Կոզմա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոզմա (այլ կիրառումներ)
Կոզմա (ծննդյան և մահվան թվերն անհայտ են), հայ գրիչ և մանրանկարիչ։ Ստեղծագործել է 12-րդ դարի երկրորդ կեսին և 13-րդ դարի առաջին քառորդում։ Նրա անվան անդրանիկ հիշատակությունը կապված է 1166 թվականին Հռոմկլայում Առաքել եպիսկոպոսի համար ընդօրինակած և նկարազարդած Ավետարանի հետ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 7347)։ Կոզմայի մյուս ձեռագրերը ստեղծվել են 1205 թվականին՝ Խարբերդում (Վենետիկի Մխիթարյան մատենադարան) և 1219 թվականին՝ Խարբերդի Բարջանճ անապատում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 7734)։ Կան ևս երկու ձեռագրեր, որոնցից մեկը գտնվում է Կ. Պոլսում, մյուսը՝ ԱՄՆ-ում (Հ. Քյուրտյանի մոտ)։ Կոզման գրել է երկաթագրով և բոլորգրով, նրա օրինակներն իրենց անսխալ և գեղեցիկ գրության շնորհիվ համարվել են «ընտիր և լավ»։ Ձեռագրերը նկարազարդել է խորաններով, լուսանցազարդերով և ավետարանիչների նկարներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 506)։ |