Հողի օրգանական նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողի օրգանական նյութեր հողի բաղադրության մեջ մտնող օրգանական միացությունների համալիր։ Օրգանական նյութերի առկայությունն այն հիմնական հատկանիշներից է, որով հողը տարբերվում է մայրական ապարից։ Ձևավորվում են բուսական և կենդանական նյութերի քայքայման պրոցեսում։ Դրանք կենդանի և անկենդան բնության նյութերի փոխանակության կարևորագույն օղակն են։ Օրգանական նյութերի քանակով և բնույթով է բնորոշվում հողակազմող պրոցեսի ուղղությունը, հողի կենսաբանական, քիմիական, ֆիզիկական հատկությունները, բերրիությունը։

Օրգանական նյութերի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական նյութերը կազմված են տարբեր քանակի քայքայված բուսական, և կենդանական, մնացորդներից, բայց հումուսային նյութերը դրանցում անպայման գերակշռում են։ Օրգանական նյութերի գլխավոր աղբյուրը հողում բուսական ծածկոցն է՝ քայքայվող արմատները և վերգետնյա զանգվածը։ Օրգանական զանգվածի մի մասը (տարին մի քանի հարյուր կգ/հա) հողի մեջ է մտնում մեռած կենդանիների և մանրէների պլազմայի ձևով։ Օրգանական մնացորդները մտնելով հող միկրո օրգանիզմների, միկրո, մեզո և մակրո ֆաունայի ներգործության շնորհիվ հումիֆիկացվում են։

Հողի օրգանական նյութերի քայքայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի օրգանական նյութերի քայքայումը միկրո օրգանիզմների ներգործությամբ մեծ ազդեցություն է թողնում հողի օքսիդացման վերականգնման ռեժիմի վրա, հումուսային նյութերն ազդում են հողի փոխանակային ծավալի և բուֆերականության վրա, ունակ են ուռչելու, որով և որոշում են հողի՝ ջուրը պահող հատկությունը։ Օրգանական նյութերը սննդատարրերի աղբյուր են բույսերի համար։ Բուսական մնացորդների յուրաքանչյուր տոննայի հետ հող է մտնում 5–10 կգ ազոտ և 30–50 կգ մոխրային նյութեր (ֆոսֆոր, կալիում, ծծումբ և այլ տարրեր)։

Հողի հումուսը բույսերի համար ազոտի կարևորագույն աղբյուր է։ Օրգանական նյութերը նաև ֆոտոսինթեզի պրոցեսում օգտագործվող ածխաթթու գազի կարևոր աղբյուր են։ Հողի օրգանական նյութերի մեջ են մտնում նաև ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր՝ վիտամիններ, աուքսիններ, անտիբիոտիկներ, որոնք հողի մեջ են մտնում բույսերի արմատների, գոմաղբի, կոմպոստների, բուսական և կենդանական մնացորդների հետ միասին։ Գյուղատնտեսական արտադրության պայմաններում կարևոր է հողի օրգանական նյութերի արդյունավետ օգտագործումը՝ դրա պաշարները լրացնելով գոմաղբի, կոմպոստների, միամյա և բազմամյա խոտերի ցանքի միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։