Կռնատ աղջիկը (Հովհաննես Թումանյան)
Կռնատ աղջիկը | |
---|---|
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման տարեթիվ | 1908 |
Վիքիդարան | Կռնատ աղջիկը |
«Կռնատ աղջիկը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից, որը տպագրվել է 1908 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քույր ու մի ախպեր են լինում։ Քույրը շատ գեղեցիկ է լինում, անունն էլ՝ Լուսիկ։ Եղբայրը ամուսնանում է։ Նա ամեն անգամ տուն գալիս Լուսիկի համար նվերներ է բերում։ Հարսը նախանձում է, և մտածում, թե ինչպես անի, որ Լուսիկին մեջտեղից հանի։ Երբ մարդը տանից դուրս է գնում, տան կահ-կարասին, աման-չամանը ջարդում է ու ձեռները ծոցին կանգնում է, սպասում է ամուսնուն։ Երբ տեսնում է ամուսնուն, սկսում է լաց լինել, և ասում, որ ամբողջը Լուսիկն է ջարդել։ Ամուսինը ասում է, որ բոլորն առնելու բաներ են և նորից կառնեն։ Կինը երբ տեսնում է այս մեկը չեղավ, մյուս անգամ ամուսնու սիրած ձին է կորցնում և ասում, որ Լուսիկն է կորցրել։ Ամուսինն ասում է, որ ուրիշ ձի կառնի։ Կինը ավելի է կատաղում ու հաջորդ անգամ իր երեխային օրորոցում մորթում է և ասում, որ ում գրպանում արնոտ դանակ լինի, ուրեմն նա է երեխային մորթել։ Փնտրում են և արնոտ դանակը գտնում Լուսիկի գրպանում։ Առավոտյան լուրը տարածվում է, ժողովուրդը դատաստան է պահանջում, մայրը դաաստան է պահանջում։ Վճռում են գեղեցիկ Լուսիկի կռները կտրել և կորցնել անտառներում։ Շատ թափառելուց թփերն ու փշերը Լուսիկի հագի շորերը տանում են, մնում է մերկ, մոծակներն ու մժեղներն էլ կծոտում են, ձեռ չի ունենում, թե քշի, մտնում է ծառի փչակ։ Մի անգամ թագավորի տղան գնում է անտառ՝ որսի։ Թագավորի շները շրջապատում են մի ծառի ու սկսում հաչել։ Լուսիկը ձայն է տալիս ծառի փչակից։ Թագավորի տղան վերարկուն տալիս է Լուսիկին, որ հագնի և դուրս գա։ Թագավորի տղան Լուսիկին տանում է իրենց տուն և ծնողներին ասում, որ ցանկանում է ամուսնանալ Լուսիկի հետ։ Հայրն ու մայրը ճարահատված խորհուրդ են անում, թե ինչպես անեն, իրենց որդուն այդ կռնատ աղջկա հետ պսակե՞ն, թե չէ։ Խելոք մարդիկ ասում են, որ արքայորդու բախտը Լուսիկն է։ Արքայորդուն ու Լուսիկին ամուսնացնում են։ Թագավորի տղան գնում է հեռու երկիր և գնալիս տանը պատվիրում, որ երբ կինը երեխա ունենա, տեղեկություն գրեն իրեն։ Լուսիկը մի սիրուն տղա է ծնում։ Թագավորն ու թագուհին նամակ են գրում և տալիս սուրհանդակին, որ տանի և արքայորդուն տա։ Սուրհանդակը ճանապարհին հյուր է ընկնում Լուսիկի եղբոր տանը։ Զրույց անելիս պատմում է ողջ եղելությունը և որ նամակը տանում է արքայորդուն։ Հարսը գլխի է ընկնում, որ այդ կռնատ աղջիկը Լուսիկն է։ Հարսը գիշերը սուրհանդակի մոտի նամակը վերցնում է և նոր նամակ է դնում տեղը։ Գրում է, որ նրա գնալուց հետո Լուսիկը երեխա ունեցավ և իրենք ողջ աշխարհով խայտառակվեցինն։ Սուրհանդակը նամակը տանում է և ետ վերադարձին կրկին գիշերում է Լուսիկի եղբոր տանը։ Հարսը կրկին նոր նամակ է գրում և սուրհանդակի մոտի նամակը վերցնում։ Թագավորն ու թագուհին, երբ նամակը ստանում են, շատ են զարմանում, սակայն, ինչպես գրված էր նամակում, երեխային կապում են Լուսիկի դոշից և դուրս անում։ Լուսիկը երեխայի հետ մոտենում է մի ջրհորի, որ ջուր խմի։ Կռանում է թե չէ, երեխան ընկնում է ջրհորը։ Մի ծերունի է մոտենում և ասում, որ ձեռքերը իջեցնի և երեխային հանի ջրհորից։ Լուսիկը թևերը մեկնում է, ձեռքերը բացվում են և երեխային հանում է ջրհորից։ Շրջվում է, որ շնորհակալություն հայտնի ծերունուն, տեսնում է՝ անհետացել է։ Թագավորի տղան վերադառնում է, լսում Լուսիկի հեռանալու լուրը և գնում է, որ նրան ու երեխային գտնի։ Ճանապարհին հանդիպում է մի մարդու, ով իր քրոջն էր փնտրում և սկսում են միասին փնտրել։ Թագավորի տղան ճանապարհի վրա հյուրատուն էր պահում, որտեղ իր ընկերը և ընկերոջ կինն են բնակվում։ Պարզվում է, որ այդ ընկերը Լուսիկի եղբայրն է։ Մի անգամ մի աղքատ կին իր երեխայի հետ գալիս է հյուրատուն։ Թագավորի տղայի խնդրանքով աղքատ կինն ու երեխան գնում են հյուրատուն, քանի որ թագավորի տղան ցանկանում էր, որ իրենց համար այդ կինը հեքիաթ պատմի։ Կինը ասում է, որ միայն մի իրական պատմություն գիտի և սկսում է պատմել։ Լուսիկը պատմում է ողջ եղելությունը։ Թագավորի տղան և եղբայրը զարմանում են և ուրախանում, որ իմացան ամբողջ ճշմարտությունը։ Հարսին կապում են ձիու պոչից և բաց են թողնում դաշտերում[1]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուսիկ
- Լուսիկի եղբայրը
- Լուսիկի հարսը
- Թագավորի որդի
- Թագավոր
- Թագուհի
- Անցվոր ծերունի
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումանյանը թարգմանել ու փոխադրել է տարբեր ժողովուրդների՝ ռուսական, գերմանական, ճապոնական, իտալական, իռլանդական, արաբական, հնդկական և ամերիկյան հեքիաթներ։
Ելնելով այն ըմբռնումից, որ հեքիաթները, համամարդկային երկեր լինելով հանդերձ, միաժամանակ ազգային են, տվյալ ժողովրդի արվեստի նմուշ, Թումանյանն իր թարգմանած ու փոխադրած հեքիաթների մեջ մուծելով հայ ժողովրդական մտածողություն և լեզվական պատկերներ, չի կտրել դրանք ազգային հողից[2]։
Հովհաննես Թումանյանի լավագույն հեքիաթները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քաջ Նազարը» Հովհաննես Թումանյանի մշակած հեքիաթներից լավագույնն է։ Բայց և եթե խոսքը վերաբերում է հեքիաթների մեջ արտահայտություն գտած «հավիտենական սիմվոլներին», ապա նրա հաջողված մշակումները մինչ այժմ քննության առած հեքիաթներից շատերի շարքում կարելի է դասել նաև «Խոսող ձուկը», «Կռնատ աղջիկը», «Եդեմական ծաղիկը»[3]։