Հայդարաբադի հայկական գերեզմանոց
Հայդարաբադի հայկական գերեզմանոց (Ուպպուգուդայի գերեզմանոց)։ Պատմական գերեզմանատուն Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Հայդարաբադ քաղաքում։ Գտնվում է Հայդարաբադի Ուպպուգուդա շրջանում, որից էլ ստացել է իր անվանումը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանատունն իրենից ներկայացնում է պատմական վկայություն այն մասին, որ ժամանակին Հայդարաբադում գոյություն է ունեցել հայկական համայնք։ Հայերը Հայդարաբադում երևացել են 16-րդ դարից սկսած, հիմնականում եկել են Պարսկաստանից։ Արդեն 18-րդ դարում այնտեղ գոյություն ուներ կազմակերպված հայկական գաղթավայր։
Գերեզմանոցը հիմնադրվել է 17-րդ դարում` բազմաքանակ հայ համայնքի կողմից։ Այնտեղ, բացի հայերից, հուղարկավորվել են նաև եվրոպական այլ ազգերի ներկայացուցիչներ ևս (հոլանդացիներ, անգլիացիներ և այլն), քանի որ իրենք չունեին իրենց (քրիստոնեական) գերեզմանոցները։ Ներկայումս գերեզմանատանը պահպանվել է 19 մարդու գերեզման և տապանաքար, որոնց թվում երկու հայ վանականի` հայր Հովհաննես (թաղված 1680 թվականին) և հայր Սիմոն (թաղված 1724 թվականին)։
19-րդ դարում Հայդարաբադում այլևս չի հիշատակվում հայ համայնք, իսկ նշված դարի կեսերին, այնտեղ ապրել է ընդամենը մի քանի հայ, որոնցից Մովսես Մանուկը (Մովսես Մանուկյան) 1837-1851 թվականներին պաշտոնավարել է Հայդարաբադի զորքում` գնդապետի աստիճանով։
Գերեզմանատունն ունի պատմական հուշարձանի պետական կարգավիճակ և պահպանվում է հնագիտության դեպարտամենտի կողմից, որը ամրապնդված է 1960 թվականի օրենքով[1][2][3]։ Երկար ժամանակ գերեզմանոցը լքված վիճակում էր և վերածվել էր աղբանոցի։ 2015 թվականին քաղաքի իշխանություններն իրականացրել են վերականգնողական աշխատանքներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Asif Yar Khan (2012-03-28)։ «Armenian cemetery in dire straits»։ The Hindu (անգլերեն)։ Վերցված է 2015-10-17
- ↑ Pritha Chakrabarti (2012-05-01)։ «High on hobbies: A society chronicles history in its own way»։ The Times of India (անգլերեն)։ Վերցված է 2015-10-17
- ↑ «In India, Historic Armenian Cemetery Buried Under Waste»։ Asbarez (անգլերեն)։ 2012-04-17։ Վերցված է 2015-10-17
- ↑ Власти Хайдарабада реконструируют заброшенное армянское кладбище