Հաղարջենի ոսկյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաղարջենի ոսկյա (լատին․՝ Ribes aureum), տերևաթափ թուփ՝ 1,1 - 2 մ բարձրությամբ, կարմրագույն մերկ կամ թեթևակի աղվամազով ծածկված ընձյուղներով։ Տերևները ուրվագծով կլորաերիկամաձև են, 5 սմ երկարությամբ և 6 սմ լայնությամբ, խոր, բութ, 2 - 3 ատամնավոր, եռաբլթակ, սեպաձև հիմքով։ Ծաղկաբույլերը կազմված են 5 - 15 ծաղիկներից և ունեն 3 - 7 սմ երկարություն։ Ծաղիկները ոսկեդեղին են, բուրումնավետ։ Հատապտուղները գնդաձև են, սև կամ ծիրանադարչնագույն 0,6 - 0,8 սմ տրամագծով, ուտելի են։ Ծաղկում է մարտ – ապրիլ ամիսներին, հատապտուղները հասունանում են հուլիսին։

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի արևմտյան նահանգներում՝ Վաշինգտոնից մինչև Ասսինիբոյն, Մոնտանայում, Նյու Մեքսիկայում և Կալիֆոոնիայում։ Հայաստան է ներմուծվել 19-րդ դարի վերջին, մշակվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի) գեներալ Պրոսկուրյակովի այգում։ Բարձր ցրտադիմացկունության շնորհիվ հաջողությամբ է կլիմայավարժվել հանրապետության բոլոր այդ թվում նաև բարձր-լեռնային շրջաններում։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, խոնավասեր է, լուսասեր, սակայն հաջողությամբ է աճում նաև ստվերում, բավականին չորադիմացկուն է։ Բարձր է գնահատվում կանաչապատման բնագավառում որպես բավականին շուտ ծաղկող, բարձր դեկորատիվ թփատեսակ։ Կարելի է օգտագործել ալպինարիաների, քարապարտեզների, երկարատև ծաղկող այգիների ձևավորման համար։ Լավ է աճում նաև արդյունաբերական ձեռնարկությունների բակերում։ Բազմանում է սերմերով և անդալիսի միջոցով։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի ոսկյա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի ոսկյա» հոդվածին։