Հերցեգովինա-բոսնիական ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոսնիա և Հերցեգովինա (քարտեզ)

Հերցեգովինա-բոսնիական ապստամբություն (1875-1878), ժողովրդաազատագրական ապստամբություն Հերցեգովինայում և Բոսնիայում ընդդեմ թուրքական ֆեոդալական և ազգային հարստահարման։ Հիմնական շարժիչ ուժը գյուղացիներն էին, նրանց աջակցող քաղաքային արհեստավորները, առևտրական բուրժուազիան և մտավորականությունը։ Ապստամբները պայքարի միասնական ծրագիր չունեին։ Գյուղացիների շահերն արտահայտող հեղափոխական դեմոկրատները պահանջում էին ամբողջ հողը հանձնեն գյուղացիներին, դեմոկրատական պետություն, ինչպես նաև դեմոկրատական հիմունքներով Բոսնիայի և Հերցեգովինայի միավորումը Սերբիայի և Չեռնոգորիայի հետ։ Լիբերալ բուրժուաները պահանջում էին լոկ Բոսնիայի միավորումը Սերբիային, իսկ Հերցեգովինան՝ Չեռնոգորիային։ Ապստամբությունը սկսվեց 1875 թ. հուլիսի 5-ին, Նևեսինի մոտ (Հերցեգովինա), 1875 թ. օգոստոսին ապստամբություն բռնկվեց Բոսնիայում։ Ապստամբները հասան նկատելի հաջողությունների։ Նրանք շրջափակեցին մի շարք խոշոր քաղաքներ և թուրքական ամրոցներ։ Հերցեգովինա-բոսնիական ապստամբությունը վայելում էր հարավ-սլավոնական և այլ երկրների, Ռուսաստանի հասարակայնության համակրանքը, որն արտահայտվում էր նյութական օգնությամբ, կամավորներով և այլն։ Հերցեգովինա-բոսնիական ապստամբությունն արագացրեց, այսպես կոչված, 1875-78 բոսնիական ճգնաժամը (միջազգային կոնֆլիկտ Բալկաններում)։ 1876 թ.-ի հունիսին Սերբիան և Չեռնոգորիան պատերազմ հայտարարեցին Թուրքիային։ 1876-ի զինադադարի կնքումից հետո ապստամբությունը շարունակվեց՝ ավելի լայն թափ ստանալով Բոսնիայի հարավ-արևմուտքում։ 1877- 1878 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանում ապստամբները, մի շարք հաջող ճակատամարտերից հետո, թուրք զորքերից ազատագրեցին Հերցեգովինայի և Բոսնիայի տերիտորիաների մի մասը։ 1878 թ. Բեռլինի կոնգրեսի որոշմամբ Բոսնիան և Հերցեգովինան, որոնք 1877-78 թ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ինքնավարություն էին ստացել, հանձնվեցին Ավստրո-Հունգարիային։ 1878 թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին ավստրո-հունգարական զորքերը, հաղթահարելով ժողովրդի զինված դիմադրությունը, օկուպացրին նախկին թուրքական նահանգները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png