Jump to content

Հացենի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթազգիներ
Ցեղ Հացենի
Տեսակ Հացենի սովորական
Լատիներեն անվանում
Fraxinus excelsior
Linneus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Հացենի սովորական (լատին․՝ Fraxinus excelsior), ձիթազգիների ընտանիքի, հացենի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ծառեր են՝ 25-35 (երբեմն՝ 40) մ բարձրությամբ և մինչև 1 մ բնի տրամագծով։ Երիտասարդ ծառերի կեղևը կանաչամոխրավուն է, հարթ, այնուհետև հասակի հետ ստանում է մուգ մոխրավուն, ճաքճքված տեսք։ Ընձյուղները բաց մոխրավուն են, կանաչավուն, մերկ, ծածկված նոսր, սպիտակավուն ոսպնյակներով։ Տերևային սպիները հաճախ խիստ թեքված են կիսալուսնաձև տերևահետքերով, որոնց հարթ մակերեսի վրա լավ են երևում անոթաթելային խրձերի պայտանման հետքերը։ Բողբոջները սև են կամ գորշավուն, ծածկված մանր խալերով։ Տերևները կազմված են 11 (երբեմն՝ 7-15) տերևիկներից, որոնք երկարավուն էլիպսաձև են կամ երկարավուն հակառակ-ձվաձև՝ 4-9 (երբեմն՝ 12) սմ երկարությամբ և 1,5-4 (երբեմն՝ 5) սմ լայնությամբ, նստադիր (կամ համարյա նստադիր), սրածայր գագաթով, անհավասար սղոցաեզր, երբեմն՝ կրկնակի սղոցաեզր, սեպաձև ամբողջաեզր հիմքով, վերի կողմից՝ մերկ, մուգ կանաչ, ներքևի կողմից' բաց կամ կապտականաչավուն, լավ արտահայտված, սպիտակավուն ջղերով, որոնք ներքևի կողմում ծածկված են գորշավուն կամ սպիտակ աղվամազով։ Ընդհանուր տերևակոթունը կիսակլոր է, փողրակավոր։ Տերևները բացվում են ծաղկելուց հետո։ Երկար (4-12 սմ), հուրանաձև ծաղկաբույլերը զարգանում են նախորդ տարվա ճյուղերի կողմնային ծաղկաբողբոջներից։ Ծաղիկը անշուք է, բաժակ և պսակ չունի։ Երկսեռ ծաղիկները կազմված են վարսանդից, վերնադիր սերմնարանից, ձգված սռնակից և 2 առէջներից։ Վարսանդային ծաղիկներում առէջները զարգացած չեն։ Առէջային ծաղիկները կազմված են միայն 2 առէջներից և հավաքված են կարճ փնջերում։ Փոշանոթները և սպին մուգ մանուշակագույն են։ Սևապտուղները նշտարաձև են կամ երկարավուն էլիպսաձև, 3,5-4,5 սմ երկարությամբ, 0,7-1 սմ լայնությամբ, դարչնագույն կամ պղտոր դարչնագույն, սուր կամ կլորավուն գագաթով, երբեմն՝ գագաթին փոսիկով և չորացած սռնակով։ Ընկուզիկը տափակ է, ակոսավոր։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Սերմերի ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։ Արմատային համակարգը հզոր է։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևելյան Եվրոպայում, Մոլդավիայում, Ղրիմում, Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, միջերկրածովափերում։ Մեր հանրապետությունում տարածված է հյուսիսային և կենտրոնական շրջաններում, Զանգեզուրում, ամենուրեք խառն անտառներում, անտառի ստորին եզրից մինչև վերին սահմանները։

Լուսասեր է, հարաբերական ջերմասեր (բարձր լեռնային շրջաններում աճող ծառերը ցրտադիմացկուն են, ցածրավայրերում աճողները՝ ջերմասեր)։ Հաճախ է տուժում ուշ գարնանային ցրտահարություններից։ Հողի Նկատմամբ պահանջկոտ չէ, չնայած լավ է աճում սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային, կրով հարուստ հողերում։ Լավ է տանում հողի և օդի չորությունը։ Լավ է հարմարվել քաղաքների պայմաններին։ Արագ է աճում։ Ապրում է մինչև 300 տարի, մինչև 70-75 տարին պահպանելով բնային մացառներ տալու հատկությունը։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտը օգտագործվում է նույն նպատակներով, ինչ որ հացենու մյուս տեսակներինը։ Կեղևը և սերմերը օգտագործում են, որպես խինինի սուռոգատ ճիճվաթափ միջոց։ Երիտասարդ պտուղները թթվեցնում են քացախի մեջ, որից հետո ուտվում են։ Սերմերը պարունակում են B1 և C վիտամիններ։ Տերևները օգտագործում են, որպես լուծողական և միզամուղ միջոց։ Կեղևից դաբաղանյութեր և սև, դարչնագույն, կապույտ ներկեր են ստանում։ Մեծ քանակությամբ մշակվում է անտառկուլտուրաներում, դաշտապաշտպան անտառաշերտերում, անտառմելիորատիվ տնկարկներում և կանաչապատման բնագավառում։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում սաղարթի ձևով (լացող), տերևներով (մանր, միատերև, եռատերև, գանգրաեզր), տերևների գույնով (սպիտակ-բծավոր, դեղնաբծավոր) և այլն։ Դեկորատիվ ձևերը բազմացնում են սովորական հացենու վրա պատվաստելով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 241։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի սովորական» հոդվածին։