Կոշիկների նետում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոշիկներ՝ կախված Էդմոնտոնի (Կանադա) հաղորդալարերից

Կոշիկների նետում, կոշիկների օգտագործումը որպես նետման առարկա։ Որպես կանոն, զույգ կոշիկները նետվում են հեռախոսի, էլեկտրական կամ այլ լարերի վրա։ Ավելի քիչ տարածված է նետումը ծառերի[1] ու ցանկապատերի վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշիկների նետումն առաջին հերթին տարածված է ԱՄՆ-ում և Կանադայում, բայց կատարվում է նաև Լատինական Ամերիկայում, Ռուսաստանում[2], Բելառուսում[3], Ֆրանսիայում, Ուկրաինայում[4] ու աշխարհի շատ այլ երկրներում։ Որպեսզի կոշիկների զույգը լարից կախված մնա, անհրաժեշտ դրանց քուղերը կապել իրար։

Ինչ վերաբերում է ծառերից կախված կոշիկներին, ԱՄՆ-ում հայտնի են այդպիսի մի քանի տասնյակ ծառեր, որոնք, որպես կանոն, դասավորված են մայրուղու երկայնքով[5]։ Ծառը, որից կախված էին ամենաշատ թվով կոշիկներ, 23 մետր բարձրությամբ բրգաձև բարդին էր, որը գտնվում էր Նևադա նահանգի Միդլգեյթ գյուղի մոտ։ Նրա վրա կոշիկներ էին նետում 1980-ական թվականների կեսերից մինչև 2010 թվականի վերջը։ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին անհայտ վանդալները բարդին կտրել են։ Հարուցվել է քրեական գործ, քանի որ ծառը ոչ միայն տեղի տեսարժան վայրերից էր, այլ նաև մի քանի կիլոմետր շրջագծով տարածքի միակ ստվերոտ վայրն էր (ինչը կարևոր է Նևադայի կլիմայում), նրա վրա ապրում էին բազմաթիվ թռչուններ ու այլ կենդանիներ[6]։

Լարերի և ծառերի վրա կոշիկների նետումը քննության առարկա է դարձել որոշ գիտական հոդվածներում. օրինակ՝ դրանցից մեկում փորձ է կատարվել զուգահեռներ անցկացնել կոշիկների նետման՝ որպես ժամանակակից երևույթի և հոլոքոստի միջև, երբ գերմանացիները սպանված հրեաների կոշիկներով կույտեր էին անում[7]։

Չնայած այն հանգամանքին, որ կոշիկներ նետելն այժմ ոչ մի երկրում հանցագործություն չի համարվում, ԱՄՆ-ում քննարկումներ են ընթանում այդ գործունեությունն անօրինական համարելու շուրջ։ Լոս Անջելեսում կոշիկները նետելու դեմ պայքարի հատուկ ծրագիր է ընդունվել[8], այդ թվում, որոշ վերլուծաբանների կարծիքով, այդ գործունեության և քրեական տեղական համայնքների անդամների միջև գաղտնի նշանների հնարավոր կապի պատճառով։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խաբեբայություն», 1997 թվականի ամերիկյան կատակերգություն։ Տեսարանը, որտեղ կապված կոշիկները կախված էին հեռախոսի և էլեկտրական հաղորդալարերից, նկարահանվել է Իսթ-Քեփիթլ-Սթրիթ փողոցում՝ Կապիտոլիումից մի քանի թաղամաս այն կողմ։ Նկարահանող խումբը մոռացել է հավաքել մի քանի զույգ կոշիկներ, և դրանք դեռ մի քանի տարի շարունակել են կախված մնալ[9]։
  • «Խոշոր ձուկ», Թիմ Բյորտոնի ֆանտաստիկ արկածային տրագիկոմեդիան։ Գյուղերից մեկի բնակիչները կոշիկներ էին նետում հաղորդալարերին, որպեսզի ճանապարհորդներին ցույց տան գյուղում ընդմիշտ մնալու ցանկությունը։
  • «Բոլորի մոտ ամեն ինչ կարգին է», իտալական մելոդրամա (ռեժիսոր՝ Ջուզեպե Տորնատորե)։ Ֆիլմի առաջին տեսարանում Մարչելլո Մաստրոյաննին լքում է իր քաղաքն ու տեսախցիկը, նկարահանելով հեռացող գնացքը, վերևում ցուցադրում է հաղորդալարերից կախված մի զույգ կոշիկներ։ Երբ ֆիլմի վերջում հերոսը վերադառնում է, կոշիկները նորից են կադրում հայտնվում։
  • «Sex Drive», 2008 թվականի ամերիկյան կինոկատակերգություն։ Ճանապարհին գլխավոր հերոսների ավտոմեքենան փչանում է, և նրանք գնում են մոտակայքում ավտոսպասարկման կետ փնտրելու։ Ճանապարհին նրանք հանդիպում են մի ծառի, որից կոշիկներ էին կախված։ Իենը և Ֆելիցիան նույնպես ծառի վրա են նետում իրենց կոշիկներն ու ճանապարհը շարունակում ոտաբոբիկ։
  • Ալեքսեյ Նավալնին կոչ է արել հաղորդալարերից կախել սպորտային կոշիկներ. hենց վարչապետ Դմիտրի Մեդվեդևի սպորտային կոշիկներն են ծառայել որպես կարևոր փաստարկ Մեդվեդևի բազմամիլիոնանոց ակտիվների հետաքննության գործում, որ իրականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդը «Նա ձեզ համար Դիմոն չէ» ֆիլմում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shoe Trees на сайте roadsideamerica.com
  2. Блогеры жалуются на ботинки, висящие на проводах в центре Воронежа (ռուս.) на сайте riavrn.ru, 1 июня 2013
  3. Маются от безделья. Почему у молодежи в чести абсурдные увлечения? Արխիվացված 2014-10-31 Wayback Machine (ռուս.) на сайте news.vpn.by, 26 октября 2011
  4. Shoes tossing, alcoolisation et hurlements
  5. Поиск Shoe Tree на сайте roadsideamerica.com
  6. Feds hunt for shoe tree’s killer Արխիվացված 2019-05-10 Wayback Machine на сайте blog.sfgate.com
  7. The Mysterious phenomenon of shoe tossing and shoe posting
  8. TeamWork LA (c. 2003). «East Los Angeles NSC Combats Problem of Overhead Shoes on Wires» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 15-ին.
  9. «Плутовство» — Интересные факты на сайте IMDb.com
  10. «Навальный призвал выйти на митинг против коррупции вопреки запрету властей». snob.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոշիկների նետում» հոդվածին։