Հրաչուհի Դերձակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչուհի Դերձակյան
Ծնվել է1886
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի

Հրաչուհի Դերձակյան (1886, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ՞), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականին, Կոստանդնուպոլսի Կեդիկ փաշա թաղամասում[1]։ Ավարտելով Դպրոցասիրացի Վարժուհյաց դպրոցը` մի քանի տարի ուսուցչուհի է աշխատել։ Կոստանդնուպոլսում հայ թատրոնի վերաբացումից հետո հրապուրվել է բեմական կյանքով և սկսել մասնակցել հայկական տարբեր ներկայացումների։ Դերձակյանը շատ լավ թուրքերեն գիտեր, ինչի շնորհիվ խաղացել է նաև թուրքերեն ներկայացումներում։

1909 թվականին, երբ հայտնի դերասանուհի Սիրանույշը Կովկասից եկել է Պոլիս, Վահրամ Փափազյանին և Հրաչուհի Դերձակյանին հրավիրել է միանալ իր թատերախմբին։

Վահրամ Փափազյանի հետ կազմելով «Հայ դրամատիկ թատերախումբը»` խմբի հետ մասնակցել է մի շարք հյուրախաղերի, մեկնել Եգիպտոս։

Երկու ամիս վերջ ինքը (այսինքն` Հրաչուհին), ամուսինը, Շահենը և ես Եգիպտոս անցանք։ Թերթերը հոն իրմով զբաղեցան և դրվատեցին իր բեմական ներկայանալի կարողությունները[2]։

1921 թվականին որդու հետ մեկնել է ԱՄՆ։ Այնտեղ միացել է Պողոսյան թատերախմբին։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչուհի Դերձակյանը 1910-ական թվականներից մոտ երեսուն տարի ծառայել է հայ բեմարվեստին[3]։ Մոտ մեկ տասնամյակ իրենով զբաղեցրել է հայ և թուրք մամուլը և համարվել դրամատիկ լավագույն դերասանուհի։ Ժամանակին հայտնի է եղել Օֆելյայի, Դեզդեմոնայի, Էրիքայի, Սուսանի, Սեդայի, Մարգարիտի և այլ դերերով։

Նրա հայտնի խաընկերներից են եղել Վահրամ Փափազյանը, Շահխաթունին, Հովհաննես Զարիֆյանը։ Խաղացել է նաև Սիրանույշի խմբում, երբ վերջինս եղել է Պոլսում։ Այնուհետև միացել է Վահրամ Փափազյանի հիմնած «Հայ դրամատիկ թատերախմբին»` դառնալով խմբի հիմնական դերասանուհին[4]։ Այս թատերախմբի հետ մեկնելով Իզմիր, Եգիպտոս` հիմնականում խաղացել է ֆրանսիական պիեսների կանացի բոլոր գլխավոր դերերը։

Պոլսահայ թատրոնի վերաբացումից հետո դարձել է թատրոնի հիմնական արտիստներից մեկը։ Ժամանակի մամուլը գրել է նրա մասին. «Նախասիրած դերերը` Օֆելյա («Համլետ»), Էմիլիա («Կորրադո»), Սեդա («Հին աստվածներ»), Մարգարիտ («Պատվի համար»), Էրիքա («17 տարեկաններ»), Ֆլորա («Գնդապետ Բռիտո»)[5]»:

1921 թվականին մեկնելով ԱՄՆ` սկսել է համագործակցել տեղի հայկական թատերախմբերի ու արվեստագետների հետ։ Առաջին ներկայացումը եղել է ինքնուրույն բեմադրություն. բեմադրել է «Պատվի համար» պիեսը` խաղալով Մարգարիտի դերը։ Այս տարիներին հիմնականում հանդես է եկել Պողոսյան թատերախմբի հետ։ 1930-ական թվականներին սկսել է հեռանալ բեմական կյանքից։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օֆելյա` «Համլետ»
  • Էմիլիա` «Կորրադո»
  • Սեդա` «Հին աստվածներ»
  • Մարգարիտ` «Պատվի համար»
  • Էրիքա` «17 տարեկաններ»
  • Ֆլորա` «Գնդապետ Բռիտո»
  • Չանինա` «Կրեմոնի ջութակահարը»
  • Չար սկեսուր` «Հարս ու կեսուր»
  • Հարս` «Բառնաբաս աղա»

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին ամուսնացել է հայ բեմի հայտնի դերասան Վահրամ Փափազյանի հետ։ Միասին խաղացել են մի շարք ներկայացումներում։ Ժամանակի մամուլը նրանց միության մասին գրել է. «Ներկա թրքահայ բեմին ամենեն ցայտուն աստղը` Վահրամ Փափազյան կփոևձե փոքրկ համաստեղություն մը կազմել սա մթաստվեր երկրակամարին վրա, որ թրքահայ թատրոնն է։ Ու նորապսակ ամոլը` Վահրամ Փափազյան և Հրաչյա, ահա գլուխ են արդեն նոր ձեռնարկի մը, թատերական թուրնե մը, որ պիտի սկսի Իզմիրեն, շարունակվելու համար Ադանա, Հալեպ, Ալեքսանդրիա, Կահիրե»[6]։ 1913 թվականին Փափազյանը Պոլսից մեկնել է Թիֆլիս. զույգն ընդմիշտ բաժանվել է։

Հրաչյան ունեցել է մեկ որդի, որի հետ հետագայում մեկնել է ԱՄՆ։

Փափազյանի հետ ինքը կապ չի ունեցել, սակայն ԱՄՆ-ում ապրելու տարիներին երբեմն նրա անունը հայտնվել է Փափազյան ազգանվան հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ298
  2. Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, 1921, մայիսի 21
  3. Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 297-304
  4. Նույն տեղում
  5. Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, 1921, 272-273
  6. «Շանթ», 1912, սեպտեմբերի 15