Կարաիմերեն՝ ալթայան լեզուների ընտանիքի թյուրքական լեզվախմբի ղփչաղական ճյուղին պատկանող լեզու։ Կարաիմերեն խոսողների թիվը՝ մոտ 3.500, հիմնականում՝ Լիտվայում և Ղրիմում։ Լիտվայի և Ղրիմի կարաիմերենը բարբառային զգալի տարբերություններ ունեն։
Կարաիմերենը մոտ է Ղրիմի թաթարերենին, առաջացել է Ղրիմում՝ Անատոլիայից Ղրիմ գաղթած սեֆարդ հրեաների միջև, որոնք տեղում ենթարկվել են լեզվական ձուլման և որոնց լեզուն Ղրիմի թաթարերենի բարբառներից զգալի ազդեցություն է կրել։ Կարաիմերենում, ի տարբերություն Ղրիմի թաթարերենի, նշանավոր տեղ են գրավում եբրայերենից և լադինոյից փոխառված բազմաթիվ բառեր։ Այսօր կարաիմերեն խոսում են կարաիմները (թյուրքալեզու հրեաներ)՝ Ղրիմի որոշ մասերում և Լիտվայի երեք շրջաններում։ Միջավայրի ազդեցությամբ (մշակութային և լեզվական ձուլում) ներկայումս կարաիմերենը անհետացող լեզուների շարքում է գտնվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 294)։