Jump to content

Հրդեհ Բաքվի մետրոպոլիտենում (1995)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրդեհ Բաքվի մետրոպոլիտենում
Տեսակհրդեհ գնացքում
ՏեղադրանքԲաքու
Երկիր Ադրբեջան
Տարեթիվհոկտեմբերի 28, 1995
Զոհվածներ289 մարդ
Վիրավորներ270
Քարտեզ
Քարտեզ

Հրդեհ Բաքվի մետրոյում, խոշորագույն պատահար Բաքվի մետրոյում, ինչպես նաև խոշորագույնն աշխարհի մետրոպոլիտենների պատմության մեջ մարդկային զոհերի քանակով։ Տեղի է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 28-ին՝ շաբաթ երեկոյան, մոտավորապես ժամը 18։00-ին։

Հանգամանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի մնացած ուղևորներից մեկը վկայել է[1]

Հենց գնացքը մտավ թունել, բռնկում տեսա։ Հետո բոցը տարածվեց ամբողջ վագոնով մեկ, կոտրվող ապակու ձայն հնչեց, և լույսը մարեց։ Մարդիկ սկսեցին կոտրել ապակիները, որպեսզի կարողանան դուրս գալ։ Սկսեցինք խեղդվել։

Ողբերգությունից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հատուկ հրամանով հանրապետությունում համազգային եռօրյա սուգ հայտարարեց։ Նախագահը նաև հրամայեց զոհվածների ընտանիքներին 1-ական մլն մանաթ հատկացնել և զոհերին թաղել պետական միջոցներով։

Ողբերգության պատճառների շուրջ գլխավոր վարկածի համաձայն՝ վագոններից մեկի քարշային շարժիչն է վառվել, և շփոթված մեքենավարը սխալ որոշում է ընդունել կանգնեցնել գնացքը նեղ թունելում (5.6 մ բարձրությամբ, 5 մ լայնությամբ)՝ «Ուլդուզ» և «Նարիմանով» կայարանների միջև՝ «Ուլդուզ» կայարանից 200 մ հեռավորության վրա։ Երբ գնացքը կանգնել է, թունելը լցվել է ծխով, որից հետո մեքենավարը հայտնել է պատահարի մասին և պահանջել անջատել հոսանքը կոնտակտային ռելսից։

Թունելի վատ օդափոխության և աղոտ լուսավորության պատճառով ուղևորներից շատերը խեղդվել են կամ ճզմվել խուճապի արդյունքում։ Շատերը կոտրված ապակիներից կտրվածքներ են ստացել։ Հրդեհի արդյունքում զոհվածներից շատերը մահացել են գնացքի մեջ, իսկ թունելում գտել են 40 մարմին։ Մի քանի մարդ մահացել է հոսանքահարումից այն բանից հետո, երբ փորձել են բռնվել ուժահաղորդ և հաղորդակցության մալուխներից, որպեսզի շրջանցեն հրդեհված գնացքը։

Չնայած դրան՝ պատահարը հետաքննող կառավարական կոմիտեի նախագահը՝ երկրի առաջին փոխվարչապետ Աբասովը, հայտարարեց, որ ողբերգության գլխավոր պատճառը հնացած սարքավորումներն են․

․․․ մետրոյի հնացած համակարգը, որը որպես ժառանգություն է մնացել խորհրդային ժամանակաշրջանից։ Խորհրդային տարիներին շատ չէին հոգում ուղևորների անվտանգությունը, այդ պատճառով էլ նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքով թունելներում ընթացող էլեկտրական գնացքները հագեցած չեն անվտանգության պատշաճ համակարգով։ Բաքվի մետրոյով այնպիսի խարխլված գնացքներ են գնում, որ մարդ ուղղակի սարսափում է նստել։

Պաշտոնապես հայտարարված տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառով զոհվել է 286 ուղևոր (այդ թվում՝ 28 երեխա) և 3 փրկարար, ընդհանուր առմամբ 289 մարդ։ Վիրավորների թիվը կազմել է 270 մարդ (այդ թվում՝ 69 մարդ հոսպիտալացվել է և 13-ի վիճակը եղել է ծանր)։

Բաքվի մետրոպոլիտենի վտանգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվի մետրոյում այդ պատահարից առաջ և հետո մի քանի անգամ ահաբեկչություններ, փոքր հրդեհներ և շարժասանդուղքի փլուզում է տեղի ունեցել[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Subway Fire Kills 300 in Caucasus Capital». Նյու Յորք Թայմս. 1995 թ․ հոկտեմբերի 30.
  2. «В бакинском метро из-за аварии эскалатора пострадали несколько десятков человек, один погиб». Newsru.com. 8 июня 2005 г.
  3. Բաքվի մետրոյում խուճապ է

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]