Հյուսիսային երկրների բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Հյուսիսային երկրների բանկ, Վիբորգում տեղակայված ֆինանսավարկային հաստատություն, որը գործել է 1873 թվականից մինչև 1919 թվականը ընկած ժամանակահատվածում։ Վիբորգի կենտրոնում գտնվող Թատերական և Շուկայի հրապարակների անկյունում գտնվող բանկի շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիֆոններով պատշգամբ

Հյուսիսային երկրների առևտրա-արդյունաբերական բաժնետիրական բանկը հիմնադրվել է 1872 թվականին գերմանական ծագմամբ վիբորգցի մի խումբ վաճառականների կողմից։ Բանկի նախնական կանոնադրական կապիտալը կազմել է 7,5 միլիոն ռուբլի։ Այն իր գործունեությունը սկսել է 1873 թվականից որպես Ֆինլանդիայի արտաքին առևտրի սպասարկման հաստատություն։ Սկզբում բաժանմունք է ունեցել Սանկտ Պետերբուրգում, այնուհետև կենտրոնացել է մասնաճյուղերի ներքին ֆիննական ցանցի ընդլայնման վրա։ 1900 թվականին բանկի գլխավոր գրասենյակի համար ճարտարապետ Վալդեմար Ասպելինի նախագծով Վիբորգում կառուցվել է վիթխարակերտ շենք նոր-վերածննդի ոճով Ֆլորենցիական պալացցոյի նմանությամբ։ Բանկից բացի շենքում տեղակայված են եղել նաև այլ կազմակերպություններ։

Քառահարկ շենքի ավելի երկար արևելյան ճակատը, որը նայում է դեպի Շքերթային հրապարակ, զարդարված է տանիքի վրա գտնվող Վիբորգի նահանգային զինանշանով։ Շենքի երկրորդ և երրորդ հարկերի կենտրոնում տեղակայված են պատշգամբներ։ Երկրորդ հարկում՝ պատշգամբի եզրերին, տեղադրված են հարստություն պահապան արծվառյուծների քանդակներ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Վիբորգի բանկի շենքի մերձակայքում տեղակայված են եղել մի քանի մրցակից բանկեր (մասնավորապես, Ֆինլանդական միացյալ բանկի «վենետիկյան պալացցոն» հարել է «Ֆլորենցիական պալացցո»-ին) և պատվիրատուները գովազդային նպատակով միջոցներ չեն խնայել շենքի առաջին հարկը գրանիտով երեսպատելու համար։ Շուկայի հրապարակի կողմում գտնվող գլխավոր մուտքով հաճախորդները լայն սանդուղքով բարձրանում էին երկրորդ հարկ, որտեղ տեղակայված էր գործառնական դահլիճը հղկված գրանիտե սյուններով և ապակե տանիքով։ Շինարարությունն ավարտելուց հետո Վալդեմար Ասպելինը անհաջող փորձեր կատարեց «Կլոր աշտարակի» շենքի քանդման ուղղությամբ, քանի որ այն փակում էր բանկի հյուսիսային ճակատի գլխավոր մուտքը, որը զարդարված էր Մերկուրիի գվազանի պատկերներով։ Գլխավոր մուտքի վերևում գտնվող մեդալիոնի և մայթին տեղադրված խճանկարային սալահատակի վրա ֆիններեն և շվեդերեն լեզվով գրված էին բանկի անվանման սկզբնատառերը (Pohjoismaiden Osakepankki Kauppaa ja Teollisuutta varten, Nordens Aktiebank):

Հյուսիսային ճակատը կլոր աշտարակի ֆոնին

1907 թվականին բանկի մասնաճյուղերի թիվը հասել է 36-ի, և բանկի ղեկավարությունը տեղափոխվել է Հելսինկի, բայց Վիբորգի գրասենյակը պահպանվել է։ Սկսած 1919 թվականից Հյուսիսային երկրների բանկի և Ֆինլանդիայի միացյալ բանկի միաձուլումից հետո շենքում տեղակայված է եղել Հյուսիսային երկրների Միացյալ բանկի մասնաճյուղը։ Շենքը վնասվել է խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) ժամանակ։ Պատերազմից հետո վերականգնվել է գործառնական դահլիճի ապակե առաստաղը։ 1940 թվականին նախկին բանկի տարածքները զբաղեցրել են քաղաքային կոմունալ տնտեսությունը, հետագայում՝ Վիբորգի շրջանային գործադիր կոմիտեն և խորհրդային այլ հաստատություններ (օրինակ՝ առաջին հարկում գտնվել է կենտրոնական շրջանային գրադարանը)։

Սյունազարդ դահլիճում անցկացվել են պատգամավորների շրջանային խորհրդի նիստերը։ 1989 թվականին որոշվել է Վիբորգսկի շրջանը հանձնել Վիբորգի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդին և դրա հետևանքով ազատված տարածքները զբաղեցրել են այլ հաստատություններ ու կազմակերպություններ, այդ թվում` 1990 թվականին հիմնադրված Վիբորգ-բանկը, որը կրկին սկսել է օգտագործել գործառնական դահլիճը իր բուն նպատակների համար (2016 թվականին բանկի գործունեությունը դադարեցվել է)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Изображение здания на «Виртуальном Выборге»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8