Հայ քնարական բանահյուսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական քնարական բանահյուսությունը բաժանվում է 2 հիմնատիպի՝ հայրենների և խաղիկների։ Հայրենները քնարական հնագույն երգերն են՝ վկայված X դարում՝ իբրև ժողովրդական սգերգ (Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», Բան ԻՋ)։ «Հայերեն», «հայրեն», «հարեն» են կոչվել ազգային առանձնահատուկ տաղաչափության (հայրենի կարգաւ) համար։ Հայրենի չափով հորինվել են հիմնականում սիրո և ուրախության երգեր, որոնք միջնադարյան Հայաստանում խնջույքների ժամանակ թմբուկի, սրնգի, քնարի, փողի նվագակցությամբ երգել են գուսանները, վարձակները (կին գուսաններ)։ Խաղիկները, որոնց գրավոր անդրանիկ նմուշները հանդիպում են XVIII դարի ձեռագրերում, հայ ժողովրդական նոր քնարերգության ժողովրդական երգարվեստի հիմնատիպն են, նոր ժամանակների վիպակներ, զինվորի, աշխատանքային, ծիսական երգերի, պարերգերի հիմքը։ Դրանք՝ իբրև առանձին երգատեսակներ, հիմնականում սիրերգեր են և արտահայտում են սիրային պարզ զգացումներ։ Քնար, բանահյուսությունը բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով բաժանվում է մի քանի տեսակի։

  • Գեղջկական աշխատանքային երգերը վիպաքնարական բնույթի ստեղծագործություններ են, ուղեկցել են դաշտային ու առտնին աշխատանքներին և հատկանշվում են գործիքների, բանող անասունների գովքով, գյուղացու երազանքների ձգտումով։
  • Պանդխտության կամ ղարիբի երգերն առնչվում են միջնադարից սկսված պանդխտության հետ։ Դրանց բնորոշ են օտարություն մեկնողի և նրա հարազատների հրաժեշտի, պանդուխտի կարոտի, տառապանքի, հիվանդության, մահվան, հայրենիքում մնացած հարազատների սպասումների, ինչպես նաև վերադարձի ու դրա հետ կապված ուրախ ապրումների մոտիվները։
  • Զինվորի երգերը հայ քնարական բանահյուսության համեմատաբար նոր տեսակներից են՝ հորինված XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին՝ հայերին ցարական և թուրքական բանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու իրողության հետ։ Դրանք ստեղծվել են ավանդական երգերի (պանդխտության, հարսանեկան, հրաժեշտի, ողբի) ոճական ազդեցությամբ, ունեն երգային կայուն բանաձևեր ու կրկնակներ («Սալդաթ եմ, կերթամ», «Ասքյար եմ, կերթամ», «Վագոն, մի ժաժա»), համախմբված են որոշակի մոտիվների՝ վիճակահանության («Կանցիլա- րի դուռը», «Մտա եկեղեցին»), հրաժեշտի («Գնալով գնացի, գյուղից հեռացա», «Մայրիկ ջան, քույրիկ ջան»), զինվորի ապրումների, վիրավորվելու, գերվելու («Հասանղալա», «Կերչի հողը», «Սև ծովի ափին, մայ¬ րիկ ջան», վերջին երկուսը՝ Հայրեն, պատերազմի մասին երգաշարից) շուրջը։
  • Օրորոցային և մանկական երգերը, ըստ կիրառության ու բնույթի, բաժանվում են մի քանի ենթատեսակի՝ օրորոցային կամ օրորի (հորինել և երգել են կանայք), մանկախաղաց՝ մանուկներին խաղացնող երգեր (դանդանա, երգել են մեծ մասամբ կանայք), զուտ մանկական երգեր՝ մանուկների համար (երգել են հիմնականում երեխաները)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։