Բյուզանդական և արաբական նվաճողների դեմ պայքարում գործակցել է աներոջը՝ Թեոդորոս Ռշտունուն։ Հիվանդության պատճառով Համազասպն առժամանակ առանձնացել է Աղթամարում, և երբ Հայաստանում սրվել է պայքարն արաբական և բյուզանդական կողմնորոշում ունեցող հայ նախարարների միջև, Համազասպը 654 թվականին գումարել է նախարարական ժողով և կայացրել փոխհամաձայնություն (երկիրը բաժանվել է նախարարների միջև՝ ըստ նրանց հզորության)։
Հայոց իշխան դարձած Համազասպ Մամիկոնյանը արաբա-բյուզանդական հակամարտությունում առժամանակ չեզոք դիրք է գրավել, իսկ 656 թվականին, օգտվելով Արաբական խալիֆայությունում ծավալված գահակալական կռիվներից, դաշնակցել է Բյուզանդիային և թոթափել արաբական գերիշխանությունը՝ պաշտոնապես ընտրվելով Հայոց իշխան։ Բյուզանդական կայսրը նրան շնորհել է կյուրոպաղատի տիտղոս, նվիրել արծաթե գահ և զորքերը հանել Հայաստանից, որը, բացառությամբ Չորրորդ Հայքի մի մասի, միավորվել է Հայոց իշխանի գահի շուրջը։ 661 թվականին վերսկսված արաբա-բյուզանդական պատերազմների ժամանակ՝ Համազասպ Մամիկոնյանը կրկին ընդունել է արաբական գերիշխանությունը և երկիրը զերծ պահել ավերածություններից։ Համազասպ Մամիկոնյանի մահից հետո իշխանական գահն անցել է նրա եղբորը՝ Գրիգոր Ա Մամիկոնյանին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 87)։