Հադրութի ձորակի հուշարձաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հադրութի ձորակի հուշարձաններ

Հադրութի ձորակի հուշարձաններ, հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան շրջաններում կառուցված եկեղեցիների խումբ[1]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադրութ անվանումը մնացել է հին արշավանքների ժամանակից, այն պարսկերեն բառ է և նշանակում է միջագետ (բառացիորեն՝ երկու գետերի միջև)։ Հին Հադրութի երկու կողմերով գետակներ են հոսել։ Այժմյան Հադրութը ընդարձակվել է արևելյան և արևմտյան մասերից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադրութի հիմնադրման ժամանակը հայտնի չէ, սակայն նախկին շրջկենտրոնի արևելյան մասում կա հին գերեզմանատուն՝ ավերակ եկեղեցիով։ Գերեզմանաքարերի մեծ մասի վրա արձանագրություններ և քանդակներ չկան, սակայն երկուսի վրա կան խաչանշաններ։ Բնակիչներն այդ գերեզմանատունը անվանում են «Հին հանգստարան» կամ «Կռապաշտի հանգստարան»։ Այդ տեղանքը կոչվում է «Ղալին բանդ» (Բերդի մուտք), իսկ դրանից 1.5 կմ հարավ գտնվում են «Ծծախաչ ղալայ» անունով բերդի ավերակները։

Խոր աղբյուրի մոտ՝ Հադրութի կենտրոնում, մի չինարի կա, որն ունի 23 մ շրջանագիծ և 800 տարվա պատմություն։ Գտնվում է բնակիչների ուշադրության կենտրոնում, քանի որ այդ ծառը նախկինում նաև սրբավայր է եղել։

Վանք գյուղի հյուսիսարևելյան շրջանում՝ բլրի վրա, գտնվում է Սպիտակ Խաչ վանքը։

Հադրութից հարավ գտնվում է Մինա֊Խորեն սրբավայրը։ Մինան և Խորենը եղբայրներ են եղել, և նրանց նահատակության տեղում սրբավայր է կառուցվել, որն այժմ կիսավեր վիճակում է[1]։

Հադրութի պատմական տարածքի կենտրոնում գտնվում է 1621 թվականին կառուցված Շախկախի վանք եկեղեցին։ Եկեղեցու միակ դուռը բացվում է արևմուտքից, ունի չորս պատուհան։ Եկեղեցին ունի մի շարք արձանագրություններ․

«Երկիր Դիզակալ եւ զեաւղս Հադրութի յանապատս որ կոչի Շախկախ է ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս ի հայրապետութիւն Տափթ կաթողիկոսին եւ ի սուրբ անապատիս առաջնորդութիւն Հովհաննէս էպիսկոպոսէս եւ իշխանությիւնս Խոտայպանդին դառն եւ դժուարին ժամանակիս»։ Ապա « Աւետարան գրեալ ի թվ․ ՈՃԻԲ յերկիրն Դիզակոյ ի գիւղս Դաք ընդ հովանեաւ սուրբ եւ նշանաւոր տեղւոջ, որ կոչի Շախկախ եւ այն միաբանիցս Յակոբ եպիսկոպոսին եւ տէր Մկրտչին, տէր Բարսըղին գրոց աշակերտ Սաղաթին»։

Արցախցիները հոգացել են իրենց երկրի հարավային, ռազմավարական նշանակություն ունեցող սահմանները ամուր պահելու մասին։ Դրանք կարևոր նշանակություն են ունեցել թշնամիներին դիմագրավելու գործում։ Սակայն 15-16-րդ դարերում պարսիկները և օսմանյան թուրքերը ավերել են միջնադարյան հուշարձանները և շեն գյուղերը։

Ներկայիս հուշարձանները մելիքների տիրապետության տակ գտնված ժամանակվա համեմատ շատ չնչին մաս են կազմում։

19-րդ դարում կազմավորվել է Հադրութի ներկայիս տարածքի հատակագիծը, որի շնորհիվ հստակ տեսանելի է ավանի հին հատվածը։ Այդ շրջանում Հադրութն ունեցել է 2795 բնակիչ, 6 արվեստանոց, 2 գործարան, շուրջ 300 արհեստավոր։

Հադրութի մետաքսը ներկայացվել է համաշխարհային մի շարք ցուցահանդեսներում։ 1882 թվականին Մոսկվայում կազմակերպված տոնավաճառում մետաքսն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 1883 թվականին՝ ԱՄՆի Ֆիլադելֆիա քաղաքում՝ ոսկե մեդալի։ Հադրութի մետաքսից են պատրաստվել Փարիզի Ելիսեյան պալատների վարագույրները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջեր 133–135. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)