Հայաստանը հին քարի դարի շրջափուլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանը հին քարի դարի շրջափուլում, 2.6 միլիոն տարի մեզանից առաջ, այսուհետ՝ մ.տ.մ.ա., արևելյան Աֆրիկայում բնակվող Homo habilis կոչվող մարդամնան էակները գետաքարերի եզրերը բեկոտելով պատրաստել են chopper կոչվող հնագույն քարե գործիքներ։ Այս պահից սկզբնավորվում է ստորին հին քարի դարի մշակույթը։ Հայկական լեռնաշխարհի բազմազան լանդշաֆտը բացառիկ նպաստավոր էր հին քարե դարի Homo տեսակի մարդանման էակների բնակության համար։ Այստեղ առկա էին քարե գործիքների պատրաստման անհրաժեշտ հումք՝ անդեզիտ, դացիտ, վանակատ, ինչպես նաև որսի կենդանիների ու բուսական սննդի, այդ թվում՝ հացազգիների առատ տեսականի, անհամար քաղցրահամ աղբյուրներ, գետեր ու գետակներ, որոնք լեռնաշխարհի ցանկացած վայրում ապահովում էին խմելու ջրի պահանջարկը։

Handaxes, Late Acheulian period, 250-40 Thyr, obsidian, Gorayk, Syunik region

Գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տասնամյակներում Հայաստանի հյուսիսային մարզերում բացահայտել են վաղ հին քարի դարի մի քանի տասնյակ վայրեր (Սև խաչ, Կուրթան և այլն) և քարե գործիքների հնագույն հավաքածուներ (օլդովանյան և աշելյան տիպերի չոպերներ, սրածայրեր, երկկողմ հարդարումով ձեռքի զանգվածեղ հատիչներ)։ Ուրան-արճճային իզոտոպային տարրալուծման արդյունքները վկայում են, որ վաղաշելյան մշակութային շերտերի բացարձակ տարիքը՝ 1,85-1,77 մ.տ.մ.ա.: Սրանք Եվրասիայի ընդարձակ տարածաշրջանում Homo erectus-ի գործունեության հնագույն վկայություններից են։ Ուշ աշելյան ժամանակաշրջանի (500-300 հազար տարի մեզանից առաջ, այսուհետ՝ հ.տ.մ.ա.) Հայաստանում հայտնաբերվել է վանակատի և դացիտի բնակտորների երկկողմ հարդարումից պատրաստված տերևաձև, սրածայր, համաչափ եզրերով, հիմքի հաստ մասը մարդու ափին հարմարեցված խոշոր գործիքների (biface)՝ ձեռքի հատիչների հավաքածուներ։ Հայաստանի հյուսիսում, հրաբխածին Ջավախքի լեռնաշղթայի նախալեռնային գոտում բացահայտվել է հին քարի դարի շուրջ 30 հնավայր՝ Բլագոդարնոյե, Նորամուտ և այլն, որոնցից մեկում հավաստվել է մշակութային շերտ, որը պարունակում էր ոչ միայն ձեռքի հատիչներ, այլև դրանց պատրաստուկների ամբողջ հավաքածուն՝ միջուկներ, ցլեպներ, շեղբեր, մանր գործիքներ, որոնք վկայում են տեղում գործիքներ պատրաստելու ամբողջական ցիկլի մասին։ Դացիտից պատրաստված աշելյան ձեռքի հատիչների կանոնավոր ձևերը, լայնական նուրբ կտրվածքները և բանող եզրերի խնամքով հարդարումը վկայում են, որ դրանց հիմնական խումբը վերաբերում է ուշ աշելյան ժամանակաշրջանին (500-250 հ.տ.մ.ա.)[1]: Ուշ աշելյան գտածոներ բացահայտվել են նաև Հրազդանի ավազանում (Արզնի, Նուռնուս, Սատանի դար, Երկար բլուր, Գութանասար, Ջրաբեր, Հատիս և այլն), Արտին լեռան և Արագածի լեռնազանգվածի հարավ-արևմտյան լանջերին (Սատանի-դար, Դաշտադեմ)[2]։ Ուշ աշելյան և միջին հին քարի դարի (250-40 հ.տ.մ.ա.) Հայաստանում հայտնաբերված մարդանման էակներից ամենազարգացածի՝ նեանդերթալցու պատրաստած գործիքների քանակը հասնում է հազարների։ Ստորին քարի դարի միջին փուլում նեանդերթալյան մարդը բնակվել է գետերի մերձակա քարայրներում (Երևան 1, Լուսակերտ 1-2, Արզնի, Հովք, Կալավան, Աղիտու և այլն) և բարձրադիր սարահարթերում (Արագածի հարավային լանջեր՝ Դաշտադեմ, Արտենի, Սյունիքում՝ Ամուլ սարի ստորոտ և այլուր)։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը 2012-2021 թթ. ուշ աշելյան բիֆասներ է հայտնաբերել Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, Որոտանի ակունքներում, ծովի մակարդակից 2200-2300 մ բարձրությամբ սարահարթում։ Շուրջ 5 կմ երկարությամբ և 2-3 կմ լայնությամբ սարավանդի ամբողջ տարածքում սփռված են ուշ աշելյան, միջին և վերին հին քարի դարին բնորոշ տասնյակ հազարավոր վանակատի միջուկներ, գործիքներ, ցլեպներ և բեկորներ։ Հայաստանն այն վայրերից է, որտեղ 120-100 հ.տ.մ.ա. տեղի են ունենում մարդագոյացման գործընթացներ (Նոր Գեղի 1, Աղավնատուն, Բագրատաշեն)։ Ուշ քարի դարում՝ 60-40 հ.տ.մ.ա., բանկեցվում են մի շարք քարանձավներ (Երևան 1, Լուսակերտ, Բարոժ)։ Վերջին՝ վյուրմյան սառցադաշտային ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում եղել են խստաշունչ կլիմայական պայմաններ, որոնց հետևանքով մարդու՝ Homo Sapiens-ի գործունեության հետքերը փոքրաքանակ են (Աղիտու – 35-24 հ.տ.մ.ա. և Կալավան 1 – 18-16 հ.տ.մ.ա.)[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լյուբին Վ., Բելյաևա Ե. (2013). Հայաստանի հին քարի դարը։ Տես՝ «Հայատանի հնագիտական ժառանգությունը». Երևան. էջեր 16–17.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Аракелян, Б. (1982). Обнаружение пещерной живописи в Армении (Предворительное сообщение). Տես՝ «Вестник общественных наук» АН Арм. ССР: N 8. էջեր 47–54.
  3. Simonyan, Hakob (2022). HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF ARMENIA. Yerevan: Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia / “Scientific Research Center of Historical and Cultural Heritage” SNCO. ISBN 978-9939-9087-1-7.