Կիրառական սոցիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Է. Դյուրկհեյմ
Հ. Սփենսեր
Կառլ Մարքս

Կիրառական սոցիոլոգիա, սոցիոլոգիայի բաժին, ուսումնասիրում է անհատների, սոցիալական խմբերի, դասակարգերի, մարդկային այլ խմբերի գործունեության մեջ հասարակական ընդհանուր օրինաչափությունների դրսևորման ձևերը և գործողության մեխանիզմները տարբեր պատմական պայմաններում և իրադրություններում։ Կիրառական սոցիոլոգիան ներառում է մասնակի (հատուկ) սոցիոլոգիական տեսությունները («աշխատանքի սոցիոլոգիա», «ընտանիքի սոցիոլոգիա»,«գյուղի սոցիոլոգիա», «անհատի սոցիոլոգիա» և այլն) և կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունները։

Էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառական սոցիոլոգիա հետազոտվող երևույթը դիտում է որպես մարդկային հավաքականությունների գործունեության արդյունք՝ այդ արդյունքը պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ամբողջության մեջ։

Կիրառական սոցիոլոգիայի խնդիրն է բացահայտել տվյալ երևույթը բնորոշող և միմյանց հետ փոխազդող սոցիալական գործոններից յուրաքանչյուրի տեսակարար կշիռը։ Կիրառական սոցիոլոգիան կատարում է գործնական, ճանաչողական, գաղափարախոսական ֆունկցիաներ։

Առաջինը թույլ է տալիս մշակելու կոնկրետ առաջարկություններ սոցիալական կյանքի տարբեր ոլորտների զարգացման գործընթացները գիտականորեն կառավարելու համար, երկրորդը, հարստացնելով և զարգացնելով ընդհանուր սոցիոլոգիական տեսության դրույթները, հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափությունների մասին տալիս է գիտելիքներ, երրորդը ծառայում է մարդկանց գաղափարական դաստիարակությանը և բուրժուական գաղափարախոսության դեմ պայքարին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառական սոցիոլոգիան ձևավորվել է 17-18-րդ դարերում, երբ առաջ եկավ հասարակությունը կառավարելու համար բնակչության և նյութական ռեսուրսների մասին տեղեկատվության պահանջ։ 19-րդ դարում կիրառական սոցիոլոգիան զարգանում էր հիմնականում Օ. Կոնտի և Հ. Սփենսերի պոզիտիվիզմի ազդեցությամբ։ Այն ինտենսիվացել է 20-րդ դարում՝ հատկապես 20-ական թվականներից սկսած (Է. Դյուրկհեյմ, Վ. Թոմաս, Ֆ. Զնանեցկի, Տ. Պարսոնս, Ռ. Մերտոն, Լ. Թերստոն, Պ. Լազարսֆելդ, ժ. Ֆրիդման)։

Բուրժուական երկրներում ընդհանուր սոցիոլոգիական տեսության բացակայությունը հանգեցնում է տեսական մոդելների և փորձնական հետազոտությունների միջև անհամաձայնության և խզման։ Դրանով է պայմանավորված այդ հետազոտություններից ստացված արդյունքների և ընդհանրացումների սահմանափակությունը, իրականությանը ոչ լրիվ համապատասխանությունը։ Ի տարբերություն բուրժուական սոցիոլոգիայի, մարքսիզմի դասականները իրենց երկերում (Կ. Մարքսի «Կապիտալը», «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը», Ֆ. Էնգելսի «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում», «Բնակարանային հարցի շուրջը», Վ, Ի. Լենինի «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում», «Սոցիոլոգիան և վիճակագրությունը») սկզբից ևեթ կիրառել են այն կարևորագույն սկզբունքը, ըստ որի առանձին վերցրած սոցիալական երևույթևները կարելի է հասկանալ միայն կոնկրետ հասարակական ամբողջի մեջ նրանց տեղը և դերը հաշվի առնելով։

Այդ գործերը մինչև այժմ էլ պահպանում են իրենց մեթոդաբանական և մեթոդական նշանակությունը։ Կիրառական սոցիոլոգիայի զարգացման նոր հնարավորություններ ստեղծվեցին սոցիալիստական հեղափոխությունից հետո։ ԽՍՀՄ-ում կիրառական սոցիոլոգիաի մեջ լուրջ ներդրում են հասարակական կյանքի տարբեր կողմերին նվիրված 1920-1930-ական թվականների ուսումնասիրությունները (Ե. Օ. Կաբո, Վլ. Զայցև, Ս. Գ. Ստրումիլին, Լ. Ս. Վիգոտսկի, Ն. Ա. Սեմաշկո)։

Հաշվողական տեխնիկայի զարգացումը, հատկապես 1950-1960-ական թվականներին, մեծ խթան ղարձավ կիրառական սոցիոլոգիայի արագ զարգացման համար։ Դա բխում էր պլանավորումը և կառավարումը գիտական տեղեկատվության վրա հիմնելու պահանջից։ Կիրառական սոցիոլոգիայի առանձնահատկությունը և նրա կազմում կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունների առկայությունը պահանջում է սերտ կապ գիտության տարբեր բնագավառների հետ։ Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունները կազմակերպվում են փուլերով.

  1. հետազոտման ծրագրի մշակում
  2. փորձնական հետազոտություն՝ մեթոդիկաների կազմում և նրանց ստուգում տիպային օբյեկտներով, այնուհետև սկզբնական տվյալների հավաքման ամբողջ համակարգի ստուգում
  3. ընտրակ՝ հետազոտման օբյեկտների և դիտման միավորների ընտրություն
  4. «դաշտային փուլ»՝ հետազոտման օբյեկտներից տեղեկատվական զանգվածային հավաքում
  5. տվյալների մշակման ծրագրի վերջնական տարբերակի կազմում
  6. տվյալների մշակում և հավաքված նյութի վերլուծություն։

Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները հավաքում են գիտական դիտարկման, փաստաթղթերի քանակական և բովանդակային վերլուծության, հարցումների (հարցազրույցներ, փորձամիջոցներ, սոցիոմետրիա) ևն մեթոդներով։ Տվյալները մշակվում են խմբավորման, տիպայնացման, տոկոսային վերլուծության եղանակներով, զանազան տիպի համահարաբերակցական կապեր գտնելով։ Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունները, հարստացնելով ընդհանուր սոցիոլոգիական տեսության դրույթները և զարգացնելով մասնավոր սոցիոլոգիական տեսությունները, օգնում են բացահայտելու դասակարգային տարբերությունների հաղթահարման կոնկրետ սոցիալական նշանակությունը, գիտատեխնիկական հեղափոխության հետևանքներն ու դրսևորումները, մարդկանց գործունեության տարբեր ոլորտներում աշխատանքի բնույթի և բովանդակության փոփոխությունը, նյութական և բարոյական զանազան խթանների սոցիալական նպատակահարմարությունը և այլն։

Հայաստանում կիրառական սոցիոլոգիայի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարում ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Կան նաև կիրառական սոցիոլոգիայի հասարակական հիմունքներով գործող կենտրոններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бабосов Е.М. Прикладная социология. ТетраСистемс, 2001. ISBN 985-6577-74-8
  • Горшков М.К., Шереги Ф. Э. Прикладная социология. Методология и методы. Москва։ Альфа-М; Инфра-М, 2011. ISBN 978-5-98281-155-4
  • Горшков М.К., Шереги Ф.Э. Прикладная социология. Методология и методы. Интерактивное уч. пособ. На CD-ROM. 2012 г.
  • Долгоруков А.М. От замысла к действию. Стратегическое управление. ДИСКУРС, 2011. ISBN 978-5-905369-01-8
  • Ельмеев В. Я., Овсянников В.Г. Прикладная социология։ Очерки методологии. СПб.։ СПбГУ, 1994 г. (1-е изд.)
  • Кравченко А.И. Прикладная социология и менеджмент։ Хрестоматия. М.։ МГУ, 1998, ISBN 5-211-03988-2
  • Смехнова, Галина Петровна. Основы прикладной социологии (учеб. пос.), Изд-во «Вузовский учебник», 2009. ISBN 978-5-9558-0061-5
  • Шуклина Елена, Зборовский Гарольд. Прикладная социология. М.։ Гардарики, 2006. ISBN 5-8297-0184-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 452