Jump to content

Հրահանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրահանը
դան․՝ Fyrtøiet
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգրական հեքիաթ և հեքիաթ
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա և  Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուդանիերեն
Հրատարակվել էմայիսի 8, 1835
 The Tinder Box

«Հրահանը» (դան․՝ Fyrtøiet), դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Առաջին անգամ հրատարակվել է 1835 թվականի մայիսի 8-ին «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» (դան․՝ «Eventyr, fortalte for Børn») հեքիաթների ժողովածուում։

Զինվորը վերադառնում էր պատերազմից։ Ճանապարհին հանդիպում է մի տգեղ ծեր կնոջ (վհուկի)։ Վհուկը զինվորին խնդրում է մտնել հին ծառի փչակը և խոստանում, որ նա այնտեղ շատ փող կգտնի, որը կարող է վերցնել իրեն։ Սակայն փողերը 3 սնդուկների մեջ էին, որոնք գտնվում էին առանձին սենյակներում։ Յուրաքանչյուր սնդուկի վրա նստած էր մի շուն, և շները մեկը մյուսից սարսափելի էին։ Առաջին շան աչքերը նման էին թեյի գավաթի, երկրորդինը՝ ջրաղացքարի, իսկ երրորդի, որն ամենասարսափելին էր, ամեն մի աչքը նման էր Կլոր աշտարակին։ Վհուկը զինվորին բացատրում է, թե ինչպես վարվի շների հետ, որպեսզի նրանք վնաս չհասցնեն։ Իսկ իր համար խնդրում է բերել հին հրահանը։

Զինվորը բարձրանում է ծառը, մտնում փչակի մեջ և ցած իջնում։ Այնտեղ նա գտնում է 3 սենյակ, որոնցից յուրաքանչյուրում կար մի սնդուկ, ամեն սնդուկի վրա էլ նստած էր մի շուն։ Ինչքան կարողանում է փող է վերցնում, այնուհետև վերցնում է հրահանն ու դուրս գալիս։ Նրան շատ է անհանգստացնում այն հարցը, թե վհուկի ինչին է պետք հին հրահանը։ Վհուկը չի պատասխանում։ Զինվորը զայրանում է ու թրով պառավի գլուխը կտրում։ Իսկ ինքը գնում է քաղաք, որտեղ ապրում էր արքայադուստրը։ Բայց արքայադստերը ոչ ոք տեսնել չէր կարող, որովհետև գուշակել էին, որ նա ամուսնանալու է հասարակ զինվորի հետ։ Նրան փակել էին մի բարձր աշտարակում, որպեսզի այդպիսի բան տեղի չունենա։

Զինվորն ամբողջ փողն արագ ծախսում է և այդ ժամանակ էլ հանկարծ հիշում է հրահանի մասին։ Պարզվում է՝ հրահանը կախարդական է։ Այն կարող էր կանչել փչակի շներին, իսկ շները կարող էին կատարել նրա բոլոր ցանկությունները։

Զինվորը շանը խնդրում է իր մոտ բերել արքայադստերը։ Շունը 3 անգամ կատարում է այդ պահանջը։ Զինվորին արքայադուստրը դուր է գալիս, վերջինիս էլ զինվորը։ Երրորդ անգամ թագավորը պարզում է, թե արքայադուստրն ուր է կորչում։ Նա հրամայում է զինվորին ձերբակալել և հաջորդ օրը գլխատել։ Բայց հրահանը նորից ազատում է զինվորին։ Շները նրան փրկում են։ Եվ քանի որ, զինվորին փրկելով, նրանք սպանել էին թագավորին, քաղաքի բնակիչները զինվորին խնդրում են դառնալ իրենց թագավորը և ամուսնանալ արքայադստեր հետ։

Զինվորը դառնում է թագավոր և ամուսնանում արքայադստեր հետ։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հրահանը» / Fyrtøjet − 1946, Դանիա, ռեժիսոր՝ Svend Methling, դանիական առաջին լիամետրաժ մուլտֆիլմը[1]
  • «Հրահանը» / Elddonet − 1951, Շվեդիա, ռեժիսոր՝ Խելգ Հագերման
  • «Հրահանը» / Das Feuerzeug − 1958, Գերմանիա (ԳԴՀ), ռեժիսոր՝ Զիգֆրիդ Հարթման
  • «Հին, հին հեքիաթ» (1968, ԽՍՀՄ, ռեժիսոր՝ Նադեժդա Կոշևերովա), նկարահանվել է Հ. Ք. Անդերսենի 3 հեքիաթների՝ «Հրահանը», «Խոզարածը» և «Դմբո Հանսը», հիման վրա
  • «Հրահանը» / Křesadlo − 1985, Չեխոսլովակիա, ռեժիսոր՝ Դագմար Դոուբկովա
  • «Հրահանը» / Fyrtøjet − 1993, Դանիա, ռեժիսոր՝ Միպայիլ Բադիցա, կարճամետրաժ մուլտֆիլմ
  • «Հրահանը» / Fyrtøjet − 2005, Դանիա, ռեժիսոր՝ Յորգին Բինգ, կարճամետրաժ մուլտֆիլմ
  • «Հրահանը» − 2009, Ռուսաստան, ռեժիսոր՝ Մարիա Պարֆենովա, մուլտֆիլմ
  • «Duch nad zlato» − 2013, Չեխիա, ռեժիսոր՝ Զդենեկ Զելենկա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. From the Tinder Box to the Ugly Duckling, Danish Film Institute, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 31-ին, Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրահանը» հոդվածին։