Հականեխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոդի հականեխիչ լուծույթը քսվում է վերքի վրա։

Հականեխություն, անտիսեպտիկա (անտի...՝ հակա- և հունարեն՝ σηπτιχος՝ նեխական), վերքերի, դրանց հետ շփվող առարկաների, վիրահատման դաշտի, վիրաբույժի ձեռքերի վարակազերծում և հիվանդի օրգանիզմում վարակի վրա ներգործություն։ Վիրաբուժության մեջ հականեխությունը կիրառվում է ասեպտիկայի (վերքի մեջ մանրէների թափանցումը կանխող միջոցառումների ամբողջություն) հետ միասին։ Հականեխությունն առաջինը կիրառել է անգլիացի վիրաբույժ Ջոզեֆ Լիստերը, 1867 թվականին։ Վերքի վրա դրվում էր կարբոլաթթվով ներծծված հերմետիկ, բազմաշերտ վիրակապ, կատարվում էր կարբոլաթթվի փոշեցրում վիրահատարանում, դրանով էլ մշակվում էին վիրահատման դաշտը, վիրաբույժի ձեռքերը, գործիքները, կարելու նյութերը, մառլյան։ Սակայն կարբոլաթթվի խիստ թունավոր ազդեցությունը վերքի, հիվանդի օրգանիզմի և շրջապատի վրա շատ արագ ստիպեց հրաժարվել այդ եղանակից։ Լուի Պաստյորը, Իլյա Մեչնիկովը, Ռոբերտ Կոխը և ուրիշներ հաստատեցին մանրէների դերը ախտաբանության մեջ և գիտականորեն հիմնավորեցին հականեխիչ նյութերի կիրառման անհրաժեշտությունը։

Հականեխիչ միջոցները հակամանրէային ազդեցությամբ օժտված քիմական նյութեր են։ Յուրաքանչյուր հականեխիչ միջոց, կախված կիրառման պայմաններից (խտություն, ներգործման տևողություն, մանրէի զգայնությունը պատրաստուկի նկատմամբ), կարող է մի դեպքում մանրէն ոչնչացնել (մանրէասպան ազդեցություն), մի այլ դեպքում նրա աճը կանգնեցնել (բակտերիաստատիկ ազդեցություն)։ Հականեխիչ միջոցներն օգտագործվում են մակերեսորեն (վերքերի և խոռոչների լվացում, ոռոգում, թրջոցներ, քսումներ, ցանումներ), իսկ մի քանիսը՝ ներարկման ձևով բորբոքման օջախի կամ վերքի առաջնային մշակման ժամանակ, վերքի շուրջը, իսկ վիրահատման դեպքում՝ վարակի կանխարգելման նպատակով։ Քիմական նյութերը, որոնք օգտագործվում են վերքի վրա ներգործելու նպատակով, պետք է ունենան բավարար հակաբակտերիային ակտիվություն, չճնշեն հյուսվածքների կենսագործունեությունը և թունավորում չառաջացնեն, լուծույթներում պահելիս լինեն կայուն և վերքային արտադրության հետ շփվելիս չտարրալուծվեն։ Այդ պահանջներին համապատասխանում են անտիբիոտիկները։ Հականեխիչ հատկություններով օժտված են նաև սուլֆանի-լամիդային պատրաստուկները (ստրեպտոցիդ, սուլֆոդիմեզին, էթազոլ և այլն), որոնք կիրառվում են ստրեպտոկոկային վարակի գերակշռության դեպքում։ Բարձր հակաբակտերիային հատկություններով են օժտված ֆիտոնցիդները, որոնք պարունակվում են մի շարք բույսերում՝ սոխ, սխտոր, բեկտենի, սև հաղարջ և փշատերև ծառեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 62 CC-BY-SA-icon-80x15.png