Կյուրոպաղատ

Կյուրապաղատ (Կյուրոպաղատ, Կիւրապաղատ, Կիւռապաղատ, Կուրոպաղատ, Կուրապաղատ) (հունարեն` κουροπαλάτης, լատիներեն` cura palatii - «արքունապետ», «պալատապետ», ավելի ուշ «կուսակալ» և «բդեշխ» իմաստներով)[1], բյուզանդական պալատական աստիճան և պաշտոն V-XIV դարերում։
Սկզբնապես պալատական պահակախմբի հրամանատար, հետագայում՝ պատվավոր պաշտոն։ Պաշտոնն ի հայտ է եկել IV դարում։ Ամմիանոս Մարկելինոսի պատմության մեջ հիշատակվում է կուրապաղատ Սատուրնինոսը, որը դատապարտվել է 361 թվականին։
V դարի սկզբին Կուրապաղատները կայսերական պալատի նյութամատակարարմամբ զբաղվող պաշտոնյաներն էին։ Այնուհետև Կոստանդնուպոլսում առաջացել է Կյուրապաղատների նոր խումբ, որոնք առնչություն չունեին վերոհիշյալ պաշտոնյաների հետ։ Կյուրապաղատն արդեն պալատական բարձրաստիճան պաշտոնյա էր, կայսեր պահակախմբի հրամանատարը։ 6-րդ դարի Կուրապաղատը պալատական աստիճանակարգում երրորդն էր։ 7-րդ դարի Կուրապաղատներ էին գլխավորապես իշխող կայսերական հարստության անդամները։ 8-րդ դար VIII կուրապաղատությունը կորցրել է նախնական նշանակությունը՝ վերածվելով սովորական պատվաստիճանի։ 9-րդ դարի վերջից Կուրապաղատի տիտղոսը հասարակացել է մասամբ նրանով, որ սկսել է շնորհվել օտարերկրացի (հայ, վրացի և այլն) իշխանավորներին։ 11-րդ դարում ստեղծվել է առաջին Կյուրոպաղատի (պրոտոկուրոպաղատ) տիտղոս։ Կյուրոպաղատները պետությունից ստացել են ռոճիկ (10-րդ դար շուրջ 401 ոսկի՝ 2880 դահեկան), ունեցել գրասենյակ՝ կուրոպալատիկոն։ Կյուրոպաղատի կինը կոչվել է կուրոպալատիսսա, անցյալում այդ աստիճանը կրողը՝ ապոկուրոպաղատ։
Բյուզանդական կայսրությունում եղել են հայազգի բազմաթիվ Կյուրոպաղատներ Արտավազդ (8-րդ դար), Վարդ (9-րդ դար), Լևոն Փոկաս, Վարդաս Մկլերոս (10-րդ դար) Կատակալոն Կեկավմենոս (11-րդ դար), Վահրամ (12-րդ դար) ևն։ 7-13-րդ դարերում Կյուրոպաղատի տիտղոս են ստացել նաև Հայաստանի ու Կիլիկիայի շատ իշխանավորներ՝ Համազասպ Մամիկոնյան, Սմբատ Բագրատունի, Դավիթ Սահառունի (7-րդ դար), Դավիթ Կյուրոպաղատ (10-րդ դար), Փիլարտոս Վարաժնունի (նաև՝ պրոտոկուրոպաղատ, 11-րդ դար), Գրիգոր Պահլավունի (12-րդ դար), Աբդլմսեհ Ա Արծրունի (պրոտոկուրոպաղատ, 11-րդ դար), Աբդլմսեհ Բ Արծրունի (պրոտոկուրոպաղատ, 11—12-րդ դարեր) և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Každan, Aleksandr Petrovič (1991). The Oxford dictionary of Byzantium. New York Oxford: Oxford university press. էջ 1157. ISBN 978-0-19-504652-6.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 492)։ |