Կավաքավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կավաքավանք
վանք
ՏեղադրությունՀադրութի շրջան, Իշխանագետի հովիտ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿրոնադավանանքՔրիստոնեություն

Կավաքավանք, վանք, որը գտնվում է արցախյան դաշտի նախալեռնային նեղ, ալիքավոր տափաստանի կենտրոնում` բարձրադիր կոնաձև բլրի գագաթին։ Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ 12,8 X 9,8 մետր հատակագծային չափերով։ Այն կառուցվել, ավելի ճիշտ, վերակառուցվել է 1742 թվականին՝ Դիզակի քարագործ վարպետ Գրիգորի ձեռքով լայնանիստ բլրի ստորոտի հայկական Գյումուշ, Չիման և Հողեր գյուղերի հավատացյալների օժանդակությամբ։

Վանքի համալիրը դրանից շատ առաջ կողոպտվել, հիմնահատակ է արվել օտարների կողմից։ Այստեղ եղել է վանական առաջնակարգ կենտրոն։ Այդ են վկայում մշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ բեկորներ։ Նախկին վանքային համալիրից միայն այս եկեղեցին է, որ ամբողջական տեսքով պահպանվում է։ Մյուս շենքերի քանդված, ավերված պատերը հիմնականում թափվել են բլրի ստորոտը։ Սակայն մոտակայքում՝ մասնավորապես եկեղեցու շրջապատում, նկատելի են հիմնապատերի հատվածներ, ձևավոր մասեր, զարդաքանդակներով հարուստ վիմաքարերի, խաչքարերի, գերեզմանաքարերի բեկորներ։

Դժվարամատչելի վանքը կավե խողովակներով ջուր է ստացել հարավարևմտյան կողմի Վնեսա լեռան ստորոտի աղբյուրներից։ Մինչև օրս պահպանվել է ջրատարը, որի երկարությունը հասնում է շուրջ 6 կմ-ի։

Շքամուտքը պսակված է հայկական միջնադարյան ոճի զարդաքանդակներով։ Մուտքը երիզող շրջանակը պատկերված է ստալակտիդային մոտիվներով։ Այստեղի գերեզմանաքարի վրա փորագրված է մի արձանագրություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շ․Մ․ Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետակակ հուշարձանները, 1985