Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (այլ կիրառումներ)
Հովհաննես Թումանյանի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | հուշային թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան |
| Վայր | Երևան |
| Հասցե | Մոսկովյան 40, Երևան, Հայաստան |
| Հիմնադրվել է | 1953 |
| Այցելուներ | 40 000 մարդ |
| Տնօրեն | Անի Եղիազարյան |
| Կայք | toumanian.am |
![]() | |
![]() | |
Հովհաննես Թումանյանի թանգարան, հիմնադրվել է 1953 թվականի ապրիլի 5-ին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։
1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով[1]։
Առաջին հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծննդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։
Երկրորդ հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։
Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքը բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։

«Լոռվա ձորը» համայնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի գողտրիկ անկյուններից է «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով՝ այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը։
Դահլիճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի ընդարձակ, լուսավոր դահլիճ՝ նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար և երկու այգի։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը թումանյանագիտական ու մշակութային գործուն կենտրոն է, որտեղ բացի թումանյանական ընթերցումներից, պոեզիայի երեկոներից ու հեքիաթին նվիրված տոնահանդեսներից՝ կազմակերպվում են նաև տարաբնույթ ցուցահանդեսներ։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է բարձունքի վրա, Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան 40 հասցեում, և թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան, որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է[2]։
2023 թվականի սեպտեմբերին թանգարանը փակվեց վերանորոգման ու հիմնանորոգման, ինչի համար Հայաստանի կառավարությունը 750 մլն դրամ էր հատկացրել: Այդ կապակցությամբ թանգարանը գործում է Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում՝ Երևան, Աբովյան 51/1 հասցեում[3]:
2025 թվականի նոյեմբերի 18-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում որոշում է ընդունվել՝ քանդել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի երկրորդ մասնաշենքը, որպեսզի դրա տեղում նոր շենք կառուցվի[4]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Եղեգնյա գրչով. գրական Երևան | Հովհաննես Թումանյան». Ժամ Ամսագիր. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Հովհաննես Թումանյանի թանգարանի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». Գոլոս Արմենիի. Վերցված է 2026-01-23-ին.
- ↑ «Երևանում քանդվելու է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի երկրորդ մասնաշենքը». NEWS.am. Վերցված է 2026-01-23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 239)։ |

