Հայաստանի Հանրապետության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Հայաստանի Հանրապետության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պետական ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է ՀՀ Առողջապահության նախարարության վերահսկման ներքո[1]։ ՀՎԿԱԿ-ը ձեռք է բերել մի շարք հավաստագրեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից[2]։ ՀՎԿԱԿ-ի ազգային վիրուսաբանական լաբորատորիան ԱՀԿ-ի հավաստագրով ճանաչվել է որպես գրիպի ազգային կենտրոն[2]։ ՀՎԿԱԿ-ը համագործակցում է մի շարք միջազգային և տեղական պետական կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ[3], որոնց թվում են՝ ԱՀԿ-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՌԴ Սպառողական իրավունքի պաշտպանության և մարդու բարեկեցության դաշնային ծառայությունը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալությունը, ԱՊՀ տարածքի սանիտարական պաշտպանության խորհուրդը, Եվրոպական հիվանդությունների վերահսկման կենտրոնը և այլն։
Կենտրոնի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՎԿԱԿ-ի կառուցվածքն ունի տնօրեն, տնօրենի տեղակալներ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման 6 բաժիններ, իրավաբանական բաժին, անձնակազմի կառավարման բաժին, ինչպես նաև ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական, նյութատեխնիկական ապահովման և տնտեսական բաժիններ[4]։
ՀՎԿԱԿ-ի 6 բաժիններն են[4]՝
- Ինտեգրացված համաճարակաբանական հսկողության և ռիսկերի կառավարման բաժին
- Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժին
- Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժին
- Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժին
- Շրջակա միջավայրի հիգիենայի բաժին
- Փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժին
Կենտրոնն ունի նաև մարզային մասնաճյուղեր՝ Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում և այլ մարզերում[5]։
Գիտական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՎԿԱԿ-ի գիտական խորհրդի նպատակն է կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գիտական հետազոտությունների շրջանակներում տրամադրել կազմակերպական, գիտամեթոդական և խորհրդատվական աջակցություն[6]։ ՀՎԿԱԿ-ն ունի նաև տարբեր լեզուներով գիտական հրապարակումների և զեկույցների ցանկ, որոնք ներառում են տարբեր հիվանդությունների համաճարակաբանական հետազոտություններ և դրանց արդյունքների վերլուծություններ, հակաբիոտիկների և դեղորայքների հետազոտություններ, ինչպես նաև բուն լաբորատոր և հետազոտական ոլորտին առնչվող խնդիրներ և դրանց վերլուծություններ[7]։ ՀՎԿԱԿ-ն իրականացնում է նաև բազմատեսակ գիտահետազոտական ծրագրեր և 2018թվ․-ին հրապարակված հետազոտություններից մի քանիսի թեմաները ներառում են՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում շրջանառող մանրէների ախտահանիչ նյութերի նկատմամբ զգայունության որոշում, Լեյշմանիոզի իրական տարածվածության հետազոտությունների և հիվանդացության հետահայաց վերլուծություն, Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէային կուլտուրաների զգայունության որոշման և կայունության մեխանիզմների հայտնաբերման ծրագիր, ՀՀ-ում հելիկոբակտեր պիլորիով ներընտանեկան վարակվածության հետազոտություն, ՀՀ-ում հղիների շրջանում լիստերիոզի տարածվածության բացահայտում և այլն[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեր մասին — NCDC Armenia». Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 2,0 2,1 «Հավաստագրեր — NCDC Armenia». Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Համագործակցություն — NCDC Armenia». Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 4,0 4,1 «Կենտրոնական ապարատ — NCDC Armenia». Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Մասնաճյուղեր — NCDC Armenia». Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Գիտական խորհուրդ — NCDC Armenia». Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Հրապարակումներ և զեկույցներ — NCDC Armenia». Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Գիտահետազոտական ծրագրեր — NCDC Armenia». Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.