Կենսատեխնոլոգիան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանրէաբանություն

Կենսատեխնոլոգիան Հայաստանում, Կենսատեխնոլոգիայի զարգացումը Հայաստանում սկսվել է 1971 թվականից՝ Ս. Ալիխանյանի նախաձեռնությամբ Չարենցավանում հիմնադրված ԽՍՀՄ մանրէաբանության և բժշկական արդյունաբերության նախարարության Գենետիկայի ՀամԳՀԻ-ի հայկական մասնաճյուղում։ Մշակվել են բժշկության և սննդարդյունաբերության ոլորտներում կիրառվող բարձր մաքրության որոշ ամինաթթուների ստացման արդյունավետ արտադրական կենսատեխնոլոգիաներ։ Կազմակերպվել է արյան արհեստական փոխարինիչ «Պոլիամին» և «Պանամին» ամինաթթվային բնույթի դեղապատրաստուկների արտադրությունը։ 1980-ական թվականների վերջերին Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ-ում ստացվել են մի շարք Լ-ամինաթթուների (պրոլին, ալանին, վալին, լիզին, արգինին, հիստիդին և այլն ) բարձրակտիվ շտամ-արտադրիչներ, և մշակվել են ավելի քան 20 արտադրական տեխնոլոգիաների կանոնակարգեր (ռեգլամենտ)։ Հայաստանում արտադրված փորձնական նմուշներն իրենց որակով համապատասխանել են ներերակային սնուցման դեղամիջոցների համար պահանջվող միջազգային չափորոշիչներին։ Արտադրված ամինաթթուների հիման վրա պատրաստված «Պոլիամին» պատրաստուկի նմուշները փորձարկվել են նախակլինիկական և կլինիկական պայմաններում։

Ստացված արդյունքների հիման վրա ԽՍՀՄ որոշ հանրապետություններում (նաև Հայաստանում) կառուցվել են ներերակային սնուցման ներարկվող (ինֆուզիոն) լուծույթներ և ամինաթթվային այլ պատրաստուկներ արտադրող գործարաններ։ 2000 թվականից Աշոտ Սաղյանի ղեկավարությամբ կատարվել են մի շարք նոր կարևոր մշակումներ ինչպես ամինաթթուների արտադրության, այնպես էլ կենսատեխնոլոգիայի այլ ոլորտների՝ առողջապահության, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, բնապահպանության և կենսաբանորեն ակտիվ նյութերի կենսանմանակային (կենսամիմետիկ) սինթեզի խնդիրների լուծման ուղղությամբ։ Կատարելագործվել և միջազգային չափանիշների են հասցվել մի շարք ամինաթթուների արտադրական շտամ-արտադրիչներ, մշակվել են բժշկական նշանակության Լ և D ամինաթթուների (ալանին, ասպարագինաթթու, պրոլին, տրիպտոֆան, մեթիոնին, լեյցին և այլն) մանրէաբան, արտադրության արդյունավետ, սննդարդյունաբերության ոլորտում կիրառվող խմորիչային պատրաստուկների (պեպսին, ամիլազ, գլյուկոամիլագ և այլն) արտադրական, միջատասպան և հակաբակտերիային նոր կենսապատրաստուկների, ինչպես նաև բույսերի աճի խթանիչների և կենսապարարտանյութերի ստացման արդյունավետ տեխնոլոգիաներ։ Մշակվել են էկոլոգիապես մաքուր օրգանական բնույթի Ազոտովիտ-1 և Ազոցեովիտ-1 կենսապարարտանյութերի արտադրական տեխնոլոգիաները, որոնք ներկայումս հաջողությամբ արտադրվում և իրացվում են Հայաստանում։

2010 թվականին Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ-ի և Մանրէաբանության ու մանրէների ավանդադրման կենտրոնի միավորմամբ ստեղծվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, որտեղ մշակվում են կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման եղանակներ և տեխնոլոգիաներ, ուսումնասիրվում մանրէաբանության ժամանակակից հիմնահարցեր, ավանդադրվում են նոր և գիտաարտադրական նշանակության հեռանկարային մանրէներ, իրականացվում կենսաահաբեկչության վտանգի կանխարգելմանն ու վնասազերծմանն ուղղված հիմնարար և կենսատեխնոլոգիայի ոլորտում կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրական տեխնոլոգիաների մշակման ԳՀ աշխատանքներ։ Լուծվում են բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, երկրագիտության և բնապահպանության ոլորտներում առկա կենսատեխնոլոգիական խնդիրներ։ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը համագործակցում է Նանտի և Փարիզ-Սյուդ (Ֆրանսիա), Օքսֆորդի և Ուելսի (Մեծ Բրիտանիա), Ռոստոկի (Գերմանիա) համալսարանների, Օրգանական կատալիզի ինստիտուտի և “Evonic/Degussa” (Գերմանիա), “Acros Organics” (Բելգիա) ֆիրմաների, ՌԳԱ Մարդու ուղեղի և Ա. Նեսմեյանովի անվան տարրօրգանական միացությունների ինստիտուտների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։