Կեռնեխ թագավորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեռնեխ թագավորը
գերմ.՝ König Drosselbart
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1812
 King Thrushbeard
Կեռնեխ թագավորը (նկարազարդող՝ Johann-Mithlinger-Siedlung)
Ծպտված Կեռնեխ թագավորը տանում է արքայադստերը (նկարը՝ Արթուր Ռեքհեմի)
Կ. Ֆոգելի հեքիաթի նկարազարդում

Կեռնեխ թագավորը (գերմ.՝ König Drosselbart), ռոմանտիկ հեքիաթ-նովել Գրիմ եղբայրների «Մանկական և ընտանեկան հեքիաթներ» (Kinder- und Hausmärchen) առաջին ժողովածուից (առաջին հրատարակություն՝ 1812/1815), գտնվում է 52 համարի ներքո։ Հեքիաթների սյուժեների դասակարգման Աարնե-Թոմփսոնի համակարգում կրում է 900 համարը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է, թե ինչպես է հպարտ գեղեցկուհի արքայադուստրը մեկը մյուսի հետևից մերժում բոլոր փեսացուներին՝ միաժամանակ ծաղրելով նրանց երևակայական և իրական թերությունները[1]։ Հատկապես Ամենից շատ ծաղրում է մի երիտասարդ թագավորի, որը փեսացուների շարքում գրեթե ամենապատվավոր տեղն էր զբաղեցնում։ Նա դուր կգար ցանկացած աղջկա, բայց արքայադուստրը գտնում է, որ նրա մորուքը պետք եղածից չափազանց սուր է և չափազանց դուրս ցցված, այդ պատճառով էլ նրան անվանում է «Կեռնեխ թագավոր»։ Արդյունքում բոլոր ազնվական փեսացուները դատարկաձեռն հետ են վերադառնում, իսկ զայրրացած ծեր թագավորը երդվում է աղջկան կնության տալ պալատ եկած առաջին իսկ աղքատին։ Որոշ ժամանակ անց պալատ է ժամանում կեղտոտ ցնցոտիներ հագած մի թափառաշրջիկ երաժիշտ, և թագավորը, պահելով խոստումը, աղջկան կնության է տալիս նրան՝ չնայելով վերջինիս լացին ու բողոքներին, որից հետո նրան վտարում է պալատից։

Աղքատը արքայադստերը տանում է մարգագետիններով, անտառներով ու լեռներով։ Երբ արքայադուստրն ամուսնուն հարցնում է, թե ում են պատկանում այդ բոլոր հողերը, վերջինս միշտ անփոփոխ պատասխանում է, որ դրանք բոլորը Կեռնեխ թագավորի սեփականությունն է։ Այդպես մի քանի օր անց նրանք հասնում են մի մեծ քաղաք, որը նույնպես պատկանում էր Կեռնեխ թագավորին։ Արքայադուստրը փորձում է հարմարվել հասարակ մարդկանց դժվարին կյանքին՝ ապրելով իր աղքատ ամուսնու փոքրիկ հյուղակում։ Նա փորձում է ուռենու ոստերից զամբյուղ հյուսել, բայց ձեռքերը, սովոր չլինելով ծանր աշխատանքի, գործը գլուխ չեն բերում։ Այդ ժամանակ ամուսինը նրան ուղարկում է շուկայում կճուճներ վաճառելու։ Առաջին օրը գործը լավ է գնում, և աղջիկը մի փոքր գումար է աշխատում։ Բայց հաջորդ օրը մի հարբած հուսար ձիով գալիս է ու բոլոր կճուճները ջարդուփշուր անում։ Ի վերջո, ամուսինը ծանոթների միջոցով կնոջը պալատում աման լվացող է ընդունել տալիս։

Մի քանի օր անց՝ խնջույքի ժամանակ, արքայադուստրը, կերակուր մատուցելիս, հանկարծ տեսնում է սրահ մտնող և թանկարժեք հագուստներ հագած Կեռնեխ թագավորին։ Նա մոտենում է աղջկան ու պարի հրավիրում, բայց այդ պահին նրա գրպաններից ուտելիքը թափվում է, որն արքայադուստրը հավաքել է սեղանից և պատրաստվում էր տուն տանել։ Պալատականները բարձրաձայն ծիծաղում են, իսկ աղջիկն ամոթից դուրս է փախչում։ Հանկարծ թագավորը բռնում է նրան և հայտնում, որ ինքն այն նույն աղքատ երաժիշտն է, որին հայրը նրան կնության է տվել։ Հենց ինքն է ջարդել կճուճները և ստիպել կողովներ հյուսել, որպեսզի զսպի նրա կամակորությունը և դաս տա նրա գոռոզության համար, որի պատճառով արքայադուստրն իրեն ծաղրել է։ արտասվող արքայադուստրն ամուսնուց ներողություն է խնդրում հասցրած վիրավորանքների համար, և թագավորական զույգը հաշտվում է ու պալատում շքեղ հարսանիք կազմակերպում։

Իրական իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի հայտնի զորապետ, Անհալտ-Դեսաուի իշխան Լեոպոլդ I-ը ձիով գնալիս է լինում Դեսաուի՝ շուկա տանող փողոցով, որտեղ նստած էին շատ առևտրականներ՝ կճուճներով և կավե այլ ամանեղենով։ Ձին կանգնեցնելով՝ իշխանը հետաքրքրվել է, թե առևտուրն ինչպես է ընթանում։ Այդ ժամանակ կանայք ամբողջ «հասարակությունով» սկսել են լաց լինել և դժգոհել, թե ինչպես ամեն ինչ վատ է, որ պատերազմը բոլորին սնանկացրել է և այլն։ Լսելով այդ՝ իշխանն իր ձին ուղղել է կճուճների կույտի վրա, և չնայած վաճառողուհիների ողբալի աղաղակներին՝ նրանց ամբողջ ապրանքը ջարդուփշուր արել։ Սակայն, միտքը փոխելով, նա շուտով բոլոր տուժածներին հրավիրում է իր պալատ ու վնասն այնպես առատաձեռնորեն վճարում, որ բոլորը գոհ են մնում։ Հայտնի է, որ այս հետաքրքրաշարժ պատմությունը գրի են առել Գրիմ եղբայրները։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954, 1962, 1971 թվականներ – գերմանական գերմանական ֆիլմ հեքիաթի մոտիվներով։
  • 1965 թվական – ԳԴՀ-ում՝ DEFA ստուդիայում։ Գլխավոր դերերում՝ Կարին Ուգովսկի և Մանֆրեդ Կրուգ։
  • 1969 թվական – «Կամակոր արքայադուստրը» խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ Գրիմ եղբայրների հեքիաթի մոտիվներով։
  • 1984 թվական – գերմանա-չեխոսլովական համատեղ գեղարվեստական ֆիլմ։
  • 1987 թվական – «Կեռնեխ թագավորը» ճապոնական մուլտիպլիկացիոն սերիալ (20 սերիա)։
  • 1999 թվական – «Կեռնեխ թագավորը» գերմանական մուլտիպլիկացիոն սերիալ (9 ֆիլմ)։
  • 2008 թվական – ռեժիսոր Սիբիլլա Տաֆելի գերմանական գեղարվեստական ֆիլմը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳԴՀ նամականիշների շարք՝ թողարկված 1967 թվականին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SurLaLune Fairy Tale Site King Thrushbeard». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]