Կվակվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nycticorax-nycticorax-004.jpg

Կվակվա (լատ.՝ Nycticorax nycticorax), տառեղների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 58-65 սմ է, թևերի բացվածքը՝ 105-112 սմ, կենդանի զանգվածը՝ 500-695 գ։ Կտուցը կարճ է ու հաստ։ Բնադրման շրջանում հասունի փետրածածկը վերևից սև ու մոխրագույն է, ներքևից՝ մոխրագույն։ Աչքի ծիածանաթաղանթը կարմիր է, ոտքերը՝ նարնջագույն։ Գլխի հետին մասից տարածվում են սպիտակ, տեսանելի երկար փետրածփքեր, որոնք հետբնադրման շրջանում բացակայում են։ Ոտքերը նարնջագույն են։ Երիտասարդի փետրածածկը դարչնագույն և սպիտակ է, թևերին ու մեջքին կան սպիտակ պտեր։ Մարմինը ներքևից խայտավոր է, ոտքերը՝ գրեթե դեղին, կտուցը դեղնավուն է՝ ծայրը՝ մուգ։ Տարիքին զուգահեռ անհետանում են մեջքի սպիտակ պտերը, մարմնի ստորին մասի խայտերը, փետրածածկը դառնում է ավելի մոխրագույն։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստում է կուզը ցից։ Ցերեկը հանգստանում է խիտ բուսուտներում։ Առավել ակտիվ է արշալույսին, մթնշաղին և գիշերը։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճերում, ճահճուտներում, գետափերին։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր ձկներով, երկկենցաղներով, ջրային միջատներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը նման է հարթակի։ Բնադրում է եղեգնուտներում կամ ծառերին։ Դնում է 45 մմ տրամագծով, բաց կապտականաչավուն 3-5 ձու։ Չափից ավելի բազմանալու դեպքում կարող է վնաս հասցնել ձկնաբուծական տնտեսություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png