Ճպուռն ու մրջյունը
Ճպուռն ու մրջյունը հին հունարեն՝ Τέττιξ καὶ μύρμηκες | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | առակ |
Ձև | առակ |
Հեղինակ | Եզոպոս |
Բնագիր լեզու | հին հունարեն |
The Ant and the Grasshopper |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճպուռն ու մրջյունը (այլ կիրառումներ)
Ճպուռն ու մրջյունը (ռուս.՝ «Стрекоза и муравей»), Իվան Կռիլովի առակը՝ գրված 1808 թվականի մայիսից ոչ ուշ։ Առաջին անգամ տպագրվել է 1808 թվականին «Դրամատիկական բանբեր» ամսագրում, Կռիլովի ստեղծագործությունների ժողովածուներում ներառված է առակների երկրորդ գրքում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճպուռը, ամբողջ ամառը պարապ-սարապ անցկացնելով, ձմռանը մնում է առանց պաշար և օգնության համար դիմում է աշխատասեր Մրջյունին։ Վերջինս հետաքրքրվում է, թե ամռանը Ճպուռն ինչով է զբաղվել։ Լսելով, որ Ճպուռն ամբողջ ամռանը միայն երգել է՝ Մրջյունը նրան խորհուրդ է տալիս գնալ պարելու։
Սյուժեի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներից մեզ են հասել նմանատիպ սյուժեով Եզոպոսի երկու առակները։ Դրանցից առաջինում, որը վերնագրված է «Մրջյունն ու բզեզը», պատմվում է, թե ինչպես է բզեզն ամռանը խղճում մրջյունին, որն աշխատում էր նույնիսկ այն ժամանակ, երբ մյուս կենդանիները հանգստանում էին։ Բայց երբ գալիս է ձմեռը, բզեզն ստիպված է լինում մրջյունից կեր խնդրել, և այս անգամ նա է ստիպված լինում լսել մրջյունի խրատը. «Ա՛յ բզեզ, եթե այն ժամանակ ինձ կշտամբելու փոխարեն աշխատեիր, հիմա դու սովից չէիր սատակի»[1][2]։
Մյուս առակը, որ վերնագրված է «Մրջյունն ու ճպուռը», հանդիպում է եզոպոսյան ժողովածուի ավելի հին հրատարակված որոշ ձեռագրերում, այն ներառվել է փոքր հրատարակությունների, ինչպես նաև բյուզանդական դպրոցական ժողովածուների մեջ։ Նրանում ձմռանն օգնություն ստանալու նպատակով մրջյունին դիմում է ճպուռը։ Մրջյունի այն հարցին, թե ամռանը ճպուռն ինչով է զբաղվել և ինչու ձմռան համար կեր չի հավաքել, ճպուռը պատասխանում է, որ ամբողջ ամռանն ինքը երգել է և ուրախացրել անցորդներին։ Մրջյունը, բարձր ծիծաղելով, ճպուռին ասում է, որ ձմռանն էլ գնա պարելու։ Առակն ավարտվում է հետևյալ բարոյախոսությամբ. ամենակարևորը հոգ տանել անհրաժեշտ սննդի մասին, ոչ թե ժամանակ ծախսել զվարճանքի ու զբոսանքների վրա։ «Մրջյունն ու ճպուռը» առակի սյուժեում մրջյունի կողմից ճպուռին արված ծաղրական առաջարկությունը ձմռանն էլ պարելու վերաբերյալ դարձել է դասական՝ բազմիցս կրկնվելով հին ու նոր ժամանակների առակագիրների կողմից[3]։
«Հռոմուլոս» ժողովածուում հայտնի է Ֆեդրոսի «Մրջյունն ու ճպուռը» առակը, որի սյուժեն շատ քիչ է տարբերվում Եզոպոսի առակից և որը հաճախ տպագրվում է Եզոպոսի անունով[4]։ Սյուժեի՝ մեզ հասած առաջին բանաստեղծական մշակումը Բաբրիուսի «Մրջյունն ու ճպուռը» առակն է[5]։ Եզոպոսյան սյուժեի հետ նմանություններ ունի նաև հին ասորական «Մրջյունն ու ծղրիդը» հեքիաթը[6].
17-րդ դարում Ֆրանսիայում Եզոպոսի սյուժեն Ժան դը Լաֆոնտենն օգտագործել է «Ճպուռն ու մրջյունը» (ֆր.՝ La Cigale et la Fourmi) առակի համար, որը բացում է նրա առակների առաջին գիրքը։ Ֆրանսերենում և՛ «la cigale», և՛ «la fourmi» բառերն իգական սեռի են, այդ պատճառով առակի երկու հերոսներն էլ ընթերցողների կողմից ընկալվում են որպես իգական սեռի ներկայացուցիչներ։ Ֆրանսիացի հեղինակի առակի մյուս առանձնահատկությունն այն է, որ սովից մահացող ճպուռը մրջյունին խոստանում է պարտքը վերադարձնել տոկոսներով։ Բայց պարոն Մրջյունը պարտք տալ չէր սիրում, ինչը Լեֆոնտեն համարում է նրա թերությունը[7]։
Եզոպոսի առակների ռուսերեն արձակ թարգմանությունները հայտնի են 17-րդ դարից[8]։ 18-րդ դարում Ռուսաստանում հրատարակվել են մի շարք հեղինակների կողմից բանաստեղծական արձակ թարգմանված Լաֆոնտենի առակները։ Մրջյունից բացի, գրեթե բոլորի հերոսը մրջյունն էր։ Սա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ 18-րդ դարի և 19-րդ դարի սկզբի խոսակցական ռուսերենում «ճպուռ» (ռուս.՝ стрекоза) բառը ծառայում էր որպես տարբեր միջատների ընդհանրական անուն. այդպես էին անվանում և՛ ճպուռին, և՛ ծղրիդին, իսկ մասամբ «ճպուռ» բառը (ռուս.՝ стрекоза) համահունչ էր «ճռռալ» (ռուս.՝ стрекотать) բառին. 18-րդ դարի ռուսական գրականության մեջ ավանդույթ էր ձևավորվել ճպուռին պատկերել որպես ճռռան, «երգող» միջատ[9]։ Այդ շարքում առաջինը Ալեքսանդր Սումարոկովի «Ճպուռը» առակն էր, որում նշանակալի տեղ է զբաղեցնում ճպուռներին բաժին հասած աղքատության նկարագրությունը։
Իվան Խեմնիցերի «Ճպուռը» առակի առանձնահատկությունը նրա երջանիկ ավարտն է. մանկավարժական նկատառումներով մրջյունն սկզբում ճպուռին վռնդում է, բայց հետո կարեկցում և նրան օգնում է հացով։ 1973 թվականի փետրվարին «Զով երեկոներ» ալմանախում տպագրված անհայտ հեղինակի «Մրջյունն ու ճպուռը» առակը փաստացի Խեմնիցերի առակի վերաշարադրանքն է։ Սյուժեն օգտագործել են նաև Յու. Ա. Նելեդինսկի-Մելեցկին («Ճպուռը» առակ) և Վ. Ա. Օզերովը («Ճպուռը» առակ), որոնց առակներում ակնհայտ երևում է մրջյունի կշտամբանքը՝ արտացոլելով ազնվականության բացասական վերաբերմունքը բուրժուազիայի նկատմամբ[10][11]։
1961 թվականին ռեժիսոր Նիկոլայ Ֆեոդորովն առակի հիման վրա ստեղծել է համանուն մուլտֆիլմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Басни Эзопа. / Пер., ст. и комм. М. Л. Гаспарова. — М.: Наука, 1968. — С. 96—97.
- ↑ Եզոպոսի առակները, Երևան, 1972, էջ 121։
- ↑ Басни Эзопа. / Пер., ст. и комм. М. Л. Гаспарова. — М.: Наука, 1968. — С. 286.
- ↑ Федр, Бабрий. Басни. — М.: Изд-во АН СССР. — 1962. — С. 86.
- ↑ Федр, Бабрий. Басни. — М.: Изд-во АН СССР. — 1962. — С. 147—148.
- ↑ Истребитель колючек. Сказки, легенды и притчи современных ассирийцев. — М.: Наука, 1974.
- ↑ Жельвис В. И.. «Стрекоза и Муравей» как предмет культурологического анализа. // Вопросы психолингвистики. — 2006. — № 3.
- ↑ Тарковский, Р. Б., Тарковская, Л. Р. Эзоп на Руси, век XVII : Исследования, тексты, комментарии. — СПб., 2005.
- ↑ Успенский, Ф. Б. Habent sua fata libelluae. К истории русских литературных насекомых. // Вестник ПСТГУ. III: Филология. — 2008. — В. 2 (12). — С. 60—80.
- ↑ Фомичёв, С. А. Последний русский баснописец. // XVIII век : сборник — В. 20. — СПб.: Наука, 1996.
- ↑ Эткинд, Е. Г. Две стрекозы и два муравья. / Проза о стихах. — М.: Знание, 2001.