Ղազարոս Աճեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | նոյեմբերի 3, 1886 (137 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Թյուրքմեն, Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Բեյրութի Ամերիկյան համալսարան Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Ռազմական ծառայություն | Օսմանյան բանակ |
Ղազարոս Աճեմյան (Բագրևանդյան) (նոյեմբերի 3, 1886, Թյուրքմեն, Օսմանյան կայսրություն - 1920-ականներից հետո[1]), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղազարոս Աճեմյանը ծնվել է 1886 թվականին Բրուսայի նահանգի Բիլեջիկի գավառի Թյուրքմեն գյուղում։ Հետագայում կրել է Բագրևանդյան ազգանունը։ Երկրորդական կրթությունն ստացել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի կոլեջում։ Այնուհետև 2 տարի ուսանել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ազգային հեղափոխական ընկերակցություններ կազմելու պատճառով համալսարանի ղեկավարությունը հետապնդել է նրան և հեռացրել այն օրերին, երբ, ինչպես գրում է բժիշկը, «Թուրքիոյ վրայ կը շողար Ազատութեան կեղծ արեւը»։ Մեկնել է Ժնև և ուսումը շարունակել տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1914 թվականին ստանալով բժշկի վկայականը վերադարձել է Կոստանդնուպոլիս։
1914 թվականի վերջերին զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ Օսմանյան բանակի կազմում կրել է բազում դժվարություններ ու դառնություններ, եղել Դարդանելում, Կիլիկիայում, Միջագետքում, Հայաստանում։ Օսմանյան բանակի սպայի համազգեստով քայլել է բյուրավոր հայերի գողգոթան դարձած ճամփաներով։ 1918 թվականին վերադարձել է Շվեյցարիա և 2 տարի մնացել Լոզան քաղաքում։ Եղել է Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» և «Դարման» թերթերի աշխատակից։
Հայ Կարմիր խաչի Կոստանդնուպոլսի կենտրոնում է աշխատել։ Նրա ջանքերի շնորհիվ Կոստանդնուպոլսի Կարմիր խաչի մարմինը հրավիրվել է խորհրդակցական ձայնով մասնակցելու Կարմիր խաչի 10-րդ միջազգային խորհրդաժողովին (1921 թվականի մարտի 31 - ապրիլի 7) և «Մանուկների օգնության» խորհրդաժողովին (1921 թվականի ապրիլի 7-9), որոնցում Ղազարոս Աճեմյանը ներկայացրել է Հայ Կարմիր խաչը։ Հայոց շվեյցարացի բարեկամների ընկերության կենտրոնի (Ժնև) անդամներից շատերի հետ ծանոթ լինելով դեռևս ուսանողական տարիներից, հրավեր է ստացել նրանց՝ Խորհրդային Հայաստան ուղարկվելիք հիվանդանոցի բժշկապետը լինելու, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ստանձնել այդ առաքելությունը։ 1921 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Քոնեք թիքըթի նահանգի Հարթ ֆորթ քաղաքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 556։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թէոդիկ «Բժ. Բագրեւանդեան։ Ինքնակենսագրութիւն», Կ. Պոլիս, 1922