, որը չորս տարեկանն է բոլորում։ Նկարագրվում է բազմանդամ ընտանիքի կենցաղը, ընտանիքի մոր՝ Ֆիոնայի ամենօրյա ծանր աշխատանքը, երեխաների՝ կաթոլիկ եկեղեցու խիստ միանձնուհիների ղեկավարության ներքո ուսուցման դժվարությունները, ավագ որդի Ֆրենկի դժգոհություններն աղքատությունից ու միապաղաղ կյանքից։ Մի անգամ հորը՝ Պադրիկ Քլիրիին (Պեդդի), նամակ է գալիս իր քույր Մերի Կարսոնից՝ Դրոեդայի ավստրալիական խոշոր կալվածքների տիրուհուց։ Նա առաջարկում է եղբորն ավագ հովվի պաշտոնը, և ամբողջ ընտանիքը Նոր Զելանդիայից տեղափոխվում է Ավստրալիա։

Մաս 2. 1918-1928 թվականներ, Ռալֆ

Ավստրալիայում Քլիրիի ընտանիքին դիմավորում է երիտասարդ քահանա Ռալֆ դե Բրիկկասարը։ Տասնամյա Մեգգին՝ ընտանիքի միակ դուստրը, գրավում է նրա ուշադրությունն իր գեղեցկությամբ ու ամաչկոտությամբ։ Մեծանալով՝ Մեգգին սիրահարվում է նրան, բայց նրանց վիճակված չէր միասին լինել, քանի որ Ռալֆը, ինչպես յուրաքանչյուր կաթոլիկ քահանա, տվել էր կուսակրոնության երդում։ Սակայն նրանք միասին շատ ժամանակ են անցկացնում, ձիուն հեծնած զբոսում են, զրուցում։ Մերի Կարսոնը՝ պողպատե արքա Մայքլ Կարսոնի այրին, անպատասխան սիրահարված է Ռալֆին ու քողարկված ատելությամբ հետևում է նրա և Մեգգիի հարաբերություններին։ Զգալով, որ հանուն Մեգգիի Ռալֆը պատրաստ է հրաժարվելու հոգևորականի աստիճանից, Մերին նրան թակարդն է գցում իր կյանքի գնով. Մերի Կարսոնի մահից հետո իր ամբողջ ժառանգությունը կփոխանցվի եկեղեցուն՝ մի պայմանով, որ այն ըստ արժանվույն գնահատի իր համեստ ծառա Ռալֆ դե Բրիկկասարին, որը դառնում է Կարսոնների ունեցվածքի միակ տնօրինողը, իսկ Քլիրիի ընտանիքը իրավունք է ստանում ապրելու Դրոեդեում՝ որպես ղեկավար։ Հիմա, երբ Ռալֆի առջև կրկին բացվում է եկեղեցական գործունեության հնարավորությունը, նա հրաժարվում է իր կյանքը կապել Մեգգիի հետ ու հեռանում Դրոեդեից։ Մեգգին կարոտում է նրան։ Ռալֆը նույնպես մտածում է նրա մասին, բայց հաղթահարում է Դրոեդե վերադանալու ցանկությունը։

Մաս 3. 1929-1932 թվականներ, Փեդդի

Խոշոր հրդեհի ժամանակ մահանում են Մեգգիի հայրը՝ Փեդդին, և երբայր Ստյուարտը։ Պատահականորեն այդ օրը, երբ նրանց մարմինները տեղափոխում են դաստակերտ, Ռալֆը վերադառնում է Դրոեդե։ Մեգգին, որոշ ժամանակ մոռանալով հարազատների հանդեպ կարոտն ու տխրությունը, կարողանում է նրանից համբույր ստանալ, բայց Ռալֆի թաղումից անմիջապես հետո կրկին հեռանում է։ Մեգգին նրան վարդ է նվիրում՝ միակ, հրդեհից փրկված, իսկ Ռալֆն այն պահում է իր գրպանի բրևիարիում։

Մաս 4. 1933-1938 թվականներ, Լյուկ

Մեգգին շարունակում է կարոտել Ռալֆին։ Այդ ժամանակ կալվածատանը նոր աշխատակից է հայտնվում՝ Լյուկ Օ’Նիլը, որն սկսում է հոգ տանել Մեգգիի մասին։ Արտաքինից նա Ռալֆին է նման։ Մեգգին սկզբում ընդունում է նրա պարի հրավերները, իսկ հետո ամուսնանում է նրա հետ։ Հարսանիքից հետո պարզ է դառնում, որ Լյուկն իր համար եղեգ կտրողի աշխատանք է գտել, իսկ Մեգգիին տեղավորել է ամուսնական մի զույգի տանը՝ որպես սպասուհի։ Մեգգին երազում է երեխայի ու սեփական տան մասին, բայց Լյուկը նախընտրում է աշխատել ու գումար հավաքել՝ խոստանալով նրան լիարժեք ընտանեկան կյանք մի քանի տարուց։ Նրանք ամիսներով չեն հանդիպում, բայց Մեգգին խորամանկելով նրա համար աղջիկ է ունենում՝ Ջասթինան։ Բարդ ծննդաբերությունից հետո նա երկար ժամանակ հիվանդանում է, ու տանտերերը, որտեղ նա սպասուհի է աշխատում, նրան ճանապահորդության են ուղարկում դեպի Մատլոկ կղզի։ Նրա գնալուց հետո վերադառնում է Լյուկը, ու տանտիրուհին առաջարկում է այցելել Մեգգիին, բայց Լյուկը հրաժարվում ու հեռանում է։ Դրանից հետո գալիս է Ռալֆը, ու նրան նույնպես խորհուրդ են տալիս գնալ Մեգգիի մոտ՝ ներկայանալով որպես Լյուկ։ Ռալֆը տատանվում է, բայց գնում է Մեգգիի մոտ։ Ի վիճակի չլինելով դիմադրել ցանկությանը՝ նրանք մի քանի օր միասին են անցկացնում, որից հետո Ռալֆը վերադառնում է Հռոմ, որպեսզի շարունակի կարիերան ու դառնա կարդինալ։ Մեգգին հեռանում է Լյուկից ու վերադառնում Դրոեդե՝ սրտի տակ կրելով Ռալֆի երեխային։

Մաս 5. 1938-1953 թվականներ, Ֆիա

Նույն ժամանակ Եվրոպայում սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մեգգիի երկու եղբայրները ռազմաճակատ են մեկնում։ Արդեն կարդինալ դարձած Ռալֆը դժվարությամբ է համակերպվում Մուսսոլինիի ռեժիմի նկատմամբ Վատիկանի ճկունության հետ։ Դրոեդեում ծնվում է Մեգգիի որդին՝ Դենը։ Երեխան շատ նման էր Ռալֆին, բայց քանի որ Ռալֆը և Լյուկը արտաքին նմանություն ունեին, ոք չի կասկածում, որ երեխայի հայրը Լյուկն է։ Միայն Մեգգիի մայրը՝ Ֆիոնան (Ֆիան) է հասկանում։ Մեգգիի հետ զրույցի ժամանակ պարզ է դառնում, որ երիտասարդության տարիներին Ֆիոնան նույնպես սիրահարված է եղել մի շատ ազդեցիկ մարդու, որը չէր կարող ամուսնանալ նրա հետ։ Նա այդ մարդուց որդի է ունեցել՝ Ֆրենկին, իսկ իր հայրը Պադրիկ Քլիրիին գումար է տվել, որպեսզի նա ամուսնանա իր դստեր հետ։ Ինչպես Ֆիոնան, այնպես էլ Մեգգին սիրել են մի մարդու, որը չէր կարող փոխադարձությամբ պատասխանել իր զգացմունքներին. Ֆիոնայի սիրեցիալն անհանգստանում էր իր կարիերայի մասին, իսկ Ռալֆը նվիրված էր եկեղեցուն։ Մեգգին ծիծաղում է ու ասում, որ ինքը խելացի է վարվել ու հոգ տարել այն մասին, որ Դենն անուն ունենա, ու ոչ ոք չկասկածի նրա ծննդյան օրինականության մեջ։ Ռալֆը գալիս է Դրոեդե, ծանոթանում Դենի հետ, բայց չի կռահում, որ նա իր որդին է։ Մեգգին նրան ոչինչ չի ասում։

Մաս 6. 1954-1965 թվականներ, Դեն

Մեգգիի երեխաները մեծանալով իրենց համար մասնագիտություն են ընտրում։ Ջասթինան պատրաստվում է դերասանուհի դառնալ ու մեկնում է Լոնդոն։ Դենը ցանկանում է հոգևորական դառնալ։ Մեգգին զայրացած է. նա հույս ուներ, որ Դենը երեխաներ կունենա, և այդպես ինքը «կխլի» Ռալֆին եկեղեցուց։ Բայց Դենը համառորեն պաշտպանում է իր ընտրությունը, ու Մեգգին նրան ուղարկում է Հռոմ՝ Ռալֆի մոտ։ Դենը ուսում է ստանում սեմինարիայում ու ձեռնադրվում։ Ծեսից հետո նա գնում է Կրետե հանգստանալու, որտեղ սրտի կաթված է ստանում և մահանում։ Մեգգին գալիս է Ռալֆի մոտ, որպեսզի օգնություն խնդրի հունական իշխանությունների հետ բանակցությունների հարցում և տեղեկացնում է, որ Դենը նրա որդին է։ Ռալֆը օգնում է Դենի մարմինը տեղափոխել Դրոեդե, նրա համար վերջին ծեսն է կատարում ու մահանում է թաղումից հետո՝ խոստովանելով ինքն իրեն, որ սեփական պատվախնդրության համար շատ բան զոհաբերեց։

Մաս 7. 1965-1969 թվականներ, Ջասթինա

Դենի մահվանից հետո Ջասթինան իր տեղը չի գտնում ու հանգստությունը փնտրում է աշխատանքի մեջ։ Նա Դենի մահվան մեջ իրեն է մեղադրում. սկզբնապես Ջասթինան ցանկանում էր գնալ Կրետե Դենի հետ, բայց արդյունքում չգնաց այնտեղ, քանի որ ցանկանում էր ժամանակն անցկացնել իր ընկերոջ՝ գերմանացի Լիոն Հարթգեյմի հետ, որին էլ սիրահարված էր։ Աղջիկը կարծում է, որ եթե նա լիներ եղբոր հետ, դժբախտությունը չէր կատարվի։ Նա մերթ փորձում է վերադառնալ Դրոեդե, մերթ ձգտում է Լիոնի հետ հարաբերությունները հարթել։ Լիոնը սիրում է Ջասթինային ու ցանկանում ամուսնանալ նրա հետ, Ջասթինան էլ վախենում է կապվել նրա հետ ու ցավի ու անհանգստության համար խոցելի դառնալ։ Դրանից բացի, չպատասխանելով Լիոնի զգացմունքներին, նա այդ կերպ փորձում է մեղքը քավել Դենի առջև։ Արդյունքում ամուսնանում է Լիոնի հետ։ Դրոեդեում Մեգգին նրանից հեռագիր է ստանում, որում տեղեկացվում էր հարսանիքի մասին։ Կալվածքներում ապագա չկա. նրա եղբայրները չամուսնացան ու անսերունդ են, Դենը մահացավ, իսկ Ջասթինան չի ցանկանում անգամ լսել երեխաների մասին։

Առասպել մամխիի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի վերնագիրն անուղղակիորեն հղվում է առասպելական «փշոտ թռչնին», որը մամխի ծառեր է փնտրում ձվից դուրս գալու օրվանից։ Երբ նա գտնում է իդեալական փուշ, խոցում է իրեն ու մեռնելու ընթացքում երգում երբևէ լսված ամենահրաշալի երգը[2]։

Գրքի տպագրվելուց առաջ ոչ մի սկզբնաղբյուր չի գտնվել այդ առասպելի մասին չնայած, որ այն նկարագրվել է տարբեր ոչ գիտական աղբյուրներում որպես «հին կելտական լեգենդ»[3]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեգենն «Մեգգի» Քլիրի, կենտրոնական կերպար, որդիների մեծ շրջանի միակ դուստրը։ Վեպում նա ներկայանում է վաղ մանկությունից (4 տարեկան) մինչև հասուն տարիք (58 տարեկան)։
  • Հայր Ռալֆ «Ռաուլ» դե Բրիկասսար, Մեգգիի իրական սերը, իռլանդացի գեղեցիկ կաթոլիկ հոգևորական։
  • Պադրիկ «Պեդդի» Քլիրի, Մեգգիի հայրը, հասարակ աշխատասեր իռլանդացի, մահացել է Դրոեդեում՝ հրդեհի ժամանակ։
  • Ֆիոնա «Ֆիա» Արմսթրոնգ Քլիրի, Պեդդիի կինն ու Մեգգիի մայրը, ազնվարյուն կին, որը դժբախտ է, բայց վարպետորեն թաքցնում է դա։
  • Ֆրենսիս «Ֆրենկ» Արմսթրոնգ Քլիրի, Մեգգիի ավագ եղբայրը, Ֆիոնայի առաջին ոչ ամուսնական որդին։ Մեգգին նրա սիրելին էր։ Երեսուն տարի բանտում է անցկացրել մարդասպանության համար։
  • Մերի Էլիզաբեթ Քլիրի Կարսոն, Պադրիկի շատ հարուստ ավագ քույրը, այրի, Ռալֆի հոր բարերարը, Դրոեդեի տիրուհին։
  • Լյուկ Օ’Նիլ, Մեգգիի ամուսինը երեք տարի տևած դժբախտ ամուսնության ժամանակ։ Ջասթինայի հայրը։
  • Դեն Օ’Նիլ, Մեգգիի ու Ռալֆի որդին, Մեգգիի հպարտությունն ու ուրախությունը, գնացել է հոր հետքերով՝ դառնալով հոգևորական։ 26 տարեկանում մահացել է սրտի կաթվածից՝ փրկելով Հունաստանում խեղդվող լողացողներին։
  • Ջասթինա Օ’Նիլ, Մեգգիի ու Լյուկի դուստրը, խելացի, անկախ օրիորդ։ Պեդդի Քլիրիի մնացած միակ թոռնուհին էր։
  • Լյուդվիգ և Էնն Մյուլլեր, Մեգգիի գործատուները Լյուկի հետ նրա ամուսնության ժամանակ։ Նրանք դառնում են Մեգգիի ամբողջ կյանքի ընկերները։
  • Բոբ, Ջեք և Հյուգի Քլիրի, Մեգգիի ավագ եղբայրները։ Նրանք բոլորը հիշեցնում են Պեդդիին ու ապրում Դրոեդեում՝ չլինելով ամուսնացած։
  • Ստյուարտ «Ստյու» Քլիրի, հանգիստ, բարյացկամ տղա, որը նման է մորը, իսկ տարիքով ավելի մոտ է Մեգգիին։ Ստացել է «փոքրիկ սրբի» կեղծանուն։ Մահացել է Ավստրալիայում՝ կինճի հարձակումից։
  • Հերոլդ «Հել» Քլիրի, Մեգգիի սիրելի կրտսեր եղբայրը։ Մահացել է չորս տարեկանում՝ կրուպից։
  • Ջեյմս «Ջիմս» և Պատրիկ «Պետիս» Քլիրի, երկվորյակ տղաներ, Մեգգիի կրտսեր եղբայրները։ Մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Պետսին ստացել է վնասվածք, ինչը զրկել է նրան երեխա ունենալու հնարավորությունից։
  • Լիոն «Լիվեն» Մյորլինգ Հարթգեյմ, Ռալֆի ընկերը, գերմանացի։ Արևմտագերմանական խորհրդարանի անդամ ու վերջին հաշվով Ջասթինայի ամուսինը։
  • Արքեպիսկոպոս (արդյունքում կարդինալ) Վիտտորիո դի Կոնտինի-Վիրչեզե, Ռալֆի ուսուցիչը, Լիոնի ընկերը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին վեպի հիման վրա թողարկվել է «Մամխիում երգողները» համանուն հեռուստասերիալը։ Սիրավեպի հեղինակը սարսափած էր հեռուստատարբերակից՝ անվանելով այն «կատարյալ փսխունք»[4]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О книге Поющие в терновнике». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  2. www.wisdomlib.org (2011 թ․ մայիսի 4). «A Parable Of A Sower [Saying 9]» (անգլերեն). www.wisdomlib.org. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  3. «Poem contest The Myth of the ThornBird - All Poetry» (անգլերեն). allpoetry.com. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  4. «[2]» (ռուսերեն).