Հաղարջենի հայկական
Հաղարջենի հայկական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ribes armenum
|
Հաղարջենի հայկական (լատին․՝ Ribes armenum), կոկռոշազգիների ընտանիքի, հաղարջենի ցեղի ծածկասերմ բույս։
Տերևաթափ թուփ է, մինչև 1 մ բարձրությամբ և ճյուղերի մուգ գորշավուն կեղևով։ Տերևները խոշոր են, սովորաբար 5 սմ-ից լայն, հիմքում՝ սրտաձև, ոչ լրիվ հնգաբլթակ (բլթակները եռանկյուն են), խոշոր ատամնաեզր։ Տերևի ներքևի կողմը, տերևակոթունը և երիտասարդ ընձյուղները ծածկված են դեղին, կետանման, բուրումնավետ գեղձերով։ Վերևի կողմից տերևները մերկ են։ Ծաղկաբույլերը կազմված են 4-9 կապտակարմրավուն կամ վարդամոխրագույն, երբեմն կանաչավուն ծաղիկներից։ Հատապտուղները սև են, մերկ, գտնվում են 0,6-1 սմ երկարության պտղակոթունների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիսին։ Ծաղկաթափը արագ է կատարվում[1]։
Տիպիկ հայկական բույս է (էնդեմ), որը հանդիպում է միայն Հայաստանի տարածքում՝ Վայքում, որտեղ աճում է վերին լեռնային գոտում, անտառների եզրերին, քարքարոտ վայրերում[1]։
Պարունակում է մեծ քանակությամբ երկաթի, ֆոսֆորի, կալցիումի հեշտ յուրացվող աղեր, շաքարներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ), 2-4 % կիտրոնաթթու[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1 մ բարձրությամբ թուփ է։ 5 սմ երկարությամբ տերևները պատված են բազմաթիվ դեղին գեղձերով։ Բաց մանուշակագույն կամ վարդամոխրագույն պսակաթերթերով ծաղիկները խմբված են 4-9-ական մինչև 5-6 սմ երկարությամբ ողկույզներում։ Երկար կոթուններով պտուղները մերկ են և սև[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է միայն Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Դարեղեգիսի (Ջերմուկ) ֆլորիստիկական շրջաններում[2]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 1600-2000 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, միջին և վերին լեռնային գոտում, ժայռոտ և քարքարոտ տեղերում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[2]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է և Հայաստանի էնդեմիկ։ Հայտնի է երկու պոպուլյացիա, որոնց միջև տարածությունը 200 կմ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 18։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.