Հելլենիզմը Արևելքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հելլենիզմը Արևելքում, Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների արդյունքում Արևմուտքի և Արևելքի սոցիալ-տնտեսական նույնատիպ, բայց առանձնահատուկ, ինքնուրույն գծեր ունեցող հարաբերությունների միաձուլումից և դրանց սինթեզից Արևելքում առաջացած ստրկատիրության նոր և ավելի բարձր աստիճանը, որը հայտնի է հելլենիզմ անվամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումները և հելլենիստական պետությունների առաջացումը մեծապես նպաստում են Արևելքի երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացմանը։

Հունա- մակեդոնական տիրապետության ժամանակ մեծ թվով գաղթականներ, զինվորներ, առևտրականներ ու արհեստավորներ են գալիս Արևելք։ Սրանք Արևելք են բերում իրենց ավելի կատարելագործծված արտադրության գործիքները, արտադրական կենսափորձը, բարձր մշակույթը, լեզուն, սովորույթները, պետական -վարչական ձևերը և այլն։

Գաղթականները Արևելքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն գաղթականները Արևելքում հիմնում են հելլենիստական տիպի ինքնավար, բայց թագավորական իշխանությանը ենթարկվող մեծ թվով քաղաքներ ու գաղթավայրեր, որոնք դառնում են արհեստագործության և առևտրի կենտրոններ։ Արևելքի քաղաքներից շատերը վերածվում են հելլենիստական տիպի ինքնավար քաղաքների։

Արևելքում պետական, տաճարային և տնական ստրկության կողքին զարգանում է մասնավոր անտիկ ստրկատիրությունը և ստրկական աշխատանքը մեծ չափերով կիրառվում է արտադրության բոլոր ճյուղերում։ Արևելքի հելլենիստական երկրներում հնուց գոյություն ունեցող հողի պետական սեփականության պահպանմամբ հանդերձ՝ առաջանում և զարգանում է հողի մասնավոր սեփականությունը:Գյուղական համայնքների կողքին հանդես են գալիս մասնավոր սեփականատիրական տնտեսություններ։

Փոփոխություններ տնտեսության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթերքների հանդեպ ունեցած զգալի պահանջների հետևանքով վերելք են ապրում երկրագործությունն ու անասնապահությունը։ Հելլենիստական քաղաքներում բարձր զարգացման աստիճանի են հասնում մետաղամշակությունը, մանածագործությունը, կավագործությունը, ապակեգործությունը, արհեստագործության մյուս ճյուղերը։ Զարգանում են նաև առևտուրն ու դրամական շրջանառությունը։ Հելլենիզմի դարաշրջանում առևտուրը ստանում է միջազգային բնույթ։ Արևելքի հելլենիստական երկրների տնտեսական կյանքի այս աննախընթաց զարգացումը իր ոյորտի մեջ է առնում նաև հարևան երկրներին, որոնք չէին նվաճվել Ալեքսանդր Մակեդոնացու կամ նրա հետնորդների կողմից։

Հելլենիզմի դրական և բացասական դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չի կարելի գերագնահատել հելլենիստական քաղաքների, տնտեսության ու առևտրի զարգացման դերն ու նշանակությունը։ Ինչպես ստրկատիրական բոլոր հասարակությունների, նույնպես և հելլենիզմի՝ որպես անտիկ հասարակության զարգացման նոր աստիճանի համար խիստ բնորոշ էին արտադրության բազայի նեղությունը, ստրկական աշխատանքի արտադրողականության սահմանափակությունը, արտադրության համեմատաբար ցածր մակարդակը։ Հելլենիզմը առաջադիմական մի խոշոր քայլ էր միայն Արևելքում գոյություն ունեցող նախորդ սոցիալ-տնտեսական հարաբերությունների, տնտեսական կյանքի դանդաղաշարժության նկատմամբ։ Հելլենիզմը ոչ միայն չի կարողանում լրիվ քայքայել Արևելքի հետամնացության ու դանդաղաշարժության հիմքը հանդիսացող գյուղական համայնքը, այլև ընդօրինակում և պահպանում է գյուղական համայնքի շահագործման՝ Արևելքում գոյություն ունեցող ձևը։ Հելլենիստական պետությունները Արևելքում ընդօրինակում են կառավարման բռնապետական ձևը՝ որոշ փոփոխություններով, հողի պետական սեփականության իրավունքը, վարչական բաժանման ու կառավարման համակարգը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975