Կարլ Շպեկլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Շպեկլե
Ծնվել է1734
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1796
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
 Karl Johann Speckle Վիքիպահեստում

Կարլ Յոհան Շպեկլե (գերմ.՝ Karl Johann Spekle, 1734, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1796, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), գերմանական ծագմամբ ռուս ճարտարապետ, կլասիցիզմ ոճի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Շպեկլեն ծնվել է 1734 թվականին, զինագործ և քանդակագործ Ֆիլիպե Սպեկլեի ընտանիքում, որը 1698 թվականին Ռուսաստան է եկել Պետրոս I-ի հրավերով։ Սովորել է Սուրբ Աննայի Լութերական եկեղեցու դպրոցին կից Սուրբ Աննայի ուսումնարանում։ 1758 թվականին եղբոր՝ Պաուլի հետ միասին, որպես տաղանդավոր դիմանկարիչ և գծանկարիչ, ծառայության է անցել ճարտարապետ Վարֆոլոմեյ Ռաստրելլիի մոտ, որպես օգնական։ 1765-1796 թվականներին ծառայել է որպես Ռուսաստանի բանակի ճարտարագետների կորպուսի ճարտարապետ, ինչպես նաև կատարել է հրետանային կորպուսի ճարտարապետի պարտականությունները։ Այդ պաշտոններում ղեկավարել է Ռուսական կայսրության տարբեր մասերում բազմաթիվ ռազմական նշանակության շենքերի նախագծման և կառուցման աշխատանքները։ Դրանց թվում են եղել զորանոցներ, պահականոցներ, սպայական բնակարաններ, ռազմական և վարչական շենքեր, արհեստանոցներ, զինանոցներ, ռազմական հիվանդանոցներ և զինագործարաններ։

Շպեկլեն վերամշակել է Սանկտ Պետերբուրգի զինանոցի շենքի նախագծումը և մինչև 1790 թվականը վերահսկել դրա շինարարությունը։ Շենքը համարվում է վաղ կլասիցիզմի ուշագրավ աշխատանք։ 1770-1780 թվականներին ճարտարապետը ղեկավարել է Սեստերորեցկի, 1783-1789 թվականներին՝ Բրայանսկի զինագործարանների շենքերի կառուցումը։

1786-1787 թվականներին կառուցել է Ռուսաստանի առաջին երկաթե կամուրջները՝ փոքրիկ չինականները Ցարսկոյե Սելոյի Ալեքսանդրյան պուրակում, այնուհետև՝ Տավրիկյան զբոսայգում։

Սանկտ Պետերբուրգում պահպանվել է ինժեներ-գեներալ Ֆ. Բ. Բաուրի տունը (1781-1784, Կուտուզովի առափնյա 36/2), որը կառուցել է Շպեկլեն։ Շպեկլեի կառուցած շինություններ կան Ֆինլանդիայում, Ֆրիդրիխսհամի և Վիլմանստրանդյան ամրոցներում։

Վիբորգում պահպանվել են Շպեկլեի նախագծված Աննենկրոն ամրաշինությունները, ինչպես նաև նախկին փոխարքայի պալատը (1784), որն ի սկզբանե նախատեսված է եղել Ինժեներական թիմի տեղակայման համար։

1782 թվականից սկսած Շպեկլեն դասավանդել է քաղաքացիական ճարտարապետություն հրետանային և ինժեներական կադետային կորպուսում։ 1785 թվականին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ 1793 թվականին 35 տարվա անբասիր ծառայության համար նրան շնորհվել է Սուրբ Վլադիմիրի շքանշան։

Շպեկլեն մահացել է Սանկտ Պետերբուրգում, 1796 թվականին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кириков Б. М.,Штиглиц М. С. Петербург немецких архитекторов. Изд-во «Чистый лист» Санкт-Петербург.2002. ISBN 5-901528-04-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8