Հիդրոիդաներ (Hydrozoa), հիդրոիդներ, աղեխորշավորների տիպի ջրային անողնաշարավոր կենդանիների դաս։ Մեծ մասին բնորոշ է սերունդների հաջորդականությունը. անսեռ սերունդը՝ պոլիպը, փոխարինվում է սեռական սերունդով՝ մեդուզայով։ Պոլիպներն առաջացնում են գաղութներ, որոնք հիմքով միանում են սուբստրատին։ Մեդուզաները բաժանասեռ են, հաճախ պոկվում են գաղութից և ազատ լողում։ Բեղմնավորված ձվաբջջից զարգանում է լողացող երկշերտ թրթուրը՝ պլանուլան։ Հիդրոզոաների որոշ տեսակների թաղանթում կրային աղեր կուտակվելով առաջացնում են մեծ խութեր։ Հիդրոզոաները սնվում են կենդանական կերով, շոշափուկների միջոցով որսում են պլանկտոնային խեցգետնիկներ, միջատներ, ձկների թրթուրներ։ Հայտնի է ավելի քան 2500 տեսակ։ Բրածո վիճակում հայտնի են կավճի շրջանից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 393)։