Հայկական ավանդական հարսանեկան ծիսակատարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական հարսանեկան արարողություն․ հարսի ու փեսայի ուսերին դրված է լավաշ, արարողությունն ուղեկցվում է ավանդական զուռնա-դհոլով

Հայկական ավանդական հարսանեկան ծիսակատարություն, հին հայկական առասպելաբանությունից սերած հարսանեկան ծիսակարգ։

Առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագնի ու Աստղիկի սիրով լցվել էր տիեզերքը։ Նուռը ճաք էր տվել նրանց սիրուց։ Խնձորը սիրուց կարմրել էր։ Տիեզերքը լցվել էր ամենայն սիրով ու գեղեցկությամբ։ Հայոց առասպելության ողջ մտածողությունը կարծես ամփոփված է Վահագնի ծննդից մինչև Աստղիկի առագաստը։ Ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին, աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում։ Վահագնի տուն գնալու ճանապարհին, լավաշն ընկնում է Աստղիկի ուսից։ Արամազդը զայրանում է ու ասում, որ հացը գետնին գցողը չի կարող կին ու մայր դառնալ։ Եվ ահա այսպես, Վահագնն ու Աստղիկը երբեք չեն ամուսնանում, և մնում են հավերժ սիրահարներ։ Մինչ օրս էլ, որոշ վայրերում, հայկական հարսանիքների ժամանակ հայ հարսները այնպես են քայլում, որպեսզի լավաշը հանկարծ չընկնի, և նրանք էլ չարժանանան Աստղիկի ճակատագրին...[1]

Ամուսնությունը հին ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում, երիտասարդները ամուսնանում էին պարտադիր իրենց ծնողների միջնորդությամբ։ Երկու խնամախոս ընտանիքները հանդիպում էին, խոսք կապում ու որոշում զույգին ամուսնացնել։ Ամուսնությունը որոշվում էր՝ ըստ կողակցի գլխագնի, հարստության, բարեկեցության և օժիտի մեծության։ Գյուղական միջավայրերում, հայերի մեջ եղել են օրորոցային նշանադրություններ։ Նորածին աղջկա օրորոցին տղայի հայրը կամ մայրը դանակով խազ էին անում՝ ի նշան իրենց տղայի հետ ապագա ամուսնության։ Երբեմն լինում էր նաև այնպես, որ աղջկա ցուցամատին կամ միջնամատին եռագույն թել էին կապում։ Այսպիսի նշանադրությունները պայմանավորված էին ընտանիքների բարեկամանալու ցանկությամբ կամ երկու ընտանիքների միջև թշնամանությանը վերջ տալու հեռանկարով[1]։

Ամուսնության տարիքը որոշում էր եկեղեցին։ Եվ, ըստ եկեղեցու էլ՝ աղջիկներն իրավունք ունեին ամուսնանալու 17 տարեկանից, իսկ տղաները՝ 18։ Ավանդական հայ ընտանիքներում, ամուսնության տանող ճանապարհը սկսվում էր աղջկատեսի արարողությունից, որը կատարում էին տղայի գերդաստանի ավագ կանայք։ Աղջկատեսն իրականացնում էին աղջկա ձեռքին թել ու ասեղ տալով, որպեսզի թելեր ու այդպիսով ստուգեին աղջկա տեսողությունը։ Իսկ լսողությունը ստուգելու համար, շատ ցածր ձայնով նրան բան էին հարցնում։ Եթե տղայի մայրը հավանում էր աղջկան, համբուրում էր նրա այտն ու ձեռքին դնում մի ոսկի։ Իսկ եթե չէր հավանում աղջկան, մյուս կանանց հետ հեռանում էր՝ առանց հյուրասիրության։ Մինչև վերջնական պատասխան տալը, աղջկա կողմը գնում էր տղայի տուն՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններում է նա ապրում ու թե ինչպիսի նիստ ու կաց ունի։ Գյուղացիներից ու տեղաբնակներից հետաքրքրվում էր տղայի վարքի ու բարքի մասին[1]։

Աղջիկտեսին ու փեսատեսին հաջորդում էր խնամախոսությունը, որի ժամանակ, որոշ տեղերում, տղայի հայրը նվեր էր տալիս աղջկա մորը։ Դա սովորաբար լինում էր դրամի տեսքով։ Սրանով նա վճարում էր հարսին սնուցելու, պահել-մեծացնելու համար։ Խնամախոսությունների ժամանակ աղջկա կողմը հաճախ հետաձգում էր վերջնական պատասխան տալը՝ ինչ- որ պատճառաբանություններ առաջ բերելով։ Իհարկե, շատ չէին հրաժարվում վերջնական պատասխան տալուց, որպեսզի տղայի կողմը հանկարծ չփոշմաներ։ Տղայի կողմը՝ հակառակը. ձգտում էր շուտ պատասխան տալ։ Երբ արդեն երկու կողմն էլ գալիս էին համաձայնության, որոշվում էր հարսանիքի օրը։ Հարսի հարսանեկան զգեստը սովորաբար կարում էր փեսայի կողմի կանանցից ինչ-որ մեկը[1]։

Հարսանիքի ավանդույթը մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար հարսի քողը հարսին հագցնելուց առաջ, պտտում են երեք կամ յոթ անգամ։ Սա համարվում է քավորկնոջ պարտականությունը։ Գողանում են հարսի կոշիկը և այն վերադարձնելու դիմաց պահանջում են գումար՝ քավորից։ Սակայն վճարել կարող է նաև՝ քավորկինը։ Հարսի պատրաստման արարողությունը տևում է ժամեր՝ մինչև փեսայի գալը։ Իսկ արդեն փեսայի գալն էլ ուղեկցվում է ավանդական զուռնա-դհոլով[1]։

Հարսանիքի ավանդական ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանիքի ժամանակ իրականացվում էր եզենմորթեք. մորթում էին եզին ու հատուկ ձայնային ազդանշանների, բացականչությունների միջոցով մարդկանց հարսանիքի էին հրավիրում։ Արևմտյան Հայաստանում հարսանիքի անբաժան կերակուր էին համարում հարիսան, Արևելյան Հայաստանում՝ խաշլաման ու փլավը, որի վրա հավ էին դնում։ Անբաժան ուտեստներից էր նաև՝ խորովածը, որը մինչ օրս էլ պահպանել է իր տեղը հարսանեկան խնջույքներում։ Կային պարտադիր կենացներ. կենացները սկսվում էր՝ զույգ ծաղիկների կենացից։ Իսկ թամադայի կենացից հետո հնչող տուշն ամենաերկարն էր լինում։ Հարսանեկան տիպիկ պարերից էր թամզարան, որի ժամանակ զույգը կանգնում էր մեջտեղում, մյուսները պարում էին նրանց շուրջը՝ զույգին գովերգելով։ Պարում էին նաև հարսանիքի վերջում։ Պարում էին տարատեսակ պարեր՝ մինչև լույս[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]