Ղրիմի հայկական դպրոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղրիմի հայկական դպրոցներ, գործել են XI դարից սկսած, զարգացում են ապրել XIV-XV-րդ դդ․։ Նշանավոր էին Կաֆայից (Թեոդոսիա) ոչ հեռու գտնվող Ս․ Անտոն անապատի դպրոցը (1425-1450) և Ս․ Խաչ վանքի ճեմարանը (XIV-XVII-րդ դդ․)։ Անապատի դպրոցում աչքի է ընկել հռետոր, իմաստասեր Սարգիսը, Ս․ Խաչ վանքի ճեմարանում՝ րաբունապետ Ստեփանոս Թոխաթեցին, Հակոբ Կաֆայեցին։ Դպրոցներ են եղել նաև Ղարասուբազարի, Սուրխաթի հայկ․ եկեղեցիներին կից։ Դրանց կյանքում աշխուժացում է նկատվում Ղրիմը Ռուսաստանին միանալուց (1783) հետո։ Նոր Նախիջևան արտագաղթած հայերի որոշ մասը վերադառնում է Ղրիմ։ XX-րդ դ․ սկզբին ստվարանում է Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի թիվը։ Օգտվելով ռուս, կառավարության տված արտոնություններից՝ հայերը դպրոցներ են հիմնում Ղրիմի տարբեր քաղաքներում։ Դրանց մեջ առանձնանում է Մանվել Գյումուշխանեցու նախաձեռնությամբ և հայ հասարակայնության աջակցությամբ հիմնադրված Ղարասուբազարի միդասյան (1880-ական թթ․ երկդասյան) դպրոցը (1816), որը Լազարյան ճեմարանի նախապատրաստականներից Էր։ Այստեղ է սովորել Կարա-Մուրզան։ Ղարասուբազարում գործել է նաև հայ կաթոլիկների դպրոց (1822 թվականից)։ 1800 թվականին Սիմֆերոպոլում հիմնադրվել է միդասյան ծխական երկսեռ դպրոց, որը վերելք է ապրել Ա․ Բահաթրյանի, Հովհ․ Նազարյանի օրոք։ Այստեղ 1895 թվականին քառաձայն երգչախումբ է ստեղծել նրա սան Ա․ Սպենդիարյանը։ 1860 թվականին Սիմֆերոպոլում հիմնվել է ևս մեկ երկդասյան ծխական դպրոց։ Սիմֆերոպոլի կաթոլիկ հայերը նույնպես ունեին իրենց դպրոցը (հիմն․ 1863 թվականին)։ Դպրոցներ են հիմնադրվել նաև Թեոդոսիայում (1817), Կերչում, Արմյանսկում, Եվպատորիայում, Յալթայում։ 1903 թվականին Ղրիմում գործել է տարրական ծխական երկսեռ 10 դպրոց, որտեղ ավանդվում էին հայոց լեզու, թվաբանություն, ռուսաց լեզու, հետագայում՝ բարոյագիտություն, քերականություն, աշխարհագրություն և այլն։ Ղրիմի հայկական դպրոցներից ամենանշանավորը Թեոդոսիայի Խալիբյան վարժարանն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 45