Jump to content

Հովհաննես Խիզանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Խիզանցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունգրիչ և մանրանկարիչ
«Տիրոջ մուտքը Երուսաղեմ», Հովհաննես Խիզանցու մանրանկարներից

Հովհաննես Խիզանցի, XIV դարի վերջի և XV դարի սկզբի հայ գրիչ և մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ամենաճանաչված ու ամենաբեղուն ներկայացուցիչներից։

Նրա աշխատանքները համարվում են «վասպուրականյան ոճի» դասական նմուշներ։ Ստեղծագործել է Խիզան քաղաքում։ Ուսուցիչները եղել են Խիզանի Գամաղիելի վանքի առաջնորդներ Հովհաննես Րաբունին և Կիրակոս վարդապետը։ Հովհաննես Խիզանցու պատկերազարդած ձեռագրերը ընդօրինակել է նաև եղբայրը՝ Զաքարիան։ Հովհաննես Խիզանցու ընդօրինակած և պատկերազարդած ձեռագրերից 12-ը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ №№ 346 (1390-1400 թվականներ), 3717 (1392 թվական), 898 (1401 թվական), 8904 (1401 թվական), 4223 (1401 թվական), 5562 (1402 թվական), 5727 (1404 թվական), 4684 (1407 թվական), 5444 (1417 թվական), 1875 (XIV-XV դարեր), 5458 (XV դար), 8897 (XV դար), որոնցից յոթը Ավետարան է, մյուսները՝ Նարեկ, Մաշտոց, Աստվածաշունչ, Հայսմավուրք և ճաշոց։ Արտասահմանյան հավաքածուներում գտնվող ձեռագրերից առավել հետաքրքրականը Վենետիկի Մխիթարյան մատենադարանում պահվող 1368 թվականի Ավետարանն է։ Նա պահպանել է Վասպուրականի պատկերագրական հնամենի ձևերը։ Ի տարբերություն այլ նկարիչների, տոնական համարվող շարից զատ պատկերել է ավետարանական պատմությունների հետ կապված միջանկյալ, ինչպես նաև ծիսական զանազան թեմաներ։ Վասպուրականի մանրանկարչության «խորհրդանշական-ֆոլկլորային» բնույթը նոր որակ է ստացել նրա ստեղծագործություններում։ Հովհաննես Խիզանցին ձգտել է հասնել գծանկարի և գունապատկերի արտահայտչականության։ Նրա գիծը արտակարգ սահուն է, ճկուն, որը, հարաբերվելով հյութեղ գուներանգին, կերպարներին հաղորդում է կենդանություն։ Նա դիմում է նաև հանպատրաստից հորինումների, իմպրովիզացիոն ձևերի, որոնք դառնում են անմիջականության և իրականության տարրերի կրողներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 561