Jump to content

Աշխատանքի սոցիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատանքի սոցիոլոգիա, սոցիոլոգիայի ճյուղ, որն ուսումնասիրում է սոցիալ բնորոշ հարցեր, որոնք արտահայտվում են մարդկանց աշխատանքի հանդեպ վերաբերմունքի, մարդու սոցիալական ակտիվության, մարդկային փոխհարաբերությունների և սոցիալական խմբերի մեջ[1]։ Նեղ իմաստով՝ աշխատանքի սոցիոլոգիան հետազոտում է աշխատատուների և վարձու աշխատողների վարքը՝ ի պատասխան աշխատանքի տնտեսական և սոցիալական խթանների գործունեության։ Աշխատանքի սոցիոլոգիան սերտորեն կապված է այնպիսի տնտեսագիտական գիտությունների հետ, ինչպիսին են մակրոտնտեսագիտությունը և միկրոտնտեսագիտությունը, ձեռնարկության տնտեսագիտությունը, վիճակագրությունը, արտադրության կազմակերպումը, կազմակերպությունների սոցիոլոգիան, կառավարման սոցիոլոգիան, տնտեսական սոցիոլոգիան։

Աշխատանքի սոցիոլոգիայի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի սկզբին հայտնվեցին առաջին գիտական աշխատանքները, որ վերաբերում էին աշխատանքին և դրա հետազոտությանը՝ կրելով էմպիրիկ բնույթ։ XIX դարի երկրորդ կեսին երևան եկան աշխատանքի հետազոտության վերաբերյալ առաջին համակարգված աշխատությունները։ Այդպիսի հետազոտությունների նպատակը, որ սկսել է կատարել ամերիկացի ճարտարագետ Ֆրեդերիկ Թեյլորը, սկզբնապես կայանում էր արտադրական գործընթացների ռացիոնալ կատարման մեթոդների որոնման մեջ։ Այս ամենի հետևանքով առաջացավ գիտական ուղղություն, որը ստացավ «աշխատանքի գիտական կազմակերպում» անունը։ Այդ գիտական ուղղության շրջանակներում առաջացան «աշխատանքի կարգավորում», «աշխատավարձ», «մասնագիտական ընտրություն» և մի շարք այլ հասկացություններ։

Հետագայում աշխատանքի սոցիոլոգիայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեցան այնպիսի գիտություններ, ինչպիսիք են տնտեսագիտությունը, մաթեմատիկան, վիճակագրությունը, ֆիզիոլոգիան և մարդու հոգեբանությունը, իրավագիտությունը և այլն[2]։

Աշխատանքի սոցիոլոգիայի հասկացությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի սոցիոլոգիայում առանձնացնում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «աշխատանքի բովանդակությունը» և «աշխատանքի բնույթը»։ Աշխատանքի բովանդակության տակ հասկանում են աշխատանքային որոշակի գործառույթներ՝ ապահովված սարքավորումներով, տեխնոլոգիաներով, արտադրության կազմակերպությամբ և աշխատակցի վարպետությամբ։ Աշխատանքի բնույթի տակ հասկանում են արտադրողի կապվելու մեթոդները արտադրական միջոցների հետ, որոնք պայմանավորված են այդ հասարակության մեջ սեփականության նկատմամբ գերակշռող հարաբերություններով։ Աշխատանքի բնույթը արտացոլում է աշխատանքի սոցիալ-տնտեսական հատկանիշները զարգացման որոշակի փուլում գտնվող հասարակության մեջ։ Ինչպես արտադրական ուժերը և արտադրական հարաբերությունները արտացոլում են արտադրության միասնությունը, այնպես էլ աշխատանքի բովանդակությունը և բնույթն իրենցից ներկայացնում են հասարակական աշխատանքի էությունն ու ձևերը[3]։

Սոցիոլոգիայի այս ճյուղի հիմնական հասկացությունների մեջ մտնում են «աշխատանք» և «աշխատանքային բավարարվածություն» հասկացությունները։ Աշխատանքը սուբյեկտի գործունեությունն է՝ ուղղված պահանջմունքների բավարարմանը արտադրության գործառույթների հասարակական բաժանման համակարգում։ Աշխատանքային բավարարվածությունը անհատի սեփական դիրքի գնահատականն է աշխատանքի հասարակական բաժանման համակարգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Տոշչենկո Ժ.Տ., Ցվետկովա Գ.Ա., «Աշխատանքի սոցիոլոգիա:Դասագիրք բուհերի համար»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. ISBN 5-89123-278-2. Գենկին, « Տնտեսագիտություն և աշխատանքի սոցիոլոգիա»
  3. ISBN 5-314-00106-3 Է.Բ. Կորեցկի, Վ.Խ. Շետով «Գիտական մենեջմենթ.ռուսական պատմություն»