Կրթությունը Գերմանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կրթությունը Գերմանիայում ունի դասական կառուցվածք, որն ներառում է երեք աստիճան՝ նախադպրոցական, միջնակարգ և բարձրագույն։

Գերմանիայում յուրաքանչյուր վարչական շրջան ունի կրթության վերաբերյալ սեփական օրենքները։ Դրա համար էլ կրթության կազմակերպումը, ավարտական վկայականների, դիպլոմների հանձնումն էականորեն տարբերվում է։ Օրինակ՝ Բեռլինում ու Բրանդենբուրգում երեխաները տարրական դպրոցում սովորում են 6 տարի, իսկ երկրի մյուս շրջաններում՝ չորս տարի։

Նախադպրոցական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական կրթության սխեման

Գերմանացի երեխաների մեծամասնությունը նախադպրոցական հաստատություններ (գերմ.՝ Kindergarten) հաճախում է 3 տարեկանից։ Որոշ մանկապարտեզներում գործում են մսուրներ (գերմ.՝ Kinderkrippe), որտեղ սաներին ընդունում են սկսած վեց ամսականից, բայց այդտեղ ընդունվելը բավականին բարդ է։ Շատ հաճախ մսուրային տեղերը հատկացվում են ոչ լիարժեք ընտանիքների երեխաներին։

Մանկապարտեզների վարձավճարը սահմանում են տեղական իշխանությունները։ Այսպես, Բեռլինում ու Բավարիայում մանկապարտեզներն անվճար են, իսկ Ներքին Սաքսոնիայում ծնողները ամսական վճարում են շուրջ 250 եվրո։ Գերմանիայի ողջ տարածքով անապահով ու բազմազավակ ընտանիքներին տրվում են զեղչեր։

Գերմանական նախադպրոցական հաստատություններում պարապմունքներն անցկացվում են խաղային ձևով։ Այդ պարապմունքների ընթացքում երեխաներին սովորեցնում են միմյանց հետ շփվել։ Մեծ ուշադրություն են դարձում երեխաների խոսքի ու պատկերավոր մտածողության զարգացմանը։ Կան անտառային մանկապարտեզներ։

Միգրանտ երեխաների մեծ թվի պատճառով, մանկապարտեզների սաները՝ դառնալով չորս տարեկան, գերմաներենի թեստավորում են անցնում։ Այն երեխաները, ովքեր չեն անցնում թեստավորումը, հաճախում են անվճար լրացուցիչ պարապմունքների։

Դպրոցական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում դպրոցական կրթությունը համընդհանուր է ու անվճար։ 10-ամյա կրթությունը պարտադիր է։ Ընդհանուր առմամբ, դպրոցական կրթությունը հաշվարկված է 12-13 տարվա համար:Ներկայումս Գերմանիայում կա շուրջ հիսուն հազար դպրոց, որտեղ սովորում են մոտավորապես 12,5 միլիոն դպրոցականներ։ Դպրոցական կրթության համակարգը եռաստիճան է՝ տարրական, միջնակարգ առաջին և միջնակարգ երկրորդ։

Բոլոր երեխաները, վեց տարեկանից սկսած, հաճախում են տարրական դպրոց (գերմ. Grundschule): Տարրական դպրոցում ուսուցումը տևում է չորս տարի (չորս դասարաններ), շաբաթական ծանրաբեռնվածությունը կազմում է 20-30 ժամ։ 2008 թվականին տարրական դպրոցում սովորում էին մոտ 3 միլիոն դպրոցականներ։

Միջնակարգ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության երկրորդ աստիճանը (միջնակարգ առաջին) տևում է մինչև 10-րդ դասարան։

Տարրական դպրոցից հետո երեխաներին ըստ իրենց ընդունակությունների բաժանում են չորս տարբեր խմբերի։ Առավել թույլ սովորողներին հետագա ուսումնառության համար ուղարկում են այսպես կոչված «գլխավոր դպրոց» (գերմ.՝ Hauptschule), որտեղ ուսուցումը 5 տարի է։ Այս դպրոցի հիմնական նպատակը միջին մասնագիտական որակավորմամբ գործունեությանը նախապատրաստելն է։ Այստեղ տրվում է բազային (հիմնական) կրթություն։ Շաբաթական ծանրաբեռնվածությունը կազմում է 30-33 ժամ։ Գլխավոր դպրոցն ավարտելուց հետո գերմանացի երիտասարդը կարող է աշխատել, կամ էլ շարունակել մասնագիտական կրթությունը։ Միջին ցուցանիշներ ունեցող սովորողները գնում են «իրական դպրոց» (գերմ.՝ Realschule) ու այնտեղ սովորում են վեց տարի։ Իրական դպրոցն ավարտելուց հետո կարող են աշխատել, իսկ առավել ընդունակները կարող են իրենց կրթությունը շարունակել գիմնազիայի 11-րդ և 12-րդ դասարաններում։ Բացի այդ, կան օժանդակ դպրոցներ, որտեղ սովորում են ֆիզիկական ու մտավոր զարգացման հապաղումներ ունեցող երեխաները։ Այստեղ նրանք հանրակրթական առարկաներից սովորում են տարրական գիտելիքներ, և յուրացնում են որևէ մասնագիտություն՝ հետագայում որևէ արդյունաբերությունում աշխատելու համար։

Գիմնազիայում դպրոցականը ստանում է դասական տիպի կրթություն։ Գիմնազիան ավարտելիս տրվում է հասունության վկայական, որը իրավունք է տալիս ընդունվելու համալսարան[1]։

Միջնակարգ կրթության երկրորդ աստիճանը (միջնակարգ երկրորդ) իրականացվում է գիմնազիայի 11-րդ և 12-րդ դասարաններում։ 13-րդ դասարանի սովորողները համարվում են դիմորդներ։ Գիմնազիայի 13-րդ դասարանում սովորողները պատրաստվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելուն։ Գիմնազիայի 13-րդ դասարանն ավարտելիս սովորողները հիմնական դպրոցական առարկաներից (գերմ.՝ Abitur) հանձնում են քննություններ։ 12-րդ և 13-րդ դասարաններում ուսուցման և ավարտական քննությունների մակարդակը բավականին բարձր է։ Գերմանիայում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններ չեն անցկացվում։ Ընդունելությունն իրականացվում է ավարտական վկայականի գնահատականների միջինով, ինչպես նաև հաշվի են առնվում որոշ սոցիալական գործոններ։ Եթե բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների քանակը ավելին է, քան տեղերի քանակը, ապա ընդունվում են լավագույնները, իսկ մյուսներին հերթագրում են հաջորդ ուսումնական տարվա համար։

Գերմանիայում միջնակարգ կրթությունը ներկայացված է մասնագիտական քոլեջներով, հատուկ մասնագիտական քոլեջներով և բարձրագույն հատուկ քոլեջներով[1]։

ԳՖՀ-ն կրթության բնագավառում իրականացվող քաղաքականության համար մշտական քննադատության է ենթարկվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից։ Կառավարությունը դեռևս միջոցներ չի ձեռնարկում ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ։ Ըստ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության հաշվարկների՝ ԳՖՀ-ում կրթության ոլորտի ներդրումները միջինից ցածր են։ Բացի այդ, գոյություն ունի ուսումնական հաստատությունների անհամաչափ ֆինանսավորում։ Եվ դա այն դեպքում, երբ տարրական դպրոցի ծախսերը համեմատաբար քիչ են, ավելի շատ միջոցներ են ներդրվում բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Փորձագետների հաշվարկներով, եթե Գերմանիան կրթության ոլորտում բարեփոխումներ չձեռնարկի, հետագայում կարող է կորուստներ ունենալ։

Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական բարձրագույն կրթական համակարգը տարբերվում է բուհերի բազմազանությամբ։ Ընդհանուր առմամբ, Գերմանիայում կան 250 բուհ, որոնցից 103-ը համալսարաններ են, և 176-ը կիրառական գիտության ուսումնական հաստատություններ են։ Մինչև վերջերս առաջին բարձրագույն կրթությունը անվճար էր ինչպես գերմանացիների, այնպես էլ օտարերկրացիների համար։ 2007 թվականից որոշ բուհերի ուսանողներ պարտավորվում են մեկ կիսամյակի համար վճարել մոտ 500 եվրո, գումարած մոտ 150 եվրո, որի մեջ մտնում են տոմսի, գրադարաններից օգտվելու ծախսերը։ Արևմտյան դաշնային պետություններում, որոնք գտնվում են Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության կառավարման ներքո, ուսանողները, որոնք գերազանցել էին մի քանի կիսամյակների համար սահմանված ժամկետները, պարտավորվում են վճարել ուսման համար։ Այս բարեփոխումները կրթության բնագավառում կարգավորվում էին համապատասխան օրենքներով։ 2011 թվականից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության իշխանության գալուց հետո Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա վարչական շրջանում չեղարկվեց մեկ կիսամյակի համար 500 եվրո վճարելու որոշումը։ Դրան հետևեցին նաև Գերմանիայի Արևելյան և Հյուսիսային վարչական շրջանները։ Ուսանողների թիվը կազմում է շուրջ 2 միլիոն, որոնցից 48% կանայք են, 250 000 օտարերկրյա ուսանողներ[2]։ Պրոֆեսորա-դասախոսական կազմը շուրջ 110 հազար մարդ է։ Մոտ 120 հազար գերմանացիներ սովորում են արտերկրում[2]։ Մինչև 2010 թվականը բոլոնյան գործընթացի շրջանակում գերմանական բուհերը պարտավորվում են նորացնել իրենց ուսումնական ծրագրերը։

Բուհերի նշանակալից թվաքանակ պետական են և սուբսիդավորվում են կառավարության կողմից։ Մասնավոր բուհերը համեմատաբար քիչ են՝ 69:

Բուհ ընդունվելու համար ընդունելության քննություններ չեն հանձնում, դիմորդների համար կարևոր է հաջող հանձնել դպրոցի կամ գիմնազիայի ավարտական քննությունները։ Հեղինակավոր (պահանջարկ ունեցող) մասնագիտությունների ընդունելության դեպքում դիմորդի համար որոշիչ է դպրոցի ավարտական վկայականի գնահատականների միջինը։

Օտարերկրացի ուսանողների համար չեն պահանջվում հատուկ գիտելիքներ և արտոնություններ։

Գերմանական բուհերում կիսամյակի սկիզբը կախված է, թե որ վարչական շրջանում է այն գտնվում, սակայն այս դեպքում էլ տարբերությունները շատ չեն։

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • դպրոցական կամ համալսարանական կրթության մասին վկայական.
  • գերմաներենի իմացության մասին վկայական (օրինակ՝ TestDAF).
  • կախված ընտրած մասնագիտությունից՝ նաև անգլերենի իմացության մասին վկայական (TOEFL, IELTS).
  • շատ բուհեր նաև պահանջում են մոտիվացնող նամակ և կենսագրություն, արտասահմանյան անձնագրի կրկնօրինակ։

Հատուկ մասնագիտությունների տեղերի բաշխմամբ զբաղվում են ոչ թե բուհերը, այլ հատուկ գրասենյակ՝ «Zentralstelle für die Vergabe von Studienplätzen»: Միջին գնահատականից բացի, ZVS-ը հաշվի է առնում նաև սոցիալական և անձնական պատճառներ, օրինակ՝ հաշմանդամությունը, ընտանեկան դրությունը և այլն։ Եթե միջին գնահատականը բավարար չէ, ապա դիմորդին հերթագրում են։ Մի քանի կիսամյակ հետո նրան համալսարանում տեղ են հատկացնում։

Ինստիտուտներում (Fachhochschule) սովորել ցանկացողներն իրենց փաստաթղթերը միանգամից հանձնում են այդտեղ։

Գերմանիայում կանոնավոր կերպով որոշվում է համալսարանների ռեյտինգը, որտեղ հաշվի են առնվում դասախոսական կազմի մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև հետագայում աշխատանք գտնելու հնարավորությունը՝ ավարտելով այս կամ այն համալսարանը։

Գերմանիայում մինչև 25 տարեկան ուսանողների ծնողները իրավունք ունեն ստանալու այսպես կոչված «երեխայի գումար» (գերմ.՝ Kindergeld) 184 եվրոյի չափով։ Ուսանողները, հաշվի առնելով իրենց ու իրենց ծնողների եկամուտները, կարող են ուսման անտոկոս վարկ ստանալ (գերմ.՝ «BAföG»): Գումարի կեսը, բայց ոչ ավելի, քան 10 հազար եվրոն, այդ վարկից պետք է վերադարձնեն պետությանը (այս պարտավորությունից ազատված են այն շրջանավարտները, ովքեր ավարտելոց հետո մեկ տարվա ընթացքում երեխա են ունեցել)։

Բացի ուսման վարկերից, Գերմանիայում գոյություն ունեն բազմաթիվ կրթաթոշակներ՝ նշանակված տարբեր ֆոնդերի կողմից։ Կրթաթոշակները սովորաբար տրամադրվում են ուսանողների որոշակի խմբի, հատկապես` օժտվածություն ունեցող։ Կրթաթոշակներ տրամադրվում են ոչ միայն գերմանացի ուսանողներին, այլ նաև՝ օտարերկրյա։ Հիմնական կազմակերպությունը, որը օտարեկրացի ուսանողների համար սահմանում է կրթաթոշակներ, հանդիսանում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (www.daad.ru): Հաջորդ խոշոր ֆոնդերն են՝ Կոնրադ Ադենաուերի ֆոնդ (Konrad Adenauer Stiftung), Ֆրիդրիխ Էբերտի ֆոնդ (Friedrich Ebert Stiftung):

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում գիտական հետազոտությունները կատարվում են բուհերում եւ գիտական ասոցիացիաներում, ինչպես նաեւ կորպորատիվ հետազոտական կենտրոններում։ Բուհերում գիտական հետազոտությունները ֆինանսավորվում են դաշնային բյուջեից, վարչական շրջանների բյուջեից եւ ձեռնարկությունների կողմից հատկացված միջոցներից։ Համալսարաններում գիտական հետազոտությունների վրա տարեկան ծախսվում է 9,2 միլիարդ եվրո։

Գերմանիայում գիտական հետազոտություններն են անցկացնում չորս խոշոր գիտական միավորումներ՝ Մաքս Պլանկի գիտական ընկերություն, Հելմհոլցի անվան գիտական ընկերություն, Ֆրաունգոֆերի գիտական ընկերություն և Լեյբնիցի գիտական ընկերություն։

Մաքս Պլանկի գիտական ընկերությունն ունի 13 հազար աշխատակից, որոնցից 5 հազարը գիտնականներ են։ Տարեկան բյուջեն 1,4 միլիարդ եվրո է։

Հելմհոլցի անվան գիտական ընկերությունն ունի 26,5 հազար աշխատակից։ Տարեկան բյուջեն՝ 1,4 միլիարդ եվրո։

Ֆրաունգոֆերի գիտական ընկերությունն ունի 12,5 հազար աշխատակից, որոնցից 8 հազարը գիտնականներ են։ Տարեկան բյուջեն՝ 1,2 միլիարդ եվրո։

Լեյբնիցի գիտական ընկերությունն ունի 13,7 հազար աշխատակից։ Տարեկան բյուջեն՝ 1,1 միլիարդ եվրո։

Գերմանական և արտասահմանյան խոշոր ընկերությունները Գերմանիայի տարածքում ունեն հետազոտական կենտրոններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Власов Н. А. Германия в начале XXI века // С-Петербургский университет, 2008
  2. 2,0 2,1 UniPage — Статистика международных студентов в мире