Հեռացիր, չդիպչես իմ շրջագծերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արքիմեդի մահը (Լուկա Ջորդանո)

«Հեռացիր, չդիպչես իմ շրջագծերին» (տարբերակներ՝ «Ձեռք չտաս իմ քարտեզներին», «Մի դիպիր իմ շրջագծերին», «Խփիր գլխիս, բայց ոչ գծագրերիս», լատ.՝ Noli turbare circulos meos!), թևավոր արտահայտություն, որը վերագրվում է Արքիմեդին։ Արքիմեդն իբր թե տվել է այդ «հպարտ պատասխանը»[1] հռոմեացի զինվորին, որը Սիրակուզայի վրա հարձակման ժամանակ պահանջում է, որ Արքիմեդն ընդհատի իր գիտական աշխատանքը, և ապա սպանում է նրան։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ քիչ տեղեկություններ են հայտնի Արքիմեդի կյանքի մասին, այդ իսկ պատճառով նրա կենսագրությունը լի է առասպելներով։ Մ.թ.ա. 212 թվականին հռոմեացի զինվորի ձեռքով մահը ևս լեգենդների ծնունդ է դարձել։ Պլուտարքոսը մեր թվարկության սկզբում, ի թիվս այլ տարբերակների, տեսարանը նկարագրում է հետևյալ կերպ. հռոմեական զորքերը մ.թ.ա. 3-րդ դարում ներխուժում են մեծ մաթեմատիկոս և մեխանիկ Արքիմեդի հայրենի Սիրակուզա քաղաքը։ Նվաճող բանակի զինվորներից մեկը մոտենում է Արքիմեդին այն պահին, երբ նա փռել էր իր երկրաչափական գծագրերը և խիստ զբաղված էր մեխանիկական հաշիվներով։ Զինվորը պահանջում է, որ Արքիմեդը հետևի իր հրամանատարին՝ Մարցիալին։ Արքիմեդը խնդրում է ժամանակ տալ խնդրի լուծման համար, սակայն գազազած զինվորը չի խնայում ոչ Արքիմեդին, ոչ գծագրերը, և թրով սպանում է նրան[2]։ Սակայն ոչ Պլուտարքոսը, ոչ Լիվիոսը չեն հիշատակել Արքիմեդի վերջին խոսքերը։

Առաջին անգամ արտահայտությունը լատիներեն Noli, obsecro, istum disturbare («Խնդրում եմ, ձեռք մի տուր սրանց») ձևով հանդես է եկել Վալերիուս Մաքսիմուսի մոտ։ 12-րդ դարում Արքիմեդն արդեն «խոսել է» Իոանես Ցեցեսի բառերով և հունարեն. «Երիտասարդ, հեռու մնա իմ նկարներից»։ Հիշատակումը, որ գծագրերը նկարված են եղել ավազի վրա, ևս վերագրվում է ուշ ժամանակաշրջանի[2]։

Ավանդության մեջ ասվում է, որ Արքիմեդը աղերսում է հռոմեացուն. «Խփի՛ր գլխիս, բայց ոչ գծագրերիս»։ Պատմում են, որ հռոմեական զորավարը՝ Կլավիդիոս Մարցիալը, որը գլխավորում էր սիցիլիական արշավանքը, խիստ վրդովվում է և ապիկար զինվորին վռնդում է բանակից՝ որպես հանցագործի, իսկ Արքիմեդի հարազատներին արժանացնում է մեծ պատվի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Франческо Патрицци. Об устроении государства.
  2. 2,0 2,1 Sherman Stein. Archimedes, What Did He Do Besides Cry Eureka? 1999. С. 2-3. ISBN 0-88385-718-9. (անգլ.)
  3. Ավետիսյան Կամսար (1973)։ Իմաստուն խոսքերի աշխարհում։ Երևան: «Հայաստան»։ էջեր 36–37 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]