Կարեն Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Արտակի Ներսիսյան | |
---|---|
![]() | |
ապրիլի 8, 1997 - ապրիլի 2, 2016 (18 տարեկան) | |
Ծննդավայր | Բջնի, Կոտայքի մարզ, Հայաստան |
Մահվան վայր | Ջաբրայիլ, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() |
Ծառայության տարիներ | 2015-2016 |
Կոչում | սերժանտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական Քառօրյա պատերազմ |
Պարգևներ | «Արիության» մեդալ «Մարտական ծառայություն» մեդալ |
Կարեն Արտակի Ներսիսյան (ապրիլի 8, 1997, Բջնի, Կոտայքի մարզ, Հայաստան - ապրիլի 2, 2016, Ջաբրայիլ, Ադրբեջան), Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, սերժանտ, Լելե-Թեփե բարձունքում գտնվող 112-րդ մարտական դիրքի ավագ Ադամ Սահակյանի օգնականը[1]։
Կարեն Ներսիսյանը այն յոթ զինվորներից մեկն էր, որոնք Ադամ Սահակյանի գլխավորած մարտում մի քանի ժամ շարունակ պայքարել են հակառակորդի դեմ՝ կյանքի գնով պաշտպանելով Ջաբրայիլի դիրքերից մեկը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Ներսիսյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին Բջնիում։
2003-2014 թվականներին սովորել է Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետում։
Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն։
Ունի կրտսեր եղբայր՝ Արման Ներսիսյանը[3]։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումը կիսատ թողնելով՝ 2015 թվականի հուլիսի 11-ին Կարեն Ներսիսյանը 2015/1 զորակոչով Չարենցավանի Զինկոմիսարիատից մեկնել է պարտադիր ժամկետային զինծառայության։ Ծառայել է Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է սերժանտի կոչում։ Եղել է արցախա-ադրբեջանական Քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր մեկ տարի[4]։
Քառօրյա պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 1-ին Կարեն Ներսիսյանը բարձրացել է դիրքեր՝ հերթափոխ իրականացնելու։ Նույն օրվա գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, հակառակորդը լայնամասշտաբ հարձակումներ է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
112 դիրքը (Լալայկա՝ Լելե-Թեփե կոչվող բարձունք) ևս ենթարկվել է հրետակոծման, ինչի արդյունքում դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած խումբն անցել է շրջանաձև պաշտպանության։
Անձնակազմի անդամներին` Ադամ Սահակյանին, Կարեն Ներսիսյանին, Բագրատ Ալեքսանյանին, Տիգրան Բերակչյանին, Սաշա Գալստյանին, Անդրանիկ Գրիգորյանին, Ժորա Եսայանին, Բորիս Օզմանյանին օգնության է հասել 5 սպայից բաղկացած օպերատիվ խումբը` Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը[4]։
Սերժանտ Սահակյանն իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ-ին արագ պարտության մատնելու հակառակորդի մշակած ծրագիրը։
Կարեն Ներսիսյանը ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների[5]։
Անհավասար պայքարում զոհվել են Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը[6]։
Հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 2-ից Կարենի հարազատները փորձել են կապ հաստատել նրա հետ, ապա իմացել են, որ նա անհետ կորածների ցուցակում է։ Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին է փոխանցվել 18 զինծառայողի մարմին։ Նրանցից մեկը Կարեն Ներսիսյանն էր[6]։
Կարեն Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Զինվորական կարգով հողին հանձնելու արարողությունը կատարվել է 2016 թվականի ապրիլի 13-ին։
Աճյունն ամփոփված է գյուղի կենտրոնում գտնվող Արցախյան և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում զոհվածների համար կանգնեցված պանթեոնում[7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 16-ին Կարեն Ներսիսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով[8]։
2016 թվականի մայիսի 28-ին Կարեն Ներսիսյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով[9]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բջնի գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի դասարանը 2016 թվականից կրում է ապրիլյան հերոս Կարեն Ներսիսյանի անունը։ Նրա անունն է կրում նաև Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի լսարաններից մեկը[4]։
Կարեն Ներսիսյանի ծննդյան 20-ամյակին՝ 2017 թվականի ապրիլի 8-ին, հայրենի գյուղում խաչքար է կանգնեցվել՝ ի հիշատակ նրա և զինակից ընկերների[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սերժանտ Կարեն Ներսիսյան. Լելե-Թեփե բարձունքում մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ ««Կարենն ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ». ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2020-06-12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Այսօր Ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Կարեն Արտակի Ներսիսյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ ««Մամ ջան, գնացե՛ք, հանգիստ քնեք». Հերոս Կարեն Ներսիսյանը կդառնար 20 տարեկան. ֆոտո». iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 6,0 6,1 LLC, Helix Consulting. «Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Մի պահ զանգը գնաց, շտապ անջատեցի, մտածեցի՝ հանկարծ երեխաս չբռնվի. Քառօրյայում զոհված Կարեն Ներսիսյանի մայր (ֆոտո)». news.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Բջնեցի Կարենը. Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր կդառնար 23 տարեկան». www.1lurer.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Այսօր Կարեն Ներսիսյանի տարեդարձն է». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Խաչքար՝ Ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի հիշատակին». www.1lurer.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 8 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրիլի 2 մահեր
- 2016 մահեր
- Բջնի գյուղում ծնվածներ
- Ադրբեջանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Արիության մեդալակիրներ
- Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի սերժանտներ
- ՀՀ զինված ուժերի սերժանտներ
- Մարտական ծառայության մեդալակիրներ
- Քառօրյա պատերազմի մասնակիցներ հայկական կողմից