Հոլդինգային ընկերություն
| Ենթակատեգորիա | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն | |
|---|---|---|
| Թեմայով վերաբերում է | associated company | |
| Հիմնական կարգավորիչ տեքստ | Act on Prohibition of Private Monopolization and Maintenance of Fair Trade | |
Հոլդինգային ընկերություն (հոլդինգ), ընկերություն, որի հիմնական գործունեությունը այլ ընկերությունների արժեթղթերում վերահսկիչ փաթեթ ունենալն է[1]։ Հոլդինգային ընկերությունը սովորաբար ինքնուրույն ապրանքներ չի արտադրում կամ ծառայություններ չի մատուցում։ Դրա նպատակն է տիրապետել այլ ընկերությունների բաժնետոմսերին՝ կորպորատիվ խումբ ստեղծելու համար։
Հոլդինգային ընկերությունները կարող են նաև իրականացնել առևտրային և այլ գործարար տեսակի գործունեություն։ Նրանք նվազեցնում են բաժնետերերի ռիսկերը և կարող են թույլ տալ մի քանի տարբեր ընկերությունների սեփականությունն ու վերահսկողությունը։ Նրանք կարող են հանդես գալ որպես դուստր ընկերություններ բազմամակարդակ կառուցվածքներում։
Հոլդինգային ընկերությունները ստեղծվում են նաև այնպիսի ակտիվներ պահելու համար, ինչպիսիք են մտավոր սեփականությունը կամ առևտրային գաղտնիքը, որոնք պաշտպանված են օպերացիոն (գործառնական) ընկերությունից։ Դա ավելի փոքր ռիսկ է ստեղծում, երբ խոսքը վերաբերում է դատական վարույթներին։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում քվեարկության և արժեքի առումով բաժնետոմսերի 80%-ը պետք է պատկանի ընկերությանը, որպեսզի հնարավոր լինի պահանջել հարկային համախմբման արտոնություններ, ինչպիսիք են անհարկ դիվիդենտները[2]։ Այսինքն, եթե Ա ընկերությանը պատկանում է Բ ընկերության բաժնետոմսերի 80%-ը կամ ավելին, Ա ընկերությունը չի վճարի դիվիդենտների հարկ այն գումարներից, որոնք Բ ընկերությունը վճարում է իր բաժնետերերին, քանի որ Բ-ից Ա դիվիդենտների վճարումն ըստ էության կանխիկի փոխանցում է մեկ միասնական ձեռնարկության ներսում։ Բ ընկերության ցանկացած այլ բաժնետեր կվճարի դիվիդենտների սովորական հարկերը, քանի որ դրանք հանդիսանում են օրինական և սովորական դիվիդենտներ այդ բաժնետերերի համար։
Աշխարհի որոշ իրավասություններում (յուրիսդիկցիաներում) հոլդինգային ընկերությունները կոչվում են մայր ընկերություններ։ «The New York Times»-ն օգտագործում է «մայր հոլդինգային ընկերություն» տերմինը[3]։ Երբեմն ընկերությունը, որը նախատեսված է լինել մաքուր հոլդինգային ընկերություն, իր անվանն ավելացնում է «Հոլդինգ» կամ «Հոլդինգս» բառը[4][5]։
Ըստ երկրների
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայր ընկերության և դուստր ընկերության փոխհարաբերությունները սահմանված են 2001 թվականի «Կորպորացիաների մասին» օրենքի (Corporations Act 2001 (Cth)) 1.2-րդ մասի 6-րդ բաժնի 46-րդ հոդվածով, որտեղ նշվում է[6]․
Իրավաբանական անձը (այս բաժնում կոչվում է առաջին մարմին) համարվում է մեկ այլ իրավաբանական անձի դուստր ընկերություն միայն և միայն այն դեպքում, եթե՝
- (a) մյուս մարմինը՝
- (i) վերահսկում է առաջին մարմնի տնօրենների խորհրդի կազմը. կամ
- (ii) ի վիճակի է տնօրինել կամ վերահսկել առաջին մարմնի ընդհանուր ժողովում քվեարկության առավելագույն ձայների կեսից ավելին. կամ
- (iii) տիրապետում է առաջին մարմնի թողարկված բաժնետիրական կապիտալի կեսից ավելիին (բացառությամբ թողարկված բաժնետիրական կապիտալի այն մասի, որը շահույթի կամ կապիտալի բաշխման ժամանակ սահմանված գումարից ավելի մասնակցության իրավունք չի տալիս). կամ
- (b) առաջին մարմինը հանդիսանում է մյուս մարմնի դուստր ընկերության դուստր ձեռնարկությունը։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորոնտոյում գործող փաստաբան Մայքլ Ֆինլին նշել է. «Զարգացող միտումը, որը թույլ է տալիս միջազգային հայցվորներին հայցեր ներկայացնել կանադական մայր ընկերությունների դեմ՝ նրանց օտարերկրյա դուստր ընկերությունների ենթադրյալ անօրինական գործունեության համար, նշանակում է, որ կորպորատիվ քողը այլևս փրկօղակ չէ հայցվորի գործի դեմ»[7]։
Կանադայում հոլդինգային ընկերությունները սովորաբար օգտագործվում են ներկորպորատիվ անհարկ դիվիդենտներ ապահովելու համար, ինչը թույլ է տալիս շահաբաժիններին օպերացիոն դուստր ձեռնարկությունից հոսել դեպի մայր հոլդինգային կորպորացիա՝ առանց անմիջական կորպորատիվ հարկման, պայմանով, որ կատարվեն Կանադայի հարկային օրենսդրությամբ սահմանված սեփականության և վերահսկողության որոշակի պայմանները[8]։
Սինգապուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայր և դուստր ընկերությունների փոխհարաբերությունները սահմանված են «Ընկերությունների մասին» օրենքի 1-ին մասի 5-րդ բաժնի 1-ին ենթաբաժնով, որտեղ նշվում է[9]․
5.—(1) Սույն Օրենքի նպատակներով, կորպորացիան, հաշվի առնելով (3) ենթաբաժինը, համարվում է մեկ այլ կորպորացիայի դուստր ընկերություն, եթե՝
- (a) այդ մյուս կորպորացիան՝
- (i) վերահսկում է առաջինը հիշատակված կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմը. կամ
- [Օրենք 36, 2014 թ. ուժի մեջ է մտել 01/07/2015-ից]
- (ii) վերահսկում է առաջինը հիշատակված կորպորացիայի ձայնի իրավունքի կեսից ավելին. կամ
- (iii) [Ջնջված է Օրենք 36-ով, 2014 թ. ուժի մեջ է մտել 01/07/2015-ից]
- (b) առաջինը հիշատակված կորպորացիան հանդիսանում է ցանկացած այնպիսի կորպորացիայի դուստր ընկերություն, որն իր հերթին հանդիսանում է այդ մյուս կորպորացիայի դուստր ընկերությունը։
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Թագավորությունում ընդհանուր առմամբ ընդունված է, որ այն կազմակերպությունը, որն ընկերությունում ունի «վերահսկիչ բաժնեմաս» (բաժնետոմսերի ավելի քան 51%-ի տիրապետում), փաստացի հանդիսանում է ֆիրմայի դե-ֆակտո մայր ընկերությունը՝ ունենալով գերակա նյութական ազդեցություն վերահսկվող ընկերության գործառնությունների վրա, նույնիսկ եթե պաշտոնական ամբողջական կլանում չի իրականացվել։ Երբ ամբողջական կլանումը կամ գնումն իրականացվում է, համարվում է, որ ձեռք բերված ընկերությունը դադարել է գործել որպես անկախ սուբյեկտ և դարձել է գնորդ ընկերության դուստր ձեռնարկություն, որն իր հերթին դառնում է դուստր ընկերության մայր ընկերությունը։ (50%-ից ցածր բաժնեմասը նույնպես կարող է բավարար լինել մայր ընկերությանը նյութական ազդեցություն տալու համար, եթե նրանք հանդիսանում են ամենախոշոր անհատական բաժնետերը կամ եթե նրանց վստահված է գործառնությունների կառավարումը ոչ օպերացիոն բաժնետերերի կողմից)[10][11]։
Ընկերությունների մասին օրենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Թագավորությունում «հոլդինգային ընկերություն» տերմինը սահմանված է 2006 թվականի «Ընկերությունների մասին» օրենքի (Companies Act 2006) 1159-րդ հոդվածում[12]։ Այն սահմանում է հոլդինգային ընկերությունը որպես մի ընկերություն, որն ունի քվեարկության իրավունքների մեծամասնությունը մեկ այլ ընկերությունում, կամ հանդիսանում է մեկ այլ ընկերության անդամ և իրավունք ունի նշանակել կամ հեռացնել նրա տնօրենների խորհրդի անդամների մեծամասնությանը, կամ հանդիսանում է մեկ այլ ընկերության անդամ և միայնակ վերահսկում է (այդ ընկերության այլ անդամների հետ համաձայնագրի հիման վրա) քվեարկության իրավունքների մեծամասնությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկային գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո ԱՄՆ բազմաթիվ ներդրումային բանկեր վերածվեցին հոլդինգային ընկերությունների։ Ֆինանսական հաստատությունների քննության դաշնային խորհրդի (Federal Financial Institutions Examination Council) կայքի համաձայն՝ JPMorgan Chase-ը, Bank of America-ն, Citigroup-ը, Wells Fargo-ն և Goldman Sachs-ը ֆինանսական հատվածի հինգ խոշորագույն բանկային հոլդինգային ընկերություններն էին 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ հիմնված ընդհանուր ակտիվների վրա[13]։
Կոմունալ ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականի «Հանրային կոմունալ ծառայությունների հոլդինգային ընկերությունների մասին» օրենքը (Public Utility Holding Company Act of 1935) ստիպեց շատ էներգետիկ ընկերությունների օտարել իրենց դուստր ձեռնարկությունները։ 1938-1958 թվականների ընթացքում հոլդինգային ընկերությունների թիվը 216-ից նվազեց հասնելով 18-ի[14]։ 2005 թվականին ընդունված էներգետիկ օրենքը (Energy Policy Act of 2005) վերացրեց 1935 թվականի պահանջները, ինչը հանգեցրեց միաձուլումների և հոլդինգների ձևավորմանը էլեկտրաէներգիայի մարքեթինգով և բրոքերային գործունեությամբ զբաղվող ընկերությունների շրջանում[15]։
Հեռարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան ռադիոհեռուստատեսային հեռարձակման ոլորտում շատ խոշոր մեդիա կոնգլոմերատներ ուղղակիորեն գնել են ավելի փոքր հեռարձակողների, սակայն չեն փոխել հեռարձակման լիցենզիաները դա արտացոլելու համար։ Արդյունքում կան կայաններ, որոնք դեռևս լիցենզավորված են, օրինակ, Jacor-ին և Citicasters-ին, ինչը նրանց փաստացի դարձնում է իրենց սեփականատեր iHeartMedia-ի դուստր ընկերություններ։ Դա երբեմն արվում է ըստ առանձին մեդիա շուկաների։ Օրինակ՝ Ատլանտայում թե՛ WNNX-ը, թե՛ ավելի ուշ WWWQ-ն լիցենզավորված են «WNNX LiCo, Inc.» ընկերությանը (LiCo նշանակում է լիցենզավորող ընկերություն), և երկուսն էլ պատկանում են Susquehanna Radio-ին (որը հետագայում վաճառվեց Cumulus Media-ին)։ ԶԼՄ-ների սեփականության չափից ավելի կենտրոնացումը կանխելու համար սահմանաչափերը որոշելիս՝ այս բոլորը վերագրվում են մայր ընկերությանը, ինչպես և վարձակալված կայանները, ինչը կարգավորվում է հեռարձակման կանոնակարգերով։
Անձնական հոլդինգային ընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգներում անձնական հոլդինգային ընկերությունը սահմանված է Ներքին եկամուտների օրենսգրքի (Internal Revenue Code) 542-րդ հոդվածում։ Կորպորացիան համարվում է անձնական հոլդինգային ընկերություն, եթե բավարարվում են հետևյալ երկու պահանջները[16]․
- Համախառն եկամտի թեստ. կորպորացիայի ճշգրտված սովորական համախառն եկամտի առնվազն 60%-ը ստացվում է շահաբաժիններից (դիվիդենտներից), տոկոսներից, վարձակալությունից և ռոյալթիներից։
- Բաժնետոմսերի սեփականության թեստ. կորպորացիայի շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի արժեքի ավելի քան 50%-ը պատկանում է հինգ կամ ավելի քիչ անհատների։
Մայր ընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայր ընկերությունը ընկերություն է, որն ունի բավարար ձայնի իրավունք մեկ այլ ֆիրմայում (կամ «դուստր ձեռնարկությունում»)՝ վերահսկելու դրա կառավարումն ու գործառնությունները՝ ազդելով կամ ընտրելով նրա տնօրենների խորհուրդը[17]։ Մայր ընկերության սահմանումը տարբերվում է ըստ իրավասությունների (յուրիսդիկցիաների)՝ սովորաբար սահմանվելով տվյալ երկրի կորպորատիվ օրենսդրությամբ։
Երբ գործող ընկերությունը հիմնադրում է նոր ընկերություն և իրեն է պահում բաժնետոմսերի մեծամասնությունը, իսկ այլ ընկերությունների հրավիրում է գնելու փոքրամասնության բաժնեմասերը, այն կոչվում է մայր ընկերություն[17]։ Մայր ընկերությունը կարող է պարզապես լինել մի ընկերություն, որն ամբողջությամբ տիրապետում է մեկ այլ ընկերության, որն այդ դեպքում կոչվում է «ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «holding company». Dictionary by Merriam-Webster (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021-09-03-ին.
- ↑ I.R.C. § 1504(a); I.R.C. § 243(a)(3)։
- ↑ Bedingfield, Robert E. (1973 թ․ փետրվարի 21). «C.&O. Acts to Broaden System And Form a Holding Company». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Elliott, Stuart (2010 թ․ դեկտեմբերի 8). «Retired Brands Bring Dollars and Memories-Advertising». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին. «owns a company called Brands USA Holdings»
- ↑ «Company News; Williams Holdings Makes Bid for Racal». The New York Times. 1991 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Corporations Act 2001». Federal Register of Legislation. 2020 թ․ փետրվարի 18.
- ↑ Melnitzer, Julius (2019 թ․ հունիսի 25). «Why parent companies may soon be unable to claim immunity from their subsidiary's liabilities». Financial Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Shad, CPA, LPA, Faiq. «Setting Up a Holding Company in Canada: Is It Right for Your Business?». FShad CPA. Վերցված է 2026-01-29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Companies Act». Singapore Statues Online. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ P. Davies (2015 թ․ հունվար). Shareholders in the United Kingdom (PDF). ECGI. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Dermot McCann (2010). The Political Economy of European Union. Polity. էջ 78. ISBN 9780745638911.
- ↑ «Companies Act 2006 - s.1159». legislation.gov.uk. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020-01-09-ին.
- ↑ «Holding Companies with Assets Greater Than $10 Billion». National Information Center. 2014 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014-11-28-ին.
- ↑ Hirsh, Richard. «Documenting History in the Making». National Museum of American History. Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին.
- ↑ «Public vs. Private Power: from FDR to Today». PBS. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014-11-28-ին.
- ↑ Cuiffo, Donna-Marie (1993-08-01). «Our Greatest Hits | The Personal Holding Company Trap: Federal Taxation». The CPA Journal. The New York State Society of CPAs. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017-12-06-ին.
- 1 2 «Subsidiary | Definition, Meaning, Parent Company, & Holding Company». Britannica Money (անգլերեն). Վերցված է 2023-09-14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոլդինգային ընկերություն կատեգորիայում։ |
- Անգլերեն բառեր և արտահայտություններ
- Արժեթղթերի շուկա
- Բիզնես
- Բիզնես իրավունք
- Ընկերության տեսակներ
- Ընկերություններ
- Ընկերություններ ըստ տեսակի
- Իրավաբանական անձինք
- Իրավունք
- Իրավունք և տնտեսագիտություն
- Խառնուրդային ընկերություններ
- Կազմակերպական վարքագիծ
- Կորպորատիվ իրավունք
- Կորպորատիվ կառավարում
- Հոլդինգային ընկերություններ
- Ձեռնարկություններ
- Մենեջմենթ
- Տնտեսագիտական տերմիններ
- Տնտեսագիտություն
- Տնտեսական իրավունք
- Տնտեսություն
- Ֆինանսներ