Jump to content

Համացանցի ամենախորհրդավոր երգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Համացանցի ամենախորհրդավոր երգը»
անհայտի երգը
Թողարկվածմոտավ․ 1983-1984
Ձայնագրվածմոտավ․ 1983-1984
ԺանրՆյու վեյվ, պոստ փանկ
Լեզուանգլերեն
Տևողություն2:55 (Radio Edit)
Լեյբլանհայտ
Հեղինականհայտ
Կոմպոզիտորանհայտ
Պրոդյուսերանհայտ
«The Most Mysterious Song on the Internet»ՅուԹյուբում

Համացանցի ամենախորհրդավոր երգը (առաջին տողից կամ կրկներգից հայտնի է որպես «Like the Wind», «Blind the Wind», «Check It in, Check It Out» կամ «Take It in, Take It Out»), 1980-ական թվականների անհայտ երգի ձայնագրություն նյու վեյվ (New wave music) և պոստ փանկ[1] ոճերում։

Ըստ առկա տեղեկությունների՝ «ամենախորհրդավոր երգը» հնչել է Արևմտյան Գերմանիայի ռադիոկայաններից մեկում 1982-1984 թվականներին և ձայնագրվել է մագնիսային ժապավենի վրա ունկնդիրներից մեկի կողմից, ինչի շնորհիվ 2000-ական թվականների վերջին հայտնվել է համացանցում։ Կոմպոզիցիայի և դրա հեղինակության մասին տեղեկատվության որոնումն ի սկզբանե իրականացվել է փոքր երաժշտական համայնքներում, սակայն 2019 թվականին այն աճել է մինչև համացանցային ֆենոմենի մասշտաբները։ Մինչ օրս կատարողը դեռ չի գտնվել։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Rolling Stone ամսագրի 2019 թվականի սեպտեմբեր ամսվա հոդվածի՝ Դարիուս Ս. անունով մի մարդ երգ է ձայնագրել «Musik für junge Leute» («Երաժշտություն երիտասարդների համար») ռադիոհաղորդումից, որը նա լսում էր գերմանական NDR ռադիոկայանում, հավանաբար 1984 թվականին[2]։ Ըստ Դարիուսի, նա ձայնագրել է երգը կասետայով, որը ստորագրել է որպես «Կասետա 4»։ Դրա մեջ էին ներառված նաև XTC և The Cure խմբերի երգերը, որոնք թողարկվել են մոտավորապես 1984 թվականին։ Լրացուցիչ ապացույց էր նաև այն, որ Technics-ի մագնիտոլան, որը նա օգտագործել է ձայնագրելու համար, նույնպես թողարկվել է 1984 թվականին[2]։ Դարիուսը հատուկ կտրել է հաղորդավարների ելույթները, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է եթերի ճշգրիտ ամսաթվի և երգի անվան կորստին[3]։

1985 թվականին Դարիուսը ստեղծել է երգացանկ, որը պարունակել է իր հավաքածուի անհայտ երգերը։ 2004 թվականին նա թվայնացրել է դրանք .aiff և .m4a ձևաչափերով։ Այնուհետև Դարիուսի քույրը՝ Լիդիա Հ.-ն, Դարիուսի ծննդյան օրվա առթիվ նրան նվիրել է վեբ դոմեն, որն օգտագործվել է երգացանկի մասին տեղեկատվություն տարածելու համար[4]։ 2007 թվականի մարտի 18-ին Լիդիան սկսել է փորձեր ձեռնարկել կատարողին և երգի անվանումը գտնելու համար՝ տեղադրելով գրառումներ Anton Riedel կեղծանունով։ Նա երգի թվայնացված հատվածը տեղադրել է գերմանական best-of-80s.de ֆան կայքում, որը նվիրված է եղել 80-ական թվականների սինթ փոփին, և կանադական spiritofradio.ca կայքում, որը նախատեսված է եղել սիրողների կողմից վերբեռնված երգերը նույնականացնելու համար[2]։

80-ական թվականների պոստ փանկ երաժշտությանը նվիրված ֆորումների որոշ օգտատերեր նշել են, որ երգը կատարող վոկալիստն ակցենտ ունի, որն ունկնդիրներից ոմանք ընկալում էին որպես գերմաներեն, ոմանք՝ լեհերեն և այլն։ Դա, հավանաբար, պայմանավորված է եղել երգի ձայնագրության ցածր, «տնայնագործական» որակով։ Առաջ է քաշվել նաև այն վարկածը, որ թրեքը դեմո ձայնագրություն է, այլ ոչ թե ամբողջական երգ, որը ինչ-որ կերպ հայտնվել է գերմանական ռադիոկայանում, որտեղ էլ վերարտադրվել է անկախ երաժշտության սիրահար դիջեյի կողմից։

Վիրուսային համացանցային ֆենոմեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհայտ երգի առեղծվածը վիրուսային ժողովրդականություն է ձեռք բերել 2019 թվականին, երբ բրազիլացի դեռահաս Գաբրիել դա Սիլվա Վիեյրան (Systemica) սկսել է որոնել դրա ծագման ապացույցներ։ Նա վերբեռնել է երգի տեսահոլովակը ՅուԹյուբում և Reddit-ի մի քանի խմբերում, որոնք նվիրված են երաժշտությանը։

2019 թվականի հուլիսի 9-ին ՅուԹյուբի բլոգեր Ջասթին Վենգը թողարկել է իր «Tales from the Internet» («Պատմություններ համացանցից») շոուի մի դրվագ, որը նկարագրել է այդ պահին որոնման առաջընթացը[5]։ Տեսանյութի թողարկումից հետո շատ օգտվողներ միացել են երգը նույնականացնելու ջանքերին։ Այս թեմայով վերջին տեսանյութը հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում (2023 թվականի հունիսի դրությամբ)[6]։

Տեսահոլովակի թողարկումից հետո՝ 2019 թվականի հուլիսին Reddit-ի օգտատերերից մեկը տեղադրեց երգի ամբողջական տեսահոլովակը։ Կապ է հաստատվել որոնման համար հետաքրքրություն ներկայացնող մարդկանց հետ․ օրինակ՝ Փոլ Բասքերվիլի՝ հաղորդման դիջեյի հետ, որի եթերից, հավանաբար, ձայնագրվել է երգը։ Սակայն Բասքերվիլը հայտարարել է, որ չի հիշում երգը[7]։

2020 թվականի հուլիսի 10-ին Reddit-ի օգտատեր u/FlexxonMobil-ը ստացել է այն երգերի ամբողջական ցանկը, որոնք Բասքերվիլը նվագել է Musik für junge Leute-ում 1984 թվականին և հրապարակել այն կայքում։ Այնուամենայնիվ, որոշ որոնումներից հետո եզրակացություն է արվել, որ «Like the Wind» երգն այս ցուցակում չկա։ Սա հերքել է այն վարկածը, որ հենց Բասքերվիլն է երգը եթեր հեռարձակել։

Մյուս կողմից, Ֆլիեր անունով Discord-ի օգտատերը վերլուծել է երգի մագնիտոֆոնային ձայնագրությունը և դրա վրա հայտնաբերել է 10 կՀց ազդանշան, որն առկա էր նաև BASF 4 | 1-ի այլ երգերում և BASF 4 | 2-ի որոշ երգերում։ Պարզվել է, որ ազդանշանն առկա է եղել նաև ժամանակի գրեթե բոլոր NDR ռադիոհաղորդումներում, ինչը, ըստ էության, հաստատել է, որ երգն ի սկզբանե հայտնվել էր այդ կայարանում։ Reddit համայնքը, որը նվիրված է «խորհրդավոր երգերին», որոնումների շրջանակներում հայտնաբերել է տարբեր ժանրերի ևս մի քանի անհայտ և չպարզված ձայնագրություններ։

2021 թվականի նոյեմբերին Լիդիան հրապարակել է մի գրառում, որում պատմել է, որ մեկ շաբաթ առաջ տան մաքրման ժամանակ հայտնաբերել է «Alles mögliche» (սեփական լեյբլ ռադիոկայաններից ձայնագրված միքսթեյփների համար) անվանումով ժապավեններով և աուդիոկասետաներով տուփ։ Կասետաներից մեկի վրա գտնվել է երգի ավելի որակյալ տարբերակը՝ «Blind the Wind»։ Ձայնագրությունների թվում է եղել նաև Blue Murder խմբի «Gone with The Wind» երգը, որը նույնպես երկար ժամանակ նույնականացված չէր[8]։

Քավերներ և ռեմիքսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել են երգի մի քանի քավերներ և միքսված տարբերակներ[9], այդ թվում՝ ամերիկյան Mephisto Walz խմբի «Like The Wind» քավեր տարբերակը, որը թողարկվել է նրանց «All These Winding Roads» ալբոմում 2020 թվականին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «What is 'The Most Mysterious Song on the Internet?'». The World from PRX (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 David Browne (2019 թ․ սեպտեմբերի 24). «The Unsolved Case of the Most Mysterious Song on the Internet». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. Tanja Reeve (2020 թ․ մայիսի 29). «Die Jagd nach dem „Most Mysterious Song on the Internet"». Braunschweiger Zeitung (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Most Mysterious Song: Wie die Suche in den 80er Jahren begann». Spontis (գերմաներեն). 2019 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «The Most Mysterious Song on the Internet — Tales From the Internet» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «Did this Band Make the Most Mysterious Song on the Internet? — TFTI Updates» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. Browne
  8. bluuely (2021 թ․ նոյեմբերի 7). «The newly found tape that contains TMS». r/TheMysteriousSong. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. «Most Mysterious Song: Wie die Suche nach dem rätselhaften Song begann». Spontis (գերմաներեն). 2019 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Mephisto Walz Official "Like The Wind"». YouTube. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]