Հռոդոսի արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հռոդոսի արվեստ։ Ուշ շրջանի հելլենիստական կերտարվեստի օրինակներ է տալիս Հռոդոսի՝ Եգեյան ծովի կղզեխմբի ամենաարևելյան կղզու արվեստը (մ.թ.ա.2-րդ-1-ին դարեր)։ Հռոդոսյան քանդակագործությանը մեծ չափով բնորոշ են իրենց թեմաներով սուր դրամատիկական բազմապատկեր խմբերը։ Բայց հռոդոսյան վարպետները չէին ձգտում հերոսական կերպարի ներքին խանդալիցության (պութետիկայի) բացահայտմանը։ Նրանք մարմնավորում էին դրամատիկական բարդ բախումներն արտաքուստ միտումնավոր պատմողական ոճով։ Այդպիսին է «Ֆարնեզյան ցուլ» քանդակային խումբը («Դիրկի մահապատիժը» մ.թ.ա.2-րդ դարի վերջ, Նեապոլ, Ազգային թանգարան) կամ հռոդոսյան դպրոցի ամենափառաբանված երկը՝ «Լաոկոոն» խումբը (Հռոմ, Վատիկան), որ կերտել են Աղեսանդրոսը, Պոլիդորոսը և Աթենոդորոսը մ.թ.ա. 40 թվականին։ Չափազանց խանդալից ու ակնառու է պատկերվաց վիշապների խեղդած տրոյական քրմի և նրա երկու որդիների զարհուրելի կործանումը.խումբը հմտորեն ծավալված է մեկ հարթության վրա և ընկալվում է ճակտոնայի տեսանկյունից։ Սակայն ընդհանուր մտահղացման մելոդրամատիզմը, ներքին խոր բովանդականության բացակայությունը, բնօրինակման չորությունը նվազեցնում են ստեղծագործության ներգործության ուժը։ Մ.թ.ա.2-րդ-1-ին դարերում սկսված հասարակական հարաբերությունների ճգնաժամն արտահայտվեց նաև արվեստում։ Հետագա դարերի ընթացքում Հին Հունաստանի և հելլենականության արժեքավոր ժառանգությունից շատ բան անհետացել է։ Բայց հետո հումանիզմի ծաղկման յուրաքանչյուր փուլում աշխարհի բոլոր նկարիչները դիմում էին հունական արվեստի հուշարձաններին, քանզի դրանցում իրենց գեղարվեստական վսեմ մարմնավորումն էին գտնում քաղաքացիականության ոգին, մարդու արժեքավորության հաստատումը, արվեստի հսկայական դաստիարակչական նշանակության պատկերացումը։ Այդ պատճառով անտիկ արվեստի երկերը ոչ միայն վաղուց անցած դարաշրջանի հուշարձաններ են, այլև կենդանի կերպարներ, մարդկային ստեղծագործության գլուխգործոցներ, որոնք այսօր մեզ խոր գեղագիտական ուրախություն են պատճառում։ Դրանք ոգեշնչում են արդի քանդակագործության վարպետներին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Ներսիսյան, Մ․ Երզնկյան «Արտասահմանյան արվեստի պատմություն», Երևան, 2003 թ